Հոդված 12
Հոդված 12
Միության ապրանքային նշանի հայտի փորձաքննության արդյունքներով ընդունվող որոշումները
1. Ազգային արտոնագրային գերատեսչությունների, այդ թվում՝ ներկայացման գերատեսչության՝ սույն պայմանագրի 9-րդ հոդվածի դրույթներին համապատասխան պատրաստված (ընդունված) եզրակացությունների եւ որոշումների հիման վրա (եթե դրանք ընդունվել են) եւ հաշվի առնելով սույն պայմանագրի 11-րդ հոդվածի դրույթներին համապատասխան այդպիսի որոշումները բողոքարկելու արդյունքները (եթե դրանք բողոքարկվել են), ներկայացման գերատեսչությունը Միության ապրանքային նշանի հայտի փորձաքննության արդյունքներով ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.
1) բոլոր հայտարկված ապրանքների համար Միության ապրանքային նշանը գրանցելու մասին որոշում: Այդպիսի որոշումն ընդունվում է այն դեպքում, երբ ապրանքների ամբողջ ցանկի համար, որոնց համար խնդրարկվում է Միության ապրանքային նշանի գրանցումը, Միության ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրելու հնարավորության մասին եզրահանգումը, պարունակվում է սույն պայմանագրի 9-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետի ընթացքում պատրաստված բոլոր եզրակացություններում կամ սույն կետի առաջին պարբերությունում նշված բոլոր եզրակացություններում (որոշումներում).
2) հայտարկված ապրանքների մի մասի համար Միության ապրանքային նշանը գրանցելու մասին որոշում: Այսպիսի որոշումն ընդունվում է այն դեպքում, երբ սույն կետի առաջին պարբերության մեջ նշված եզրակացություններից (որոշումներից) գոնե մեկում պարունակվում է եզրահանգում Միության ապրանքային նշանին՝ ապրանքների որոշակի մասի համար, որոնց համար խնդրարկվում է Միության ապրանքային նշանի գրանցումը, իրավական պահպանություն տրամադրելու անհնարինության մասին: Ընդ որում, Միության ապրանքային նշանը գրանցելու մասին որոշումն ընդունվում է հայտարկված ապրանքների այն մասի համար, որի մասով սույն կետի առաջին պարբերության մեջ նշված բոլոր եզրակացությունների (որոշումների) մեջ Միության ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրելու հնարավորության մասին եզրահանգում է պարունակվում.
3) Միության ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին որոշում: Այդպիսի որոշումն ընդունվում է այն դեպքում, երբ սույն կետի առաջին պարբերության մեջ նշված եզրակացություններից (որոշումներից) գոնե մեկում պարունակվում է եզրահանգում՝ ապրանքների ամբողջ ցանկի համար, որոնց համար խնդրարկվում է Միության ապրանքային նշանի գրանցումը, Միության ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրելու անհնարինության մասին:
2. Հայտարկված բոլոր ապրանքների կամ դրանց մի մասի համար Միության ապրանքային նշանը գրանցելու մասին կամ Միության ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին որոշումն ուղարկվում է հայտատուին եւ ազգային արտոնագրային գերատեսչություններ դրա ընդունման թվականից 5 աշխատանքային օրվանից ոչ ուշ։
Հայտատուն Միության ապրանքային նշանը գրանցելու մասին որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 1 ամսվա ընթացքում ներկայացման գերատեսչության պետության օրենսդրությամբ սահմանված չափով վճարում է Միության ապրանքային նշանի գրանցման եւ Միության ապրանքային նշանի վկայագրի տրամադրման համար տուրքը։
3. Միության ապրանքային նշանի գրանցման եւ Միության ապրանքային նշանի վկայագրի տրամադրման համար տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում Միության ապրանքային նշանի հայտը համարվում է հետ կանչված, վկայագրի տրամադրումը չի իրականացվում, ինչի մասին ներկայացման գերատեսչությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին ծանուցում է ուղարկում։