Հոդված 10
Հոդված 10
Միության ապրանքային նշանի հայտում փոփոխություններ կատարելը
1. Մինչեւ Միության ապրանքային նշանի գրանցման մասին որոշումն ընդունելը հայտատուն իրավունք ունի Միության ապրանքային նշանի հայտում փոփոխություններ կատարելու։
Միության ապրանքային նշանի հայտում փոփոխություններ կատարելու մասին միջնորդությունը ներկայացվում է ներկայացման գերատեսչություն։
2. Միության ապրանքային նշանի հայտում նշված ապրանքների ցանկի ընդլայնման կամ հայտարկվող նիշի էական փոփոխության դեպքում միջնորդությունը մերժվում է։ Այսպիսի փոփոխությունները կարող են հայտատուի կողմից ձեւակերպվել որպես ինքնուրույն հայտ։
Ներկայացման գերատեսչությունը սույն հոդվածի 1-ին կետում նշված փոփոխությունները կատարում է Միության ապրանքային նշանի հայտի մեջ: Հայտատուի, հայտատուի ներկայացուցչի (եթե նա մնացել է նույնը) ազգանվան, անվան, հայրանվան (վերջինը՝ առկայության դեպքում), գտնվելու վայրի (բնակության վայրի) հասցեի կամ անվանման եւ (կամ) նամակագրությունը վարելու հասցեի փոփոխության կամ Միության ապրանքային նշանի հայտի նկատմամբ իրավունքն այլ անձի փոխանցվելու կամ անցնելու դեպքում հայտատուն պարտավոր է ներկայացման գերատեսչություն ներկայացնել հայտում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ միջնորդություն նախքան որոշումն ընդունվելը։
3. Միության ապրանքային նշանի հայտում փոփոխություններ կատարելու վերաբերյալ միջնորդության քննարկման արդյունքների մասին ներկայացման գերատեսչությունը ծանուցում է հայտատուին եւ ազգային արտոնագրային գերատեսչություններին։
4. Միության ապրանքային նշանի հայտում փոփոխություններ կատարելու համար վճարվում է տուրք՝ ներկայացման գերատեսչության պետության օրենսդրությամբ սահմանված չափով։