Հոդված 14. ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ
Հոդված 14. ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ
1. Սույն օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը դատավորն ընդունում է վարույթ` հայցադիմումն ստանալու հաջորդ օրը:
Որոշման հետ համաձայն չլինելու դեպքում հայցվորն իրավունք ունի այդ որոշումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դիմել դատարանի նախագահին այն վերանայելու պահանջով: Դիմումն ստանալու հաջորդ օրն այն քննարկում է դատարանի նախագահը, իսկ եթե գործը գտնվում է դատարանի նախագահի վարույթում` մեկ այլ դատավոր:
Դիմումի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում:
2. Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատավորը կայացնում է որոշում: Հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատավորը նշանակում է սնանկության ժամանակավոր կառավարիչ:
3. Դատավորը սնանկության վերաբերյալ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն անհապաղ ուղարկում է`
ա) պարտապանի պետական գրանցումն իրականացնող պետական մարմին.
բ) անշարժ և պետական գրանցման ենթակա այլ գույքի պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններ.
գ) այն հարկային և սոցիալական ապահովության մարմիններ, որտեղ պարտապանը հաշվառված է.
դ) մաքսային պետական մարմիններ.
ե) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.
զ) դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն:
4. Ժամանակավոր կառավարչի միջնորդությամբ դատավորը կարող է օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառել հայցի ապահովման միջոցներ, եթե պարտապանի և նրա հետ առնչվող գործողությունների կամ գործարքների կատարումը կարող է էապես նվազեցնել նրա ակտիվները (միջոցները) կամ ավելացնել պարտավորությունները:
5. Սնանկության հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատավորի որոշումն ստանալու պահից դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կասեցնում է պարտապանի գույքի բռնագանձման վերաբերյալ բոլոր կատարողական վարույթները: