Հոդված 4
Հոդված 4
Միության ապրանքային նշանի հայտը
1. Միության ապրանքային նշանի հայտը հայտատուի կողմից ազգային արտոնագրային գերատեսչություն է ներկայացվում Հրահանգով սահմանվող ձեւով եւ կարգով։
2. Միության ապրանքային նշանի հայտը պետք է պարունակի՝
1) հայտատուի անվանումը (ազգանունը, անունը, հայրանունը (վերջինը՝ առկայության դեպքում)) եւ գտնվելու վայրի (բնակության վայրի) հասցեն, ինչպես նաեւ ներկայացման գերատեսչության պետության տարածքում նամակագրություն վարելու համար նախատեսված հասցեն.
2) հայտարկվող նիշը.
3) այն ապրանքների ցանկը, որոնց համար խնդրարկվում է Միության ապրանքային նշանի գրանցումը, եւ որոնք խմբավորված են նշանների գրանցման համար ապրանքների և ծառայությունների Միջազգային դասակարգման դասերին համապատասխան՝ նախատեսված Նշանների գրանցման համար ապրանքների եւ ծառայությունների Միջազգային դասակարգման 1957 թվականի հունիսի 15-ի Նիցայի համաձայնագրով (այսուհետ՝ Ապրանքների եւ ծառայությունների միջազգային դասակարգում)։
3. Միության ապրանքային նշանի հայտը կարող է պարունակել՝
1) հայտ ներկայացնելու թվականից ավելի վաղ առաջնություն սահմանելու մասին նշում, որը կարող է ներկայացվել Միության ապրանքային նշանի հայտը ներկայացնելու թվականից 1 ամսվա ընթացքում.
2) նշում այն մասին, որ նիշը հայտարկվում է գույնով կամ գունային համակցությամբ.
3) նշում այն մասին, որ Միության ապրանքային նշանը պետք է գրանցվի եւ հրապարակվի ներկայացման գերատեսչության կողմից կիրառվող ստանդարտ պայմանանշանների օգտագործմամբ.
4) հայտարկվող բառային նիշի գրադարձումը՝ կիրիլյան այբուբենի օգտագործմամբ.
5) հայտարկվող բառային նիշի թարգմանությունն անդամ պետությունների պետական լեզուներով.
6) հայտարկվող նիշի նկարագրությունը.
7) տեղեկություններ հայտատուի ներկայացուցչի մասին եւ նրա հասցեն։
4. Միության ապրանքային նշանի հայտ ներկայացնելիս կամ այդպիսի հայտի ստացման թվականից հետո 1 ամսից ոչ ուշ հայտատուն ներկայացնում է Միության ապրանքային նշանի հայտը ներկայացնելու համար տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ:
Միության ապրանքային նշանի հայտ ներկայացնելու համար տուրքը վճարվում է ներկայացման գերատեսչության պետության օրենսդրությամբ սահմանված չափով։
5. Ազգային արտոնագրային գերատեսչություն ներկայացված՝ ապրանքային նշանի գրանցման հայտը կարող է փոխակերպվել Միության ապրանքային նշանի հայտի՝ սույն պայմանագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան կոնվենցիոն առաջնություն սահմանելու համար պահանջները պահպանելու պայմանով։
Ապրանքային նշանի գրանցման հայտի՝ Միության ապրանքային նշանի հայտի փոխակերպման կարգը սահմանվում է Հրահանգով:
6. Միության ապրանքային նշանի հայտը կազմվում է ռուսերենով։
Միության ապրանքային նշանի հայտը կարող է կազմվել ներկայացման գերատեսչության պետության օրենսդրությամբ նախատեսված լեզվով՝ կից ներկայացնելով այդ հայտի ռուսերեն տարբերակը։
Այդ պարագայում Միության ապրանքային նշանի հայտի բովանդակության մեկնաբանության հարցով տարաձայնությունների առաջացման դեպքում հայտի ռուսերեն տեքստն ունի գերակա ուժ։
Ազգային արտոնագրային գերատեսչությունների միջեւ նամակագրության վարումն իրականացվում է ռուսերենով:
7. Միության ապրանքային նշանի հայտով գործերի վարումը կարող է իրականացվել հայտատուի կողմից ինքնուրույն կամ ներկայացուցչի միջոցով, այդ թվում՝ ներկայացման գերատեսչությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով՝ միջազգային պայմանագրերին եւ ներկայացման գերատեսչության պետության օրենսդրությանը համապատասխան: