Հոդված 24. Դատական ծառայողի վարքագծի կանոնները
Հոդված 24. Դատական ծառայողի վարքագծի կանոնները
1. Դատական ծառայողի վարքագծի կանոնները բարոյականության համընդհանուր սկզբունքների վրա հիմնված, դատական ծառայողների վարվելակերպի, վարքագծի և փոխհարաբերությունների առանձնահատկությունները կարգավորող նորմեր են։
2. Դատական ծառայողի վարքագծի կանոնները պարտադիր են բոլոր դատական ծառայողների համար։ Դատական ծառայողի վարքագծի կանոնները պարտադիր են նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաև կադրերի ռեզերվում ընդգրկված անձանց համար այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են նրանց նկատմամբ։
3. Դատական ծառայողը պետք է ձգտի իր գործունեությամբ և վարքագծով բարձր պահել պետական` դատական իշխանության, պետական` դատական ծառայության համբավը, ապահովել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը, ինչպես նաև նպաստել դատարանի և դատական ծառայության նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը։ Վարքագծի կանոնների մեկնաբանությունն ու կիրառումը պետք է նպաստեն նշված նպատակի իրականացմանը։
4. Դատական ծառայողը պետք է զերծ մնա այնպիսի արարքներից, որոնք կարող են հեղինակազրկել Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունը և պետական մարմիններին կամ վտանգել պետական իշխանության իրականացումը:
5. Դատական ծառայողը ծառայողական և արտածառայողական հարաբերություններում պետք է զերծ մնա այնպիսի վարքագծի դրսևորումից, որը կվտանգի դատական իշխանությունը, կստեղծի հնարավորություն դատավորի վարքագծի կանոնների խախտման կամ կառաջացնի նման տպավորություն։
6. Դատական ծառայողը ծառայողական և արտածառայողական հարաբերություններում պարտավոր է ղեկավարվել մարդասիրության, արդարության և ազնվության սկզբունքների վրա հիմնված բարոյական նորմերով, հարգել մարդու արժանապատվությունը, անհարկի չընդգծել իր պաշտոնեական դիրքը, բացառել ցանկացած տիպի ոչ պատշաճ վարքագծի դրսևորումներ կոլեկտիվի անդամների, դատարան մուտք գործած անձանց հետ և այլ շփումներում:
7. Դատական ծառայողը դատավորի հետ շփվելիս կամ դատական իշխանության մասին խոսելիս իր վարքագծով, դիմելաձևով պետք է արտացոլի հարգանք դատական իշխանության կրողների նկատմամբ։
8. Դատական ծառայողն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է գործել այնպես, որ առանց իր լիազորությունների կատարմանը վնասելու առավել սեղմ ժամկետում, առավել բարենպաստ արդյունքի հասնի, ապահովի իր տնօրինմանը հանձնված միջոցների առավել արդյունավետ օգտագործումը։
9. Ծառայողական պարտականություններն իրականացնելիս դատական ծառայողը պետք է գրավի ակտիվ դիրք, բարձր գնահատի ծառայողական շահը, առաջարկություններ ներկայացնի մասնագիտական ծառայողական գործունեության կատարելագործման ուղղությամբ։
10. Դատական ծառայողն իր քաղաքական զսպվածության պարտականությունն իրականացնելիս պետք է իր ամենօրյա գործառույթներում և շփումներում լինի քաղաքականապես չեզոք, զերծ մնա այնպիսի գործողություններից և շփումներից, որոնք կարող են ստեղծել քաղաքական կողմնապահության տպավորություն։
11. Դատական ծառայողն ինչպես ի պաշտոնե գործելիս, այնպես էլ դրանից դուրս պարտավոր է համապատասխան իրավասություն չունեցող անձին չհրապարակել աշխատանքի ընթացքում ձեռք բերած՝ մարդու անձնական և ընտանեկան, պետական, ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնի, ինչպես նաև ոչ գաղտնի տեղեկատվությունը, որը կարող է վնաս հասցնել մարդկանց կյանքին և առողջությանը, հեղինակությանը և գործարար համբավին` անկախ այդ տեղեկատվության պաշտոնական կամ ոչ պաշտոնական աղբյուրից ստացված լինելու հանգամանքից։ Սույն կանոնը չի վերաբերում օրենքով սահմանված կարգով հայցվող տեղեկատվությանը և դրա տրամադրման կարգին։
12. Դատական ծառայողը դատավարության մասնակիցների և այլ անձանց հետ շփումներում որոշակի կամ հնարավոր դատական վեճերով (գործերով) չպետք է նրանց ուղղորդի անձնավորված փաստաբաններ և ներկայացուցիչներ ունենալուն, չպետք է ընդունի որևէ նվեր կամ այլ շահավետ առաջարկ։
13. Դատական ծառայողը պարտավոր է պարբերաբար զբաղվել իր մասնագիտական գիտելիքների կատարելագործմամբ, իրազեկ լինել օրենսդրական փոփոխություններին, իրավական մեկնաբանություններին, առանց իր լիազորությունների կատարմանը վնասելու` մասնագիտական աջակցություն ցուցաբերել գործընկերներին։
14. Դատական ծառայողը պարտավոր է չօգտագործել իր պաշտոնեական դիրքը կամ դատական իշխանության հեղինակությունն իր կամ այլ անձանց համար արտոնություններ, բացառություններ և նպաստավոր այլ պայմաններ ստեղծելու համար։
15. Դատավորի վարքագծի կանոնները պարտադիր են դատական ծառայողների համար այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են նրանց նկատմամբ: