Հոդված 50. ՊԱՐՏԱՊԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ
Հոդված 50. ՊԱՐՏԱՊԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ
1. Պարտապանի ակտիվներն առավելագույնս հավաքագրելու նպատակով, կառավարչի հայցով, դատական կարգով, կարող է լուծվել ցանկացած պայմանագիր, այդ թվում` վարկ տրամադրելու, վարձակալության կամ այլ երկարաժամկետ պայմանագրերը, եթե պայմանագրի մյուս կողմն ամբողջությամբ կամ մասամբ չի կատարել իր պարտավորությունները:
2. Եթե պարտապանի գույքը գնած անձը մինչև վաճառքի գումարի ամբողջական մարումն ստացել է այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք, ապա կառավարչի պահանջն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, իր պարտավորության լրիվ կատարման դեպքում գործարքը համարվում է ավարտված, և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնը նրա վրա չի տարածվում:
3. Պարտապանի աշխատանքային պայմանագրերը լուծվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով` սնանկ ճանաչելուց հետո կառավարչի կողմից աշխատողներին համապատասխան ծանուցման պայմանով:
4. Պայմանագրի կողմը կարող է պահանջել պայմանագրի վաղաժամկետ լուծմամբ իրեն պատճառված իրական վնասի հատուցում` իր պահանջը ներկայացնելով սույն օրենքով սահմանված կարգով:
5. Եթե պայմանագրով նախատեսվում են պարբերական վճարումներ պարտապանի կողմից, ապա կառավարիչը կարող է դրանք կատարել միայն սույն օրենքով սահմանված պահանջների ցուցակը և դրանց բավարարման հերթականությունը դատավորի կողմից հաստատվելուց հետո: