Հոդված 33. Մրցույթի հայտերի բացումը
Հոդված 33. Մրցույթի հայտերի բացումը
1. Մրցույթի հայտերը բացվում են մրցույթի հրավերում նշված պահին մրցույթի հանձնաժողովի նիստում: Հայտերի բացման օրը և ժամը պետք է համընկնեն դրանք ներկայացնելու վերջնաժամկետին:
Փակ մրցույթի հայտերը, մրցույթի հրավեր ստացած բոլոր մասնակիցների գրավոր համաձայնության դեպքում կարող են բացվել մրցույթի հանձնաժողովի նիստում մինչև մրցույթի հրավերում նշված ժամկետը լրանալու օրը:
2. Մրցույթի հայտերի բացման նիստում հրապարակվում են`
ա) հայտ ներկայացրած յուրաքանչյուր մասնակցի անվանումը (անունը).
բ) տեղեկություններ` հայտեր պարունակող ծրարների կազմման և ներկայացման` հրավերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ.
գ) տեղեկություններ` բացված յուրաքանչյուր ծրարում մրցույթի հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության վերաբերյալ.
դ) տեղեկություններ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին.
ե) յուրաքանչյուր մասնակցի առաջարկած գինը` տառերով և թվերով արտահայտված.
զ) տեղեկություններ` հայտերի հետկանչման կամ փոփոխությունների մասին:
3. Մրցույթի հայտերը բացվելուց հետո կազմվում է արձանագրություն, որը կցվում է գնման ընթացակարգի արձանագրությանը: Արձանագրությունն ստորագրում են մրցույթի հանձնաժողովի նիստին ներկա անդամները: Արձանագրությունը պարունակում է`
ա) տեղեկություն` հայտերի բացման վայրի, օրվա և ժամի մասին.
բ) հայտեր ներկայացրած մասնակիցների անվանումները (անունները) և գտնվելու հասցեները.
գ) տվյալներ` ծրարների կազմման և ներկայացման` մրցույթի հրավերի պահանջներին համապատասխանության մասին.
դ) տվյալներ` բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության մասին.
ե) տվյալներ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված պայմաններին համապատասխան կազմած լինելու մասին.
զ) յուրաքանչյուր մասնակցի առաջարկած գինը.
է) մրցույթը չկայացած հայտարարվելու դեպքում` դրա հիմնավորումը.
ը) տեղեկատվություն` մրցույթի հայտերի վերաբերյալ հարցումների և պատասխանների մասին.
թ) հանձնաժողովի հաջորդ նիստի վայրը, օրը և ժամը.
ժ) նիստին ներկա հանձնաժողովի անդամների անունները և ազգանունները.
ժա) անհրաժեշտ այլ տեղեկություններ:
4. Եթե մրցույթի հանձնաժողովի անդամը և (կամ) մասնակիցը մրցույթի հայտերի բացման վերաբերյալ ցանկանում է արտահայտել մրցույթի հայտերի բացման նիստի արձանագրության մեջ չներառված կարծիք (հատուկ կարծիք), ապա դա ներկայացնում է գրավոր, որը կցվում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված արձանագրությանը:
5. Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հանձնաժողովի նիստերին: Մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները կարող են պահանջել մրցույթի հանձնաժողովի նիստերի արձանագրությունների պատճենները, որոնք տրամադրվում են աշխատանքային մեկ օրվա ընթացքում:
6. Մրցույթի հայտերի բացման նիստի օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի հայտերի բացման նիստի արձանագրության պատճենները տրամադրվում են այն մասնակիցներին, որոնք կամ որոնց ներկայացուցիչները չեն մասնակցել այդ նիստին: