Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ՎԵՃԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 24

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24

Ներդրումային վեճերի կարգավորումը Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև

1. Հայցվորի և պատասխանողի միջև ներդրումային վեճերի առկայության դեպքում նրանք նախ պետք է փորձեն վեճը լուծել խորհրդակցության և բանակցության միջոցով, ինչը կարող է ներառել ոչ պարտադիր բնույթ ունեցող, երրորդ կողմի մասնակցությամբ ընթացակարգեր:

2. Այն դեպքում, երբ վեճի կողմը համարում է, որ ներդրումային վեճը չի կարող լուծվել խորհրդակցության և բանակցության միջոցով՝

a) հայցվորն իր անունից կարող է արբիտրաժին ներկայացնել սույն հոդվածով նախատեսված հայց առ այն, որ՝

i) պատասխանողը խախտել է՝

A) I գլխով նախատեսված որևէ պարտավորություն, կամ

B) ներդրումային համաձայնագիրը, որի կողմ է հայցվորը, և

ii) հայցվորը կրել է այդ խախտման պատճառով կամ դրանից առաջացող կորուստ կամ վնաս, և

b) հայցվորն իր սեփականություն հանդիսացող կամ իր կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկվող իրավաբանական անձ հանդիսացող պատասխանողի ձեռնարկության անունից կարող է սույն հոդվածով արբիտրաժային քննության ներկայացնել հայց առ այն, որ՝

i) պատասխանողը խախտել է՝

A) I գլխով նախատեսված պարտավորություն կամ

B) ներդրումային համաձայնագիրը, որի կողմ է ձեռնարկությունը, և

ii) ձեռնարկությունը կրել է այդ խախտման պատճառով կամ դրանից առաջացող կորուստ կամ վնաս:

3. Ցանկացած հայց սույն հոդվածով նախատեսված արբիտրաժային քննության ներկայացնելուց առնվազն իննսուն օր առաջ հայցվորը պատասխանողին փոխանցում է հայցը արբիտրաժային քննության ներկայացնելու իր մտադրության մասին գրավոր ծանուցում (այսուհետև՝ մտադրության մասին ծանուցում)։ Մտադրության մասին ծանուցման մեջ նշվում են՝

a) հայցվորի անունն ու հասցեն, իսկ 2-րդ կետի (b) ենթակետի դեպքում՝ ձեռնարկության անունը, հասցեն և հիմնադրման վայրը.

b) յուրաքանչյուր հայցի համար՝ I գլխի կամ ներդրումային համաձայնագրի ենթադրյալ խախտված դրույթը և ցանկացած այլ վերաբերելի դրույթ.

c) յուրաքանչյուր հայցի համար իրավական և փաստական հիմքը և

d) հայցի ապահովման ցանկալի միջոցը և պատճառված վնասների գումարի մոտավոր չափը:

4. Եթե հայց ներկայացնելու համար հիմք հանդիսացած դեպքերից անցել է վեց ամիս, հայցվորը կարող է արբիտրաժային քննության ներկայացնել 2-րդ կետում նշված հայցը՝

a) ՆՎԿՄԿ կոնվենցիայի համաձայն` պայմանով, որ երկու Պայմանավորվող կողմերն էլ ՆՎԿՄԿ կոնվենցիայի կողմեր են.

b) ՆՎԿՄԿ լրացուցիչ միջոցի վերաբերյալ կանոնների համաձայն` պայմանով, որ Պայմանավորվող կողմերից որևէ մեկը, սակայն ոչ երկուսը, ՆՎԿՄԿ կոնվենցիայի կողմ է.

c) ՄԱԿՄԱԻՀ արբիտրաժային կանոնների համաձայն, կամ

d) վեճի կողմերի համաձայնության դեպքում՝ ցանկացած այլ արբիտրաժային հաստատության կամ արբիտրաժային կանոնների համաձայն:

5. Հայցը համարվում է սույն հոդվածի համաձայն արբիտրաժային քննության ներկայացված, եթե արբիտրաժի մասին հայցվորի ծանուցումը կամ պահանջը (այսուհետև՝ սույն հոդվածում՝ արբիտրաժի մասին ծանուցում)՝

a) որը նախատեսված է ՆՎԿՄԿ կոնվենցիայի 36-րդ հոդվածի 1-ին կետով, ստացվել է ՆՎԿՄԿ գլխավոր քարտուղարի կողմից.

b) որը նախատեսված է ՆՎԿՄԿ լրացուցիչ միջոցի վերաբերյալ կանոնների «C» առդիրի 2-րդ հոդվածով, ստացվել է ՆՎԿՄԿ գլխավոր քարտուղարի կողմից.

c) որը նախատեսված է ՄԱԿՄԱԻՀ արբիտրաժային կանոնների 3-րդ հոդվածով, ՄԱԿՄԱԻՀ արբիտրաժային կանոնների 20-րդ հոդվածով նախատեսված հայցադիմումի հետ միասին ստացվել է պատասխանողի կողմից.

d) որը ներկայացվել է 4-րդ կետի (d) ենթակետի համաձայն ընտրված ցանկացած այլ արբիտրաժային հաստատության կամ արբիտրաժային կանոնների համաձայն, ստացվել է պատասխանողի կողմից, եթե այդ հաստատության կողմից կամ այդ կանոններով այլ բան սահմանված չէ:

6. Սույնով յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համաձայնում է հայցը սույն հոդվածով նախատեսված արբիտրաժային քննության ներկայացնել սույն Համաձայնագրին համապատասխան: 2(a)(i)(B) ենթակետին կամ 2(b)(i)(B) ենթակետին համաձայն ներկայացված հայցի դեպքում, եթե ներդրումային համաձայնագիրը նախատեսում է դրույթ, որը ենթադրում է ֆորում ներդրումային վեճի կարգավորման համար, նման դրույթը չի կարող մեկնաբանվել որպես հրաժարում կամ նման համաձայնության բացառում ներդրումային համաձայնագրի խախտում ենթադրող հայցի նկատմամբ։

7. Չհակասելով 6-րդ կետին՝ հայց չի կարող ներկայացվել սույն հոդվածով նախատեսված արբիտրաժային քննության, եթե անցել է ավելի քան երեք տարի այն ամսաթվից, երբ հայցվորն առաջին անգամ ձեռք է բերել կամ պետք է ձեռք բերեր տեղեկություն 2-րդ կետով նախատեսված ենթադրյալ խախտման մասին, և երբ տեղեկացվել է, որ հայցվորը՝ 2(a) ենթակետի դեպքում, կամ 2(b) ենթակետով նախատեսված ձեռնարկությունը՝ այդ ենթակետով նախատեսված դեպքում, կրել է կորուստ կամ վնաս:

8. Հայցը սույն հոդվածի համաձայն արբիտրաժային քննության չի կարող ներկայացվել, եթե՝

a) 2(a) ենթակետի դեպքում՝

i) հայցվորը տալիս է գրավոր համաձայնություն արբիտրաժային քննությանը՝ սույն հոդվածում սահմանված ընթացակարգերին համապատասխան, և

ii) հայցվորը գրավոր հրաժարվում է Պայմանավորվող կողմերից ցանկացածի օրենքի կամ վեճերի կարգավորման այլ ընթացակարգերի համաձայն ցանկացած դատարանի առաջ ենթադրաբար 2(a)(i) ենթակետով նախատեսված խախտում կազմող ցանկացած միջոցի մասով վարույթ հարուցելու կամ շարունակելու իրավունքից, և

b) 2(b) ենթակետի դեպքում՝

i) և՛ հայցվորը, և՛ այդ ենթակետում նշված ձեռնարկությունը գրավոր համաձայնում են արբիտրաժային քննության վերաբերյալ՝ սույն հոդվածում սահմանված ընթացակարգերի համաձայն, և

ii) և՛ հայցվորը, և՛ այդ ենթակետում նշված ձեռնարկությունը գրավոր հրաժարվում են Պայմանավորվող կողմերից ցանկացածի օրենքի կամ վեճերի կարգավորման այլ ընթացակարգերի համաձայն ցանկացած դատարանի առաջ ենթադրաբար 2(b)(i) ենթակետով նախատեսված խախտում կազմող ցանկացած միջոցի մասով վարույթ հարուցելու կամ շարունակելու իրավունքից:

9. 8(a)(ii) կամ 8(b)(ii) ենթակետերի համաձայն ներկայացված հրաժարումը դադարում է կիրառվել, եթե արբիտրաժային տրիբունալը մերժում է հայցը՝ 3-րդ, 4-րդ, 7-րդ կամ 8-րդ կետերի պահանջները չկատարելու հիման վրա կամ ցանկացած այլ ընթացակարգային կամ իրավազորության հիմքով:

10. Չհակասելով 8(a)(ii) և 8(b)(ii) ենթակետերին՝ հայցվորը կամ 2(b) ենթակետում նշված ձեռնարկությունը կարող է, պատասխանողի օրենքի համաձայն, դատարանի առաջ ձեռնարկել կամ շարունակել նյութական վնասի վճարում չներառող միջանկյալ դատական պաշտպանության միջոց ստանալուն ուղղված գործողություն:

11. a) Այն դեպքում, երբ հայցը ներկայացվել է 2(a)(i)(A) կամ 2(b)(i)(A) կետի համաձայն, տրիբունալը որոշում է վեճի առարկայի վերաբերյալ՝ սույն Համաձայնագրի և միջազգային իրավունքի գործող կանոններին համապատասխան:

b) Այն դեպքում, երբ հայցը ներկայացվել է 2(a)(i)(B) կամ 2(b)(i)(B) կետի համաձայն, տրիբունալը կիրառում է՝

i) համապատասխան ներդրումային համաձայնագրում նշված օրենքի կանոնները կամ վեճի կողմերի միջև այլ համաձայնությունը, կամ

ii) եթե չեն սահմանվել օրենքի կանոնները, կամ այլ համաձայնություն ձեռք չի բերվել, ապա՝ պատասխանողի օրենքը, ներառյալ իր` հակասող օրենքների վերաբերյալ կանոնները:

