Հոդված 21. ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ և ՀԱՅՑԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԵՏևաՆՔՆԵՐԸ
Հոդված 21. ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ և ՀԱՅՑԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԵՏևաՆՔՆԵՐԸ
1. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատավորը`
ա) սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով անհապաղ նշանակում է սնանկության գործով կառավարիչ (այսուհետ` կառավարիչ).
բ) անհապաղ նշանակում է պարտատերերի առաջին ժողովի անցկացման ժամանակը և վայրը: Պարտատերերի առաջին ժողովը նշանակվում է սնանկ ճանաչելու վերաբերյալ իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 60 օրվա և ոչ շուտ, քան 50 օրվա ընթացքում.
գ) պարտապանին սնանկ ճանաչելու մասին անհապաղ տեղեկացնում է`
- պարտապանի պետական գրանցումն իրականացնող պետական մարմնին,
- անշարժ և պետական գրանցման ենթակա այլ գույքի պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին,
- այն հարկային և սոցիալական ապահովության մարմիններին, որտեղ պարտապանը հաշվառված է,
- մաքսային պետական մարմիններին,
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` Հայաստանի Հանրապետության բոլոր բանկերին և այլ վարկային կազմակերպություններին ծանուցելու համար,
- դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը,
- Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին` Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններին ծանուցելու համար.
դ) կառավարչին պարտավորեցնում է ոչ ուշ, քան համապատասխան դատական ակտերի ուժի մեջ մտնելու պահից 5 օրվա ընթացքում պարտապանին սնանկ ճանաչելու, կառավարիչ և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին տեղեկությունները հրապարակել իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում և փակցնել դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում.
ե) սույն օրենքով նախատեսված դեպքերում` կառավարչի, պարտատերերի խորհրդի, պարտատիրոջ կամ պարտապանի միջնորդությամբ հրավիրում է դատական նիստ.
զ) պարտապանին պարտավորեցնում է 10 օրվա ընթացքում կառավարչին ներկայացնել սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը, եթե հայցադիմումը ներկայացրել է պարտատերը, հարկադիր կատարողը, կամ պարտապանի կողմից հայցադիմում ներկայացնելու դեպքում դրանք ներկայացվել են թերի.
է) պարտապանին լուծարելու պահից անհապաղ որոշում է կայացնում պարտապանի գույքը տնօրինելու և կառավարելու իրավունքները կասեցնելու մասին, արգելանք է դնում պարտապանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա:
2. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից առանց դատավորի թույլտվության արգելվում է պարտապանի մոտ որևէ ստուգում կամ ուսումնասիրություն, բացառությամբ ֆինանսական առողջացման ծրագրի գործողության և լուծարված պարտապանի գործունեության վերսկսման ժամանակահատվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի: Պարտապանի լուծարումից հետո ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելն արգելվում է:
3. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կասեցվում են պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալին տիրապետող անձանց և պարտապանի ղեկավարի` օրենքով և պարտապանի կանոնադրությամբ սահմանված լիազորությունները:
4. Պարտապանին սնանկ ճանաչելու հայցը մերժելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը հիմք է սույն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված կասեցումները վերացնելու համար:
5. Սնանկության հիմքերի ակնհայտ չլինելու պատճառաբանությամբ հայցի մերժումը չի արգելում նույն անձին նույն հայցով դիմել դատարան` սնանկության հիմքերի առկայությունն ակնհայտ դառնալու պայմաններում: