Հոդված 9
Հոդված 9
Որպես Միության ապրանքային նշան գրանցման համար հայտարկված նիշի փորձաքննությունը
1. Միության ապրանքային նշանի հրապարակված հայտը եւ հայտարկված նիշի փորձաքննությունն անցկացնելու համար տուրքերի վճարումը հաստատող փաստաթղթերը ներկայացման գերատեսչության կողմից ուղարկվելու թվականից 6 ամսվա ընթացքում ազգային արտոնագրային գերատեսչությունների, այդ թվում՝ ներկայացման գերատեսչության կողմից անցկացվում է փորձաքննություն, որի ընթացքում ստուգվում է Միության ապրանքային նշանի գրանցումը մերժելու համար սույն պայմանագրի 8-րդ հոդվածի 1-5-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությունը։
2. Փորձաքննության արդյունքներով ազգային արտոնագրային գերատեսչությունների կողմից պատրաստվում են որոնման եւ ստուգման արդյունքների մասին տեղեկություններ պարունակող եզրակացություններ՝ կցվող հակադրելի նյութերի հետ միասին, եթե դրանք հայտնաբերվել են։ Տվյալ եզրակացություններն ուղարկվում են ներկայացման գերատեսչություն սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետից ոչ ուշ։
Այն ազգային արտոնագրային գերատեսչությունները, որոնք սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետում ներկայացման գերատեսչությանը չեն ներկայացնում Միության ապրանքային նշանի գրանցումը մերժելու համար հիմքերի առկայության մասին տեղեկություններ, Միության ապրանքային նշանի հայտի առնչությամբ կորցնում են այդ հիմքերի առկայության մասին ծանուցելու իրավունքը։
3. Այն դեպքում, երբ նույնատիպ ապրանքների համար նույնական կամ շփոթելու աստիճան նման Միության ապրանքային նշանների հայտերը ներկայացված են տարբեր հայտատուների կողմից, եւ այդ հայտերն ունեն առաջնության միեւնույն թվականը, ապա նույնատիպ հանդիսացող ապրանքների համար Միության ապրանքային նշանը կարող է գրանցվել հայտատուներից միայն մեկի անունով, որը որոշվում է նրանց միջեւ համաձայնությամբ:
4. Այն դեպքում, երբ ամբողջովին կամ մասամբ համընկնող ապրանքների ցանկի համար նույնական Միության ապրանքային նշանների հայտերը ներկայացված են միեւնույն հայտատուի կողմից, եւ այդ հայտերն ունեն առաջնության միեւնույն թվականը, ապա Միության ապրանքային նշանն այն ապրանքների համար, որոնց մասով նշված ցանկերը համընկնում են, կարող է գրանցվել հայտատուի կողմից ընտրված հայտերից միայն մեկով։
5. Սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված դեպքերում ներկայացման գերատեսչությունը հայտատուներին ուղարկում է համապատասխան ծանուցումներ։
Այդպիսի ծանուցում ստանալու թվականից 6 ամսվա ընթացքում հայտատուները պետք է ներկայացման գերատեսչությանը հաղորդեն այն մասին, թե հայտերից որով է խնդրարկվում Միության ապրանքային նշանի գրանցումը, իսկ Միության նույնական ապրանքային նշանների հայտեր ներկայացրած հայտատուն՝ իր ընտրության մասին։
Եթե նշված հաղորդագրությունը սահմանված ժամկետում չի ստացվում, ապա հայտերը համարվում են հետ կանչված, ինչի մասին այդ ժամկետը լրանալու թվականից 15 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուներին ծանուցում է ուղարկվում։
6. Ներկայացման գերատեսչությունն ազգային արտոնագրային գերատեսչությունների եզրակացությունների, այդ թվում՝ սեփական եզրակացության, ինչպես նաեւ սույն պայմանագրի 7-րդ հոդվածով նախատեսված դիմումների եւ փաստարկների հիման վրա հայտատուին ուղարկում է փորձաքննության արդյունքների մասին ծանուցում սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետը լրանալու թվականից 15 աշխատանքային օրվանից ոչ ուշ։
Այդպիսի ծանուցում ուղարկվում է այն դեպքում, երբ Միության ապրանքային նշանին չի կարող տրամադրվել պահպանություն կամ այն կարող է տրամադրվել հայտատուի կողմից խնդրարկվող ծավալից պակաս ծավալով։ Ծանուցմանը կցվում են ազգային արտոնագրային գերատեսչությունների, այդ թվում՝ ներկայացման գերատեսչության եզրակացությունները:
7. Հայտատուն իրավունք ունի ներկայացման գերատեսչություն ներկայացնելու հայտարկված բոլոր ապրանքների կամ դրանց մի մասի համար Միության ապրանքային նշանի հայտի փորձաքննության արդյունքների մասին ծանուցման հետ կապված իր փաստարկները եւ դիտողությունները (այսուհետ՝ փաստարկներ եւ դիտողություններ) իրեն նման ծանուցում ուղարկվելու թվականից 3 ամսվա ընթացքում։
