Հոդված 92
Հոդված 92
Պահակային ծառայության կատարման համար նշանակվում են պահակախմբեր:
Պահակախումբ է կոչվում զինված ստորաբաժանումը, որը նշանակված է մարտական դրոշի, ռազմական և պետական օբյեկտները պահպանելու և պաշտպանության մարտական առաջադրանք կատարելու, ինչպես նաև կարգապահական գումարտակում գտնվող անձանց հսկելու համար: Այն զորամասերում, որոնցում մարտական դրոշի տեղադրման ապակեպատ տարածքն ապահովված է հակահրդեհային և ձայնաազդանշանային համակարգերով, մարտական դրոշի պահպանությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Պահակախմբերը լինում են կայազորային և ներքին, դրանք կարող են լինել մշտական կամ ժամանակավոր:
Կայազորային պահակախումբը նշանակվում է ստորաբաժանում չունեցող կենտրոնական ենթակայության օբյեկտները, համակայազորային նշանակության օբյեկտները, միավորումները կամ միմյանց անմիջականորեն մոտ գտնվող մի քանի զորամասերի օբյեկտները պահպանելու և պաշտպանելու համար:
Ներքին պահակախումբը նշանակվում է իր զորամասերի օբյեկտները պահպանելու և պաշտպանելու համար: Ավիացիոն զորամասի ինքնաթիռները (ուղղաթիռները) և մյուս օբյեկտներն օդանավակայանում պահպանվում և պաշտպանվում են ավիացիոն տեխնիկական զորամասերի նշանակած ներքին պահակախմբով:
Մշտական պահակախմբեր նախատեսվում են պահակախմբերի կարգացուցակով: Ժամանակավոր պահակախմբերը կարգացուցակի մեջ չեն մտցվում, նրանք նշանակվում են կայազորի պետի կամ զորամասի հրամանատարի հրամանով` բեռնելիս (բեռնաթափելիս) կամ ժամանակավոր պահեստավորելիս, տրանսպորտային տարբեր միջոցներով զինվորական բեռներ ուղեկցելիս ռազմական գույքը պահպանելու-պաշտպանելու համար:
(92-րդ հոդվածը փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն, լրաց. 01.03.17 ՀՕ-51-Ն)