Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Միության ապրանքային նշանի գրանցումը մերժելու հիմքերը

1. Սույն պայմանագրին համապատասխան՝ որպես Միության ապրանքային նշաններ չեն կարող գրանցվել այն նիշերը՝

1) որոնց վրա չի տարածվում սույն պայմանագրի գործողությունը.

2) որոնք չունեն տարբերակիչ հատկություն.

3) որոնք նկարագրական են, մասնավորապես՝ բաղկացած են միայն այն տարրերից, որոնք՝

օգտագործվում են ապրանքների տեսակը, որակը, քանակը, հատկությունները, նշանակությունը, արժեքը, ինչպես նաեւ դրանց արտադրության կամ իրացման ժամանակը, վայրը եւ եղանակը նշելու համար,

համընդհանուր օգտագործման մեջ են մտել որոշակի տեսակի ապրանքներ նշելու համար,

համընդհանուր ճանաչում ունեցող խորհրդանիշներ եւ եզրույթներ են,

ներկայացնում են ապրանքի ձեւը կամ դրա փաթեթավորմանը, որոնք որոշվում են բացառապես կամ գլխավորապես ապրանքի հատկությամբ կամ նշանակությամբ.

4) որոնք հակասում են հանրային շահերին, հասարակական կարգին, մարդասիրության եւ բարոյականության սկզբունքներին.

5) որոնք կեղծ են կամ կարող են սպառողին մոլորության մեջ գցել ապրանքի, դրա ծագման վայրի կամ արտադրողի վերաբերյալ հարցերում.

6) որոնք ներկայացնում են պետական խորհրդանիշներ եւ նշաններ (դրոշներ, զինանշաններ, շքանշաններ, դրամանիշեր եւ այլն), պետությունների կրճատ կամ ամբողջական պաշտոնական անվանումներ, միջազգային միջկառավարական կազմակերպությունների անվանումներ, դրանց դրոշները, զինանշանները, այլ խորհրդանիշեր, նշաններ եւ դրանց տարրերը, պաշտոնական վերահսկողական, երաշխիքային եւ հարգորոշիչ դրոշմներ, կնիքներ, պարգեւներ եւ այլ տարբերանշաններ կամ նշված օբյեկտներին շփոթելու աստիճան նման նիշեր։ Այդպիսի նիշերը կարող են Միության ապրանքային նշանի մեջ ներառվել որպես չպահպանվող տարրեր, եթե դրա վերաբերյալ առկա է համապատասխան իրավասու պետական մարմնի, միջազգային միջկառավարական կազմակերպության համաձայնությունը.

7) որոնք նույնական են կամ շփոթելու աստիճան նման են անդամ պետությունների ժողովուրդների մշակութային ժառանգության օբյեկտների կամ համաշխարհային մշակութային կամ բնական ժառանգության օբյեկտների պաշտոնական անվանումներին եւ պատկերներին.

8) որոնք նույնական են կամ շփոթելու աստիճան նման են անդամ պետությունների տարածքներում սահմանված կարգով գրանցված սերտիֆիկացման նշաններին կամ համապատասխանության նշաններին։

2. Սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ եւ 3-րդ ենթակետերում նշված նիշերը կարող են Միության ապրանքային նշանի մեջ ներառվել որպես չպահպանվող տարրեր, եթե այդ նիշերը դրա մեջ գերիշխող մաս չեն զբաղեցնում։

Սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ եւ 3-րդ ենթակետերում նշված նիշերը կարող են գրանցվել որպես Միության ապրանքային նշան, եթե Միության ապրանքային նշանի հայտ ներկայացնելու թվականի դրությամբ հայտարկված նիշն օգտագործման արդյունքում բոլոր անդամ պետությունների տարածքներում ձեռք է բերել տարբերակիչ հատկություն։

Սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ եւ (կամ) 3-րդ ենթակետերում նշված նիշերի համակցությունը կարող է գրանցվել որպես Միության ապրանքային նշան, եթե այն ունի տարբերակիչ հատկություն։

3. Որպես Միության ապրանքային նշաններ չեն կարող գրանցվել այն նիշերը, որոնք նույնական են կամ շփոթելու աստիճան նման են՝

1) այն նիշերին, որոնք անդամ պետություններից որեւէ մեկում այլ անձանց կողմից հայտարկվել են գրանցման նույնատիպ ապրանքների համար եւ ունեն ավելի վաղ առաջնություն, եթե այլ անձի՝ ապրանքային նշանի գրանցման հայտը հետ չի կանչվել կամ դրա վերաբերյալ չի ընդունվել քննարկման համար դրա ընդունումը մերժելու մասին որոշում կամ գրանցումը մերժելու մասին որոշում.

2) այլ անձանց ապրանքային նշաններին՝ նույնատիպ ապրանքների համար, որոնք պահպանվում են անդամ պետություններից մեկում եւ ունեն ավելի վաղ առաջնություն.

3) այլ անձանց ապրանքային նշաններին, որոնք անդամ պետություններից մեկում հայտարկված նիշի առաջնության թվականից ավելի վաղ թվականը ճանաչվել են որպես հանրահայտ ապրանքային նշաններ եւ այդ անդամ պետությունում պահպանվում են տվյալ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Եթե անդամ պետությունների տարածքներում շփոթելու աստիճան նման ապրանքային նշանների նկատմամբ կամ համանման ապրանքների համար առաջնության ավելի վաղ թվական ունեցող հայտարկված նիշերի նկատմամբ իրավունքները պատկանում են տարբեր անձանց, ապա Միության ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրելու համար հայտատուն պետք է ներկայացման գերատեսչություն ներկայացնի բոլոր իրավատերերի գրավոր համաձայնությունը։

Կոլեկտիվ նշաններին շփոթելու աստիճան նման նիշերի նկատմամբ սույն կետի առաջին պարբերության դրույթները չեն կիրառվում։

5. Ցանկացած ապրանքի համար որպես Միության ապրանքային նշաններ չեն կարող գրանցվել այն նիշերը, որոնք նույնական են կամ շփոթելու աստիճան նման են սույն պայմանագրին կամ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պահպանվող ապրանքի ծագման տեղանվանը եւ այն նիշին, որը, որպես այդպիսին, գրանցման համար հայտարկվել է մինչեւ Միության ապրանքային նշանի առաջնության թվականը, եթե Միության ապրանքային նշանի այդպիսի գրանցումը կարող է սպառողին մոլորության մեջ գցել ապրանքի ծագման վայրի եւ (կամ) արտադրողի վերաբերյալ հարցերում։ Այդ ապրանքի ծագման տեղանունը կամ դրան շփոթելու աստիճան նման նիշը կարող է որպես չպահպանվող տարր ներառվել Միության այն ապրանքային նշանի մեջ, որը գրանցվում է ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքն ունեցող անձի անունով, եթե Միության ապրանքային նշանի գրանցումն իրականացվում է այն նույն ապրանքների համար, որոնց անհատականացման նպատակով գրանցվել է ապրանքի ծագման տեղանունը։

6. Համանման ապրանքների համար որպես Միության ապրանքային նշաններ չեն կարող գրանցվել այն նիշերը, որոնք նույնական են կամ շփոթելու աստիճան նման են անդամ պետություններից մեկում պահպանվող ֆիրմային անվանմանը կամ առեւտրային նիշին (այդ անվանման կամ նիշի առանձին տարրերին) կամ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված սելեկցիոն նվաճման այն անվանմանը, որի նկատմամբ իրավունքներն անդամ պետության տարածքում այլ անձանց մոտ ծագել են գրանցվող Միության ապրանքային նշանի առաջնության թվականից ավելի վաղ։

7. Որպես Միության ապրանքային նշաններ չեն կարող գրանցվել այն նիշերը, որոնք նույնական են կամ շփոթելու աստիճան նման են հետեւյալ օբյեկտներին:

1) գիտության, գրականության կամ արվեստի՝ անդամ պետություններից մեկում հայտնի ստեղծագործության անվանում, այդ ստեղծագործությունից կերպար կամ մեջբերում, արվեստի ստեղծագործություն կամ դրա հատված՝ առանց իրավատիրոջ համաձայնության, եթե համապատասխան ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ծագել է գրանցվող Միության ապրանքային նշանի առաջնության թվականից ավելի վաղ.

2) անդամ պետություններից մեկում հայտնի անձի ազգանուն, անուն, կեղծանուն կամ դրանցից ածանցված նիշ, դիմանկար կամ ֆաքսիմիլե՝ առանց այդ անձի կամ նրա ժառանգների կամ նրանց իրավահաջորդների կամ այդ անձի մահվանից հետո նրա պատվի եւ արժանապատվության պաշտպանությունն իրականացնող շահագրգիռ այլ անձանց համաձայնության.

3) արդյունաբերական նմուշ, որի նկատմամբ իրավունքներն անդամ պետությունում ծագել են գրանցվող Միության ապրանքային նշանի առաջնության թվականից ավելի վաղ եւ չեն պատկանում հայտատուին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։