12. Պատասխանողը վեճի կողմ չհանդիսացող Կողմին ուղարկում է՝

a) արբիտրաժի մասին ծանուցում՝ ոչ ուշ, քան հայցը ներկայացնելու օրվանից երեսուն օր հետո, և

b) արբիտրաժին ներկայացված բոլոր միջնորդությունների պատճենները:

13. Վեճի կողմ չհանդիսացող կողմը վեճի կողմերին ուղղված գրավոր ծանուցմամբ կարող է արբիտրաժային տրիբունալին ներկայացնել դիմումներ սույն Համաձայնագրի մեկնաբանվող հարցի վերաբերյալ:

14. Սույն հոդվածով նախատեսված արբիտրաժում պատասխանողը չի կարող պաշտպանության, հակընդդեմ հայցի, հաշվանցման իրավունքի շրջանակներում կամ որևէ այլ ձևով պնդել, որ հայցվորը, ապահովագրական կամ երաշխիքի պայմանագրի համաձայն, ստացել է կամ պետք է ստանա իր՝ ենթադրաբար կրած վնասների ամբողջական կամ մասնակի հատուցում կամ այլ փոխհատուցում:

15. Արբիտրաժային տրիբունալը կարող է որոշում կայացնել միայն՝

a) այն մասին, թե արդյոք պատասխանողի կողմից եղել է I գլխով կամ 2(a)(i)(B) կամ 2(b)(i)(B) ենթակետում նշված ներդրումային համաձայնագրով նախատեսված որևէ պարտավորության խախտում՝ կապված հայցվորի և իր ներդրումների հետ, և

b) հետևյալ միջոցներից մեկի կամ երկուսի մասին, միայն եթե տեղի է ունեցել նման խախտում՝

i) նյութական վնասի փոխհատուցում և կիրառվող տոկոս, և

ii) գույքի վերադարձ, որի դեպքում որոշմամբ պետք է նախատեսվի, որ գույքը վերադարձնելու փոխարեն պատասխանողը կարող է վճարել նյութական վնասի փոխհատուցում և ցանկացած կիրառվող տոկոս:

Արբիտրաժային տրիբունալը կարող է նաև որոշում կայացնել ծախսերի և փաստաբանի վճարների մասով՝ կիրառվող արբիտրաժային կանոններին համապատասխան:

16. 15-րդ կետի համաձայն՝ 2(b) ենթակետի դեպքում՝

a) նյութական վնասի փոխհատուցումը և ցանկացած կիրառվող տոկոսը տրամադրելու մասին որոշումը պետք է ապահովի, որ այդ գումարը վճարվի այդ ենթակետում նշված ձեռնարկությանը.

b) գույքը վերադարձնելու մասին որոշումը պետք է ապահովի վերադարձ այդ ենթակետում նշված ձեռնարկությանը, և

c) որոշումը պետք է ապահովի, որ դա կկատարվի առանց որևէ ֆիզիկական անձի կամ ձեռնարկության՝ գործող օրենքով նախատեսված որևէ իրավունք սահմանափակելու:

17. Պատասխանողը կարող է ժամանակին հասանելի դարձնել հասարակությանը բոլոր այն փաստաթղթերը, ներառյալ 4-րդ կետի համաձայն ստեղծված արբիտրաժային տրիբունալին ներկայացված կամ վերջինիս կողմից կայացված որոշումը, որոնք ենթակա են խմբագրման՝

a) գաղտնի բիզնես տեղեկատվության մասով.

b) գաղտնի տեղեկատվության կամ Պայմանավորվող կողմերից մեկի օրենքների և կանոնակարգերի համաձայն՝ բացահայտվելուց այլ կերպպաշտպանված տեղեկատվության մասով, և

c) այն տեղեկատվության մասով, որը, համաձայն համապատասխան արբիտրաժային կանոնների, չպետք է հրապարակվի:

18. Եթե վեճի կողմերի միջև այլ համաձայնություն ձեռք չի բերվել, արբիտրաժի վայրը պետք է լինի Նյու Յորքի կոնվենցիայի կողմ հանդիսացող երկիրը:

19. Արբիտրաժային տրիբունալի կողմից կայացված որոշումը վերջնական է և պարտադիր վեճի կողմ հանդիսացող Պայմանավորվող կողմերի համար: Սույն որոշումը ենթակա է կատարման այն երկրում, որտեղ ուժի մեջ մտած որոշման կատարման մասով պահանջվում է նման կատարում` գործող օրենքների և կանոնակարգերի, ինչպես նաև համապատասխան միջազգային իրավունքի՝ ներառյալ ՆՎԿՄԿ կոնվենցիայի և Նյու Յորքի կոնվենցիայի համաձայն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։