Հոդված 16
Հոդված 16
Միության ապրանքային նշանի իրավական պահպանության դադարեցումը
1. Միության ապրանքային նշանի իրավական պահպանությունը դադարեցվում է՝
1) Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը լրանալու հետ կապված.
2) իրավատիրոջ՝ Միության ապրանքային նշանի նկատմամբ իրավունքից հրաժարվելու դեպքում.
3) Միության կոլեկտիվ նշանի իրավական պահպանությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին դատարանի որոշման հիման վրա՝ այդ նշանը որակի միասնական բնութագրեր կամ այլ ընդհանուր բնութագրեր չունեցող ապրանքների վրա օգտագործելու հետ կապված.
4) իրավահաջորդի բացակայության դեպքում ազգային արտոնագրային գերատեսչության որոշման կամ Միության ապրանքային նշանի իրավական պահպանությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին դատարանի որոշման հիման վրա՝ ցանկացած անձի դիմումի համաձայն՝ հետեւյալ դեպքերում.
Միության ապրանքային նշանի իրավատեր հանդիսացող իրավաբանական անձի լուծարում (գործունության դադարեցում),
Միության ապրանքային նշանի իրավատեր հանդիսացող ֆիզիկական անձի մահ.
5) ազգային արտոնագրային գերատեսչության որոշման կամ Միության ապրանքային նշանի իրավական պահպանությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին դատարանի որոշման հիման վրա՝ շահագրգիռ անձի դիմումի համաձայն՝ այն դեպքում, երբ Միության ապրանքային նշանը դարձել է այնպիսի նիշ, որը համընդհանուր օգտագործման մեջ է մտել որպես որոշակի տեսակի ապրանքների նշում.
6) Միության ապրանքային նշանը չօգտագործելու հետեւանքով բոլոր ապրանքների համար դրա իրավական պահպանությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին դատարանի որոշման հիման վրա։ Եթե դատարանի որոշումն ընդունվել է միայն ապրանքների մի մասի համար, ապա Միության ապրանքային նշանի իրավական պահպանությունը դադարեցվում է ապրանքների այդ մասի համար։
2. Միության ապրանքային նշանի իրավական պահպանությունը կարող է վաղաժամկետ դադարեցվել Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյանում այն գրանցելու թվականից ցանկացած 3 տարվա ընթացքում անընդմեջ չօգտագործվելու հետեւանքով։
Միության ապրանքային նշանը չօգտագործելու հետեւանքով դրա իրավական պահպանությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմումը շահագրգիռ անձի կողմից դատարան է ներկայացվում նշված 3 տարին լրանալուց հետո՝ պայմանով, որ ընդհուպ մինչեւ նման դիմում ներկայացնելը Միության ապրանքային նշանը չի օգտագործվել։
Միության ապրանքային նշանը չօգտագործելու հետեւանքով դրա իրավական պահպանությունը վաղաժամկետ դադարեցնելու ընթացակարգի իրականացման ժամանակ Միության ապրանքային նշանի գրանցումն ուժի մեջ թողնելու նպատակով հաշվի է առնվում Միության ապրանքային նշանի օգտագործումը ցանկացած անդամ պետության տարածքում։
Միության ապրանքային նշանը չօգտագործելու հետեւանքով դրա իրավական պահպանությունը վաղաժամկետ դադարեցնելու հարցի լուծման ժամանակ իրավատերը ներկայացնում է Միության ապրանքային նշանի օգտագործման վերաբերյալ ապացույցներ, ընդ որում, կարող են հաշվի առնվել իրավատիրոջ կողմից ներկայացված ապացույցներն այն մասին, որ Միության ապրանքային նշանը չի օգտագործվել իրենից անկախ հանգամանքներով։
3. Սույն պայմանագրի նպատակներով Միության ապրանքային նշանի օգտագործում է համարվում դրա օգտագործումն իրավատիրոջ կամ այն անձի կողմից, որին այդպիսի իրավունք է տրամադրվել լիցենզային պայմանագրի հիման վրա, կամ իրավատիրոջ հսկողության ներքո Միության ապրանքային նշանի օգտագործումն իրականացնող այլ անձի կողմից (բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան գործողություններն անմիջականորեն կապված չեն ապրանքը քաղաքացիական շրջանառության մեջ դնելու հետ), ինչպես նաեւ Միության ապրանքային նշանի օգտագործումը՝ դրա տարբերակիչ հատկանիշի վրա չազդող եւ Միության ապրանքային նշանին տրամադրված իրավական պահպանությունը չսահմանափակող՝ դրա առանձին տարրերի փոփոխությամբ՝ հետեւյալի միջոցով.
1) Միության ապրանքային նշանի կիրառում այն ապրանքների վրա, որոնց համար այն գրանցված է, այդ ապրանքների պիտակների եւ փաթեթվածքների վրա,
2) Միության ապրանքային նշանով նիշված ապրանքների պատրաստում, վաճառքի համար առաջարկում, վաճառք, պահպանում, ներմուծում,
3) Միության ապրանքային նշանի կիրառում աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ,
4) Միության ապրանքային նշանի կիրառում ցուցահանդեսներում եւ տոնավաճառներում ցուցադրության ժամանակ, գովազդում, տպագիր հրատարակություններում, ցուցանակներում, ապրանքները քաղաքացիական շրջանառության մեջ դնելու հետ կապված փաստաթղթերում, «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում, այդ թվում՝ դոմենային անվանման մեջ։
4. Միության ապրանքային նշանի իրավական պահպանությունը չի կարող անվավեր ճանաչվել սույն պայմանագրի 15-րդ հոդվածին համապատասխան կամ դադարեցվել սույն հոդվածի 1-ին կետի 3-6-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով՝ առանց ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը պաշտպանելու համար իրավատիրոջը իր իրավունքներն այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում պաշտպանելու հնարավորություն տրամադրելու, որտեղ ներկայացվել է առարկությունը (բողոքը) կամ դիմումը։