Հոդված 18
Հոդված 18
Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը տնօրինելը
1. Իրավատերն իրավունք ունի տնօրինելու Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը։
2. Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը կարող է լինել իրավունքի փոխանցման (զիջման, օտարման), օգտագործման իրավունքի տրամադրման (լիցենզային (ենթալիցենզային) պայմանագիր, համալիր ձեռնարկատիրական գործունեության լիցենզիայի պայմանագիր (առեւտրային կոնցեսիայի (ենթակոնցեսիայի) պայմանագիր) գրավի կամ անդամ պետության օրենսդրությամբ այդ անդամ պետությունում գրանցված ապրանքային նշանների համար նախատեսված ձեւերով այլ կերպ տնօրինման, ինչպես նաեւ համապարփակ իրավահաջորդության կարգով անցման օբյեկտ եւ իրավատիրոջ գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում։
3. Միության ապրանքային նշանի բացառիկ իրավունքի փոխանցումը (զիջումը, օտարումը) պայմանագրով ենթակա է ներկայացման գերատեսչությունում գրանցման՝ ներկայացման գերատեսչության պետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը կարող է փոխանցվել (զիջվել, օտարվել) բոլոր ապրանքների կամ ապրանքների մի մասի համար այն դեպքում, երբ դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ եւ միայն բոլոր անդամ պետությունների տարածքներում այդպիսի փոխանցումը միաժամանակ իրականացնելու պայմանով։
Ապրանքների մի մասի համար Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի փոխանցման (զիջման, օտարման) դեպքում ներկայացման գերատեսչության կողմից տրամադրվում է Միության ապրանքային նշանի նոր վկայագիր։
Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի փոխանցման (զիջման, օտարման) մասին պայմանագիրը կազմվում է գրավոր՝ այն անդամ պետության օրենսդրության պահանջներին համապատասխան, որտեղ այդ փոխանցումը (զիջումը, օտարումը) ենթակա է գրանցման։
Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի փոխանցումը (զիջումը, օտարումը), առանց պայմանագրի անցումը գրանցելու մասին տեղեկությունները ներկայացման գերատեսչության կողմից մուտքագրվում են Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյան։
4. Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը կարող է գրավի առարկա լինել այն անդամ պետությունում (անդամ պետություններում), որի օրենսդրությամբ նախատեսվում է ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գրավ։
Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գրավը ենթակա է ներկայացման գերատեսչությունում գրանցման՝ ներկայացման գերատեսչության պետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գրավի գրանցման մասին տեղեկությունները ներկայացման գերատեսչության կողմից մուտքագրվում են Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյան։
5. Միության ապրանքային նշանի օգտագործման իրավունքի՝ լիցենզային (ենթալիցենզային) կամ այլ պայմանագրով տրամադրումը ենթակա է գրանցման այն անդամ պետության ազգային արտոնագրային գերատեսչությունում, որի տարածքում տրամադրվում է Միության ապրանքային նշանի օգտագործման իրավունքը, այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Միության ապրանքային նշանի օգտագործման իրավունքի՝ (լիցենզային, ենթալիցենզային եւ (կամ) այլ) պայմանագրով տրամադրման գրանցման մասին տեղեկություններն ազգային արտոնագրային գերատեսչությունների կողմից մուտքագրվում են Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյան։
6. Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի՝ պայմանագրով տնօրինման գրանցման համար վճարվում է տուրք՝ այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված չափով, որտեղ իրականացվում է գրանցումը։
7. Լիցենզային պայմանագրի կամ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան Միության ապրանքային նշանի օգտագործման իրավունք տրամադրող այլ պայմանագրի, Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գրավի մասին պայմանագրի կողմը (կողմերը) պարտավոր է (պարտավոր են) այդպիսի պայմանագրերի փոփոխության կամ գործողության դադարեցման մասին տեղեկացնել այն անդամ պետության ազգային արտոնագրային գերատեսչությանը, որի տարածքում գրանցված է պայմանագրով բացառիկ իրավունքի համապատասխան տնօրինումը, այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Առանց Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի տնօրինումը Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյանում գրանցելու այդ տնօրինումը համարվում է չկայացած: Գործարքի անվավերության հետեւանքները որոշվում են անդամ պետությունների օրենսդրությամբ։