Հոդված 55. Միջազգային կազմակերպության հիմնադրման (ստեղծման) մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը, այդ կազմակերպության մարմինների որոշումները կատարելը
Հոդված 55. Միջազգային կազմակերպության հիմնադրման (ստեղծման) մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը, այդ կազմակերպության մարմինների որոշումները կատարելը
1. Միջազգային կազմակերպության հիմնադրման (ստեղծման) մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կատարվում է սույն գլխի նորմերով սահմանված ընդհանուր կարգով։
2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի համաձայն ստեղծված միջազգային կազմակերպության ղեկավար և մյուս մարմինների (այսուհետ` մարմին) որոշումները, բանաձևերը, արձանագրությունները (այսուհետ` որոշում) Հայաստանի Հանրապետության կողմից կատարվում են տվյալ միջազգային կազմակերպության հիմնադրման և նրա գործունեությունը կանոնակարգող այլ միջազգային պայմանագրերին (այսուհետ` հիմնադիր փաստաթղթեր) համապատասխան։
Միջազգային կազմակերպության մարմնի որոշումը միջազգային պայմանագիր չի համարվում և Հայաստանի Հանրապետության կողմից կատարվում է այնքանով, որքանով տվյալ միջազգային կազմակերպության հիմնադիր փաստաթղթերով դա օժտված է համապատասխան իրավաբանական ուժով։
3. Եթե միջազգային կազմակերպության հիմնադիր փաստաթղթերով սահմանված է, որ դրա մարմնի ընդունած որոշումները պարտադիր են կազմակերպության մասնակից պետությունների համար, կամ վերջիններս պարտավորություն են ստանձնել կատարելու այդ որոշումները, ապա պատասխանատու գերատեսչությունը ապահովում է դրանց կատարումը, անհրաժեշտության դեպքում`
1) ընդունելով համապատասխան նորմատիվ գերատեսչական կամ այլ իրավական ակտ.
2) մշակելով Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի (կարգադրության), կառավարության կամ վարչապետի որոշման նախագիծ և սահմանված կարգով ներկայացնելով կառավարության քննարկմանը։
Եթե միջազգային կազմակերպության մարմնի` նորմատիվ իրավական ակտի ընդունում պարունակող որոշման հիման վրա կատարված ուսումնասիրությունից հետևում է, որ համապատասխան հարցերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարգավորված են, ապա պատասխանատու գերատեսչությունը պատճառաբանված տեղեկանք է ներկայացնում կառավարություն` նորմատիվ իրավական ակտի ընդունման անհրաժեշտության բացակայության մասին:
4. Եթե միջազգային կազմակերպության որոշումը Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության հետ համադրումից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ընդունի նոր օրենք կամ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարի գործող օրենքում, ապա իրավասու գերատեսչությունը պարտավոր է սահմանված կարգով ձեռնամուխ լինել համապատասխան օրենքի նախագծի մշակմանը և կառավարության քննարկմանը ներկայացնելու ընթացակարգերի իրականացմանը։
Համապատասխան ընթացակարգերը պետք է իրականացվեն միջազգային կազմակերպության մարմնի որոշմամբ սահմանված ժամկետում, իսկ ժամկետ սահմանված չլինելու դեպքում` սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով վարչապետի կամ կառավարության որոշմամբ հաստատված ժամանակացույցով նախատեսված ժամկետում։
Մինչև Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքում անհրաժեշտ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելը չեն կիրառվում միջազգային կազմակերպության մարմնի որոշման այն դրույթները, որոնք հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքին։
5. Եթե միջազգային կազմակերպության մարմնի որոշումը` ըստ հիմնադիր փաստաթղթերի, խորհրդատվական (երաշխավորական) բնույթի է, ապա պատասխանատու գերատեսչությունը որոշում է դրա կատարման նպատակահարմարությունը Հայաստանի Հանրապետության կողմից։
Եթե պատասխանատու գերատեսչությունը գտնում է, որ նման որոշումը նպատակահարմար է կատարի Հայաստանի Հանրապետությունը, ապա իրականացնում է սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված համապատասխան ընթացակարգերը` ըստ անհրաժեշտության, նախապես ստանալով այդ հարցով արտաքին գործերի նախարարության կարծիքը։
6. Միջազգային կազմակերպության մարմնի գործունեության կազմակերպման և վարման հետ կապված հարցերով (նստաշրջանների կամ նիստերի կազմակերպում, անցկացում և որոշումների ընդունում) այդ մարմնի ընդունած որոշումները Հայաստանի Հանրապետության կողմից կատարվում են, եթե դրանք առնչվում են համապատասխան մարմնին որևէ նորմատիվ կամ այլ իրավական ակտ, փաստաթուղթ, տեղեկատվություն տրամադրելուն, որի հիման վրա էլ տվյալ մարմինն իր կողմից քննարկվող հարցի վերաբերյալ ըստ էության որոշում է կայացնելու։