Հայտատուի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է լրացուցիչ երկարաձգվել մինչեւ 3 ամիս ժամանակով՝ տուրքը ներկայացման գերատեսչության պետության օրենսդրությամբ սահմանված չափով վճարելու պայմանով:
Եթե սահմանված ժամկետի ընթացքում փաստարկներ եւ դիտողություններ չներկայացվեն, ապա այդ ժամկետը լրանալու թվականից 1 ամսվա ընթացքում ներկայացման գերատեսչությունը Միության ապրանքային նշանի հայտի փորձաքննության արդյունքներով որոշում է ընդունում։
Ներկայացման գերատեսչությունը փաստարկները եւ դիտողությունները, ինչպես նաեւ սույն կետի երկրորդ պարբերությունում նշված միջնորդությունն ստանալու թվականից 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ դրանց մասին ծանուցում է ազգային արտոնագրային գերատեսչություններին։
Ազգային արտոնագրային գերատեսչությունները փաստարկները եւ դիտողությունները ներկայացնելու ժամկետը լրանալու թվականից 1 ամսվա ընթացքում քննարկում են դրանք եւ ընդունում համապատասխան որոշումներ, որոնք ներկայացման գերատեսչություն են ուղարկվում դրանք ընդունելու թվականից 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Ներկայացման գերատեսչությունը նշված որոշումները հայտատուին է ուղարկում դրանք ստանալու թվականից 5 աշխատանքային օրվա ընթացքում։
8. Մինչեւ ներկայացման գերատեսչության կողմից Միության ապրանքային նշանը գրանցելու կամ դրա գրանցումը մերժելու մասին որոշումն ընդունելը հայտատուն իրավունք ունի դիմելու ներկայացման գերատեսչություն՝ ներկայացնելով միջնորդություն՝
1) այն ապրանքների ցանկը կրճատելու վերաբերյալ, որոնց համար ներկայացվել է Միության ապրանքային նշանի հայտը.
2) Միության ապրանքային նշանի հայտը հետ կանչելու վերաբերյալ.
3) Միության ապրանքային նշանի հայտը՝ առաջնության թվականի պահպանմամբ, ապրանքային նշանի գրանցման ազգային հայտի փոխակերպելու վերաբերյալ.
4) Միության ապրանքային նշանի հայտը Միության ապրանքային նշանի՝ ավելի վաղ ներկայացված հայտից զատելու վերաբերյալ։
9. Միության ապրանքային նշանի հայտը՝ առաջնության թվականի պահպանմամբ, ապրանքային նշանի գրանցման ազգային հայտի փոխակերպելու մասին սույն հոդվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված՝ հայտատուի միջնորդության քննարկման արդյունքներով ներկայացման գերատեսչությունը դադարեցնում է Միության ապրանքային նշանի հայտով գործավարությունը, եւ դրա մասին ծանուցում է հայտատուին։ Միջնորդությունն ու հայտի բոլոր նյութերն ուղարկվում են այն ազգային արտոնագրային գերատեսչություն, որին հայտատուն դիմում է՝ խնդրելով իրականացնել Միության ապրանքային նշանի իր հայտն ապրանքային նշանի գրանցման ազգային հայտի փոխակերպելու գործընթացը։
Ազգային արտոնագրային գերատեսչությունն իրականացնում է Միության ապրանքային նշանի հայտն ապրանքային նշանի գրանցման ազգային այն հայտի փոխակերպումը, որը ճանաչվում է ապրանքային նշանի գրանցման ճիշտ ձեւակերպված ազգային հայտ։
Նշված փոխակերպման թվականից 5 աշխատանքային օրվա ընթացքում ազգային արտոնագրային գերատեսչությունը հայտատուին է ուղարկում այդ փոխակերպման մասին ծանուցում։
Ապրանքային նշանի փոխակերպված հայտով հետագա գործավարությունն իրականացվում է ազգային արտոնագրային գերատեսչության կողմից՝ պահպանելով առաջնության թվականը։ Ապրանքային նշանի գրանցման ազգային հայտի վերաբերյալ որոշումն ընդունվում է յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչության կողմից՝ իր կողմից պատրաստված եզրակացության հիման վրա։
Հայտատուի միջնորդությունը ներկայացնելու եւ քննարկելու, ինչպես նաեւ ապրանքային նշանի գրանցման ազգային հայտի փորձաքննություն անցկացնելու համար տուրք չի գանձվում։
10. Միության ապրանքային նշանի հայտը զատելու մասին սույն հոդվածի 8-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված միջնորդությունը պետք է պարունակի ապրանքների ցանկ այն ապրանքների թվից, որոնք նշված են Միության ապրանքային նշանի սկզբնական հայտում՝ այն ներկայացման գերատեսչություն ներկայացնելու թվականի դրությամբ, եւ այն ապրանքների թվից, որոնք նույնատիպ չեն Միության ապրանքային նշանի սկզբնական հայտում պարունակվող ցանկի ապրանքների թվից այլ ապրանքների, եւ որոնց մասով Միության ապրանքային նշանի սկզբնական հայտն ուժի մեջ է մնում։