Հոդված 6. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի սուբյեկտները
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի սուբյեկտները
1. Հայկական կողմից միջազգային պայմանագրի սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է, անկախ նրանից, թե միջազգային պայմանագիրը ում անունից է կնքվել։
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի մյուս կողմից հանդես եկող սուբյեկտներ կարող են լինել միջազգային իրավունքի սուբյեկտները` օտարերկրյա պետությունները, միջազգային կազմակերպությունները, միջազգային իրավունքի այլ սուբյեկտները, ինչպես նաև սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կազմակերպությունները և միավորումները։
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի սուբյեկտ կարող է լինել նաև դաշնային (կամ միջազգային իրավունքով ընդունված համանման կառուցվածք ունեցող) օտարերկրյա պետությունների դաշնության սուբյեկտը կամ ինքնավարության կամ այլ կարգավիճակ ունեցող պետական կազմավորումը, եթե այդ սուբյեկտը, կազմավորումը, դաշնային պետության սահմանադրական դրույթների համաձայն, միջազգային պայմանագիր կնքելու իրավունք ունի։
Սույն մասի երկրորդ և երրորդ պարբերություններով նախատեսված սուբյեկտներն այսուհետ անվանվում են միջազգային պայմանագրի օտարերկրյա սուբյեկտներ։
2. Սույն օրենքի համաձայն` միջազգային կազմակերպություն է համարվում երկու և ավելի պետությունների կամ դրանց կառավարությունների կամ այդ պետությունների գործադիր իշխանության հանրապետական (կենտրոնական) մարմինների` միջազգային պայմանագրի ուժով ստեղծած համապատասխանորեն միջպետական, միջկառավարական կամ միջգերատեսչական (միջբանկային) կազմակերպությունը, որի համար հիմնադիրները սահմանում են որոշակի խնդիրներ և դրանց լուծման համար նրան օժտում են լիազորություններով, նրա վրա դնում են պարտականություններ, և եթե միջազգային պայմանագիրը, որի հիման վրա այդ կազմակերպությունն ստեղծվում է, հենց այդպիսի հատուկ նպատակ է հետապնդում, և կազմակերպությանը իրավունք է վերապահվում կնքելու միջազգային պայմանագրեր։
3. Սույն օրենքով միջազգային կազմակերպություն չեն համարվում որևէ միջազգային պայմանագրով դրա սուբյեկտների ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման նպատակով այդ նույն պայմանագրով ստեղծված խորհրդաժողովը, հանձնաժողովը, կոմիտեն, խորհուրդը, բյուրոն կամ որևէ այլ մարմին, որի վրա դրվում են այդ պայմանագրի կատարման ապահովմանն ուղղված գործառույթներ, այդ թվում` պայմանագրի կատարման հարցերով մասնակից պետություններ այցելություններ կատարելը, այդ պետություններից զեկույցներ, տեղեկատվություն, հաղորդումներ ստանալը, դրանք ուսումնասիրելը, քննարկելը, հրապարակելը, հրատարակելը, եթե նշված մարմնի հիմնադրման կամ ստեղծման մասին միջազգային պայմանագրից այլ բան չի բխում։
4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի սուբյեկտ կարող է լինել նաև միջազգային կամ օտարերկրյա պետության ոչ կառավարական կազմակերպությունը կամ միավորումը, որը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է կամ մտադիր է իրականացնել բարեգործական, մարդասիրական, զարգացման կամ տեխնիկական, տնտեսական կամ ֆինանսական աջակցությանն ուղղված գործունեություն կամ Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է կամ տրամադրելու է մարդասիրական կամ ֆինանսական օգնություն։
5. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կարող է կնքվել`
1) Հայաստանի Հանրապետության անունից (այսուհետ` միջպետական պայմանագիր).
2) Հայաստանի Հանրապետության կառավարության անունից (այսուհետ` միջկառավարական պայմանագիր).
3) Հայաստանի Հանրապետության նախարարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա պետական կառավարման այլ մարմնի (այսուհետ` գերատեսչություններ) անունից, որին օրենքով միջգերատեսչական, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասով միջբանկային պայմանագիր (այսուհետ` միջգերատեսչական պայմանագիր) կնքելու իրավասություն է տրված։