Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԿԱՅԱԶՈՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 38

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 38

Կայազորի զինվորական պարետը պարտավոր է`

- կազմակերպել համակայազորային օբյեկտները պահպանելու և պաշտպանելու համար պահակային ծառայության կատարումը` պահակախմբերի կարգացուցակին համապատասխան, ինչպես նաև պարեկությունը կայազորում.

- հսկողություն սահմանել զինվորական կարգապահության, զինվորական համազգեստ կրելու, ողջույնի կանոնները պահպանելու նկատմամբ, պարբերաբար ուսումնասիրել զինվորական կարգապահության, պարեկային ծառայության ու պարեկության վիճակը կայազորում և ամեն ամիս կայազորի պետին զեկուցել իր եզրակացությունների մասին, առաջարկություններ ներկայացնել դրանք բարելավելու, խախտումներ առաջացնող պատճառները վերացնելու համար.

- կայազորի պետի ցուցումով կազմել կայազորի պահակախմբերի կարգացուցակ, կայազորային վերակարգի տեղեկագիր, պահակակետերի ցուցակներ (1, 2, 3 հավելվածներ), պահակակետերի տեղաբաշխման ուրվագծեր, պահակախմբերի պետերին, պահպանման տեխնիկական միջոցների գծով նրանց օգնականներին, պահակախմբերի հերթապահին և նրա օգնականին, պարեկներին տրվող հրահանգներ.

- կայազորի պետին զեկուցել իր առաջարկությունները օբյեկտները պահպանման տեխնիկական միջոցներով սարքավորելու, կայազորի վերակարգի թվաքանակը կրճատելու և ծառայության կատարման կարգը բարելավելու վերաբերյալ.

- կազմել կայազորի պաշտոնատար անձանց կողմից պահակախմբերի ստուգման գրաֆիկ և հսկել դրա կատարումը.

- ոչ պակաս, քան ամիսը 2 անգամ անձամբ ստուգել կայազորի վերակարգում նշանակված ստորաբաժանումների և անձանց նախապատրաստվելը, փոխարինումը և կայազորային պահակախմբերի կողմից ծառայություն կատարելը, կայազորի հերթապահ ստորաբաժանման պատրաստականությունը, ինչպես նաև պահակակետերի և պահակատների վիճակը.

- ոչ պակաս, քան ամիսը 1 անգամ ստուգել պահակախմբերի զինամթերքի պաշարը` նշում անելով հաշվառման գրքում.

- կայազորի պետի ցուցումով մասնակցել զորահավաք, արտակարգ դրություն, տագնապ հայտարարելու դեպքերի և զորքերը մարտական պատրաստականության բերելու համար միջոցառումների ծրագիր մշակելուն, ինչպես նաև կայազորի հակահրդեհային պաշտպանության, տարերային աղետների դեպքում հրահանգներ մշակելուն.

- մասնակցել տեղական պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համագործակցության ծրագիր մշակելուն, հսկողություն սահմանել տեղական պաշտպանության ուժերի և միջոցների պատրաստության նկատմամբ.

- կայազորի կապի պետի հետ միասին որոշել պահակախմբերի, պարեկների հետ կապ պահպանելու միջոցները.

- ուսումնասիրել զորամասերի նվագախմբերի վերակարգի տեղեկագիրը և ներկայացնել կայազորի պետի հաստատմանը.

- հրահանգավորել պահակախմբերի հերթապահներին, նրանց օգնականներին և պարեկներին նախքան վերակարգի անցնելը, պահակախմբերի հերթապահներին հանձնել նշանաբանով գրությունները.

- զինծառայողների շրջանում կարգապահության, կարգուկանոնի հարցերով կապ պահպանել իրավապահ մարմինների հետ.

- ամեն օր զննել պահակակետերի տեղեկագրերը, անհապաղ վերացնել բացահայտված թերությունները.

- զինվորական ողջույնը կատարելու և սահմանված համազգեստ կրելու կանոնները խախտած զինծառայողների հետ անցկացնել շարային պատրաստության և զինվորական կանոնադրությունների ուսումնասիրման պարապմունքներ.

- կայազորի պետի ցուցումով զորամասերի միջև բաշխել զորքերի ջրամատակարարման բաց ջրամբարները և առանձնացնել լողալու տեղերը, հսկողություն սահմանել լողալու տեղերը սարքավորելու, ինչպես նաև փրկարար լողորդների հերթապահ խմբերի և հերթապահ բուժակների (սանիտարական հրահանգիչների) ծառայությունը կազմակերպելու և անցկացնելու նկատմամբ.

- հաշվառման ենթարկել կայազորի բոլոր զորամասերը, առանձին ստորաբաժանումները (անձնախմբերը), ինչպես նաև կայազոր գործուղված կամ արձակուրդ եկած զինծառայողներին (13 հավելված) և վերահսկել նրանց ժամանակին վերադարձն իրենց ծառայության վայր.

- տեղավորել կայազորի տարածքում ժամանակավորապես գտնվող ստորաբաժանումները (անձնախմբերը) և առանձին զինծառայողներին, նրանց և զինվորական բեռներով տրանսպորտն ուղեկցող պահակախմբերը, ըստ հավաստագրի, ապահովել բավարարման բոլոր տեսակներով.

- միջոցներ ձեռնարկել կայազորի տարածքում արձակուրդի կամ գործուղման մեջ գտնվող հիվանդ զինծառայողներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար.

- ստուգել ուսումնամարզական կենտրոններ մեկնած կամ կայազորի կազմից դուրս եկած զորամասերի զինվորական ավանների պահպանությունը.

- ճանապարհային ոստիկանության հետ համատեղ կարգավորել զինվորական ավտոշարասյուների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև անվավոր և թրթուրավոր առանձին մեքենաների երթևեկությունը.

- հսկողություն սահմանել զորահանդեսներին կայազորի զորքերը նախապատրաստելու նկատմամբ, զորահանդեսների նախապատրաստման ու անցկացման և զորքերի մասնակցությամբ կայազորային այլ միջոցառումների ժամանակ կարգուկանոն ապահովել պետական իշխանության տեղական մարմինների հետ համաձայնեցնելով.

- կայազորի պետի ցուցումով զորամասերից նշանակել ու պատրաստել պատվո պահակներ, կազմակերպել մահացած զինծառայողների և այլ անձանց թաղումը` պատվավոր թիկնապահ խմբի մասնակցությամբ.

- հաշվառման ենթարկել կայազորի սահմաններում գտնվող զինվորական գերեզմանոցները, եղբայրական գերեզմանները և զինվորական հուշարձանները, հետևել դրանց պահպանությանը:

(38-րդ հոդվածը փոփ., խմբ. 14.04.11 ՀՕ-125-Ն, փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։