Հոդված 6
Հոդված 6
Միության ապրանքային նշանի հայտի նախնական փորձաքննությունը.
Միության ապրանքային նշանի հայտի հրապարակումը
1. Ներկայացման գերատեսչությունը Միության ապրանքային նշանի հայտն ստանալու թվականից 1 ամսվա ընթացքում ստուգում է ներկայացված հայտի ձեւակերպման եւ տուրքի վճարման ճշտությունը՝ սույն պայմանագրի 4-րդ հոդվածի եւ Հրահանգի պահանջներին համապատասխան, ինչպես նաեւ Միության ապրանքային նշանի հայտը ներկայացնելու թվականը սահմանելու համար անհրաժեշտ փաստաթղթերի եւ տեղեկությունների առկայությունը, այդ թվում՝ ապրանքների ցանկի կազմման ու դրանց դասակարգման ճշտությունը։
2. Եթե հայտում բացակայում է սույն պայմանագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետում նշված տարրերից որեւէ մեկը, ապա ներկայացման գերատեսչությունը որոշում է ընդունում Միության ապրանքային նշանի հայտի՝ քննարկման համար ընդունումը մերժելու մասին։
3. Սույն պայմանագրի 4-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերում նշված՝ հայտի նյութերի սխալ ձեւակերպման, կամ սույն պայմանագրի 4-րդ հոդվածի 4-րդ կետում նշված փաստաթղթի կամ Հրահանգով նախատեսված այլ փաստաթղթերի բացակայության կամ ոչ ճիշտ ձեւակերպման դեպքում ներկայացման գերատեսչությունը հայտատուին հարցում է ուղարկում՝ հարցումն ուղարկելու թվականից եռամսյա ժամկետում պակասող փաստաթղթերը ներկայացնելու եւ (կամ) նշված թերությունները վերացնելու մասին:
Մինչեւ նշված ժամկետը լրանալը հայտատուն իրավունք ունի ներկայացման գերատեսչություն ներկայացնելու հարցմանը պատասխանելու ժամկետը երկարաձգելու մասին միջնորդություն։
Հարցման պատասխանը ներկայացնելու ժամկետը ներկայացման գերատեսչության կողմից երկարաձգվում է հայտատուի միջնորդության մեջ նշված ժամկետով, սակայն հարցմանը պատասխանելու ժամկետը լրանալու թվականից ոչ ավելի, քան 3 ամսով՝ ներկայացման գերատեսչության պետության օրենսդրությամբ սահմանված չափով տուրքը վճարելու պայմանով։
Ներկայացման գերատեսչության կողմից սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան փաստաթղթերի քննարկման ժամկետի հաշվարկը կասեցվում է հարցմանը պատասխանելու համար հայտատուին անհրաժեշտ ժամանակով՝ հաշվի առնելով սույն կետի երրորդ պարբերությամբ նախատեսված պահանջները։
Եթե սույն կետով սահմանված ժամկետում հարցման մեջ նշված պակասող փաստաթղթերը չեն ներկայացվում եւ (կամ) թերությունները չեն վերացվում, ապա ներկայացման գերատեսչությունը որոշում է ընդունում Միության ապրանքային նշանի հայտի՝ քննարկման համար ընդունումը մերժելու մասին, ինչի մասին հայտատուին ծանուցում է ուղարկվում այդ որոշումն ընդունելու թվականից 15 աշխատանքային օրվա ընթացքում։
Իրավաբանական նշանակություն ունեցող գործողություններ չեն իրականացվում Միության ապրանքային նշանի այն հայտով, որի վերաբերյալ ընդունվել է դրա՝ քննարկման համար ընդունումը մերժելու մասին որոշում։
Սույն կետի առաջին պարբերության մեջ նշված դեպքերում Միության ապրանքային նշանի հայտի քննարկման ժամկետը երկարաձգվում է, սակայն հարցման պատասխանն ստանալու կամ պակասող փաստաթղթերը ներկայացնելու թվականից ոչ ավելի, քան 1 ամսով։
4. Միության ապրանքային նշանի հայտ ներկայացնելու թվականը սահմանվում է այն թվականով, որով ներկայացման գերատեսչություն է ներկայացվել սույն պայմանագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետում նշված բոլոր տարրերը պարունակող՝ Միության ապրանքային նշանի հայտը։
5. Եթե Միության ապրանքային նշանի հայտը, այդ թվում՝ փոխակերպված հայտը, համապատասխանում է սույն պայմանագրի 4-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ապա ներկայացման գերատեսչությունը որոշում է ընդունում հայտը պաշտոնական կայքում հրապարակելու մասին եւ այդ որոշումն ընդունելու թվականից 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին ծանուցում է Միության ապրանքային նշանի հայտի ներկայացման թվականը սահմանելու մասին, ինչպես նաեւ մյուս անդամ պետությունների ազգային արտոնագրային գերատեսչություններ է ուղարկում հարցում՝ հայտարկված նիշի փորձաքննությունն անցկացնելու համար տուրքի գումարը եւ նշված տուրքը վճարելու համար վճարային վավերապայմանները նշող փաստաթուղթ ներկայացնելու վերաբերյալ։
Միության ապրանքային նշանի հայտի հրապարակումը բաց հասանելիությամբ պաշտոնական կայքում իրականացվում է հայտատուին նշված ծանուցումն ուղարկելու թվականից 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Միության ապրանքային նշանի հայտի հրապարակման թվականը պաշտոնական կայքում այն տեղադրելու թվականն է։
6. Յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն հարցումն ստանալու թվականից 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացման գերատեսչություն է ուղարկում հայտարկված նիշի փորձաքննությունն անցկացնելու համար տուրքի գումարը եւ նշված տուրքը վճարելու համար վճարային վավերապայմանները նշող փաստաթուղթը։
Հայտարկված նիշի փորձաքննությունն անցկացնելու համար տուրքերի չափերը (այդ թվում՝ այն դեպքում, երբ Միության ապրանքային նշանի գրանցումը խնդրարկվում է մեկից ավելի դասի ապրանքների համար՝ Ապրանքների եւ ծառայությունների միջազգային դասակարգմանը համապատասխան) սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ։
7. Ներկայացման գերատեսչությունը սույն հոդվածի 6-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալու թվականից 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին է ուղարկում հայտարկված նիշի փորձաքննությունն անցկացնելու համար տուրքերը վճարելու անհրաժեշտության մասին ծանուցում՝ կից ներկայացնելով այդ տուրքերի գումարները եւ դրանք վճարելու համար վճարային վավերապայմանները նշող փաստաթղթերը:
8. Սույն հոդվածի 7-րդ կետում նշված ծանուցումն ուղարկելու թվականից 1 ամսվա ընթացքում հայտատուն ներկայացման գերատեսչություն է ներկայացնում հայտարկված նիշի փորձաքննությունն անցկացնելու համար տուրքերի՝ սահմանված չափով վճարումը հաստատող փաստաթղթերը։
Նշված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում Միության ապրանքային նշանի հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ներկայացման գերատեսչությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է ուղարկում հայտատուին։
9. Հայտարկված նիշի փորձաքննությունն անցկացնելու համար տուրքերի վճարումը հաստատող փաստաթղթերն ստանալու թվականից 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացման գերատեսչությունն այլ անդամ պետությունների ազգային արտոնագրային գերատեսչություններ է ուղարկում Միության ապրանքային նշանի հրապարակված հայտը եւ հայտարկված նիշի փորձաքննությունն անցկացնելու համար տուրքերի վճարումը հաստատող փաստաթղթերը։