Հոդված 13. Դատական ծառայության դասային աստիճանները
Հոդված 13. Դատական ծառայության դասային աստիճանները
1. Դատական ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.
1) դատական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող դատական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության դատական ծառայության բարձրագույն խորհրդականի 1-ին և 2-րդ դասի դասային աստիճաններ.
2) դատական ծառայության գլխավոր պաշտոններ զբաղեցնող դատական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին և 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճաններ.
3) դատական ծառայության առաջատար պաշտոններ զբաղեցնող դատական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին և 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճաններ, ինչպես նաև 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.
4) դատական ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնող դատական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին և 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ, ինչպես նաև 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դատական ծառայության դասային աստիճանը շնորհում է Հանրապետության նախագահը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով նախատեսված դատական ծառայության դասային աստիճանները շնորհում, ինչպես նաև դասային աստիճանից զրկում է Դատական դեպարտամենտի ղեկավարը:
4. Դատական ծառայության պաշտոնի նշանակման հետ միաժամանակ դատական ծառայողին շնորհվում է դատական ծառայության համապատասխան դասային աստիճան, եթե նա չունի դատական կամ պետական ծառայության ավելի բարձր դասային աստիճան, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դատական ծառայության դասային աստիճանների:
5. Դատական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով սահմանված կարգով գործունեության (կատարողականի) գնահատման արդյունքով:
6. Դատական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձին դատական ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո:
7. Դատական ծառայողների դասային աստիճանները պահպանվում են աշխատանքից ազատվելիս, պետական ծառայության այլ պաշտոնի տեղափոխվելիս, այդ թվում` դատական ծառայության համակարգում:
8. Դատական ծառայության դասային աստիճանն իջեցվում է դատական կարգով՝ մեկ աստիճանով՝ տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի դիմումի հիման վրա` որպես կարգապահական տույժի տեսակ:
9. Դատական ծառայողը դատական ծառայության դասային աստիճանից զրկվում է սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատվելու դեպքում: