Հոդված 175
Հոդված 175
Պահակակետերում ժամապահներ կարգելու կամ դրանց հերթափոխելու ժամանակ պահակադիրը պարտավոր է`
- խստիվ պահպանել պահակակետերի տեղաբաշխման ուրվագծում նշված երթուղին.
- հետևել, որ ժամապահը և պահակակետն ընդունող պահակայինը ճիշտ կատարեն հանձնումը և ընդունումը, ժամապահի և պահակակետն ընդունող պահակայինի հետ անձամբ ստուգել լուսավորության, ցանկապատերի, դռների (դարպասների) սարքինությունը, պահեստարանների (պահեստների) վանդակացանցերի և պատերի վիճակը, կողպեքների, լարերի, կնիքների (կապարակնիքների) առկայությունը և դրանց համապատասխանությունը ծեփապատճեններին (դրոշմվածքներին) կամ պահպանության տակ գտնվող մարտական մեքենաների (այլ զենքերի ու ռազմական տեխնիկայի) քանակը, ինչպես նաև պահպանության տեխնիկական միջոցների, կապի, հրդեհաշիջման միջոցների և պահակային համազգեստի առկայությունն ու վիճակը.
- պահակակետը ստանձնող ժամապահին բացատրել, թե ինչի վրա պետք է հատուկ ուշադրություն դարձնի, որտեղ են գտնվում հարևան պահակակետերը, պահպանվող օբյեկտի առավել վտանգավոր մատույցները, տեղում ցույց տալ պահակակետի սահմանները և արգելված սահմանը, որոնք տեղանքի վրա նշված են պահակակետերի ցուցակով հաստատված այն հեռավորությամբ հանդերձ, որտեղից ավելի մոտ ժամապահն իրավունք չունի կողմնակի մարդկանց թողնել, ստուգել, թե ժամապահը գիտի արդյոք ինչ պետք է իր, պահպանվող օբյեկտի կամ հարևան պահակակետերի վրա հարձակվելու, ինչպես նաև հրդեհի դեպքում.
- ստուգել, թե ժամապահը գիտի արդյոք զեկույցի և պահակատան հետ կապ պահպանելու կարգը:
(175-րդ հոդվածը փոփ., խմբ. 14.04.11 ՀՕ-125-Ն)