Հոդված 30. Դատական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը
Հոդված 30. Դատական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը
1. Ի թիվս Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված հիմքերի` դատական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝
1) կարգապահական տույժի ենթարկվելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի ենթարկվելը.
2) դատական ծառայողի նկատմամբ որպես կարգապահական տույժ ծառայության դադարեցումը կիրառելը.
3) դատական ծառայողի գործունեության (կատարողականի) գնահատման արդյունքով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին եզրակացությունը.
4) դատական ծառայության տվյալ պաշտոնի վերացումը (կրճատումը).
5) հանրային ծառայության պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.
6) սույն օրենքի պահանջների խախտմամբ դատական ծառայության պաշտոնի նշանակվելը.
7) դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունենալը կամ դատական ծառայության պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին չհամապատասխանելը.
8) դատական կարգով անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելը.
9) դատական կարգով պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.
10) օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով ազատազրկման դատապարտվելը.
11) դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը:
2. Դատավորին կցվող դատական ծառայողների համար պաշտոնից ազատելու հիմք է նաև դատավորի տեղափոխումը, լիազորությունների դադարումը կամ դադարեցումը:
3. Դատական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան կապակցությամբ:
4. Դատական ծառայողի գործունեության (կատարողականի) գնահատման, երկարատև անաշխատունակության, դատական ծառայության պաշտոնի վերացման (կրճատման) հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվել չեն կարող հղի և մինչև երեք տարեկան երեխա խնամող, պարտադիր զինվորական ծառայություն անցնող դատական ծառայողները: