Հոդված 46. Երկու փուլով մրցույթի անցկացումը
Հոդված 46. Երկու փուլով մրցույթի անցկացումը
1. Երկու փուլով մրցույթ անցկացնելու դեպքում այդ մասին նշվում է բաց մրցույթով գնումների կատարման դեպքում մրցույթի հայտարարության, իսկ փակ մրցույթի դեպքում` մրցույթի հրավերի մեջ:
2. Երկու փուլով մրցույթի ընթացակարգի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 4-րդ բաժնի դրույթները, եթե սույն հոդվածով այլ բան նախատեսված չէ:
3. Երկու փուլով մրցույթի առաջին փուլում մասնակիցները, սույն օրենքին համապատասխան, ներկայացնում են մրցույթի սկզբնական հայտեր, որոնք չպետք է ներառեն գնային առաջարկին վերաբերող պայմաններ: Առաջին փուլում գնահատվում են ներկայացված սկզբնական հայտերը, և դրա շրջանակներում կարող են բանակցություններ վարվել բոլոր մասնակիցների հետ: Բանակցություններ վարելու մասին գրավոր ծանուցվում են մրցույթի հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցները:
4. Երկրորդ փուլում առաջին փուլն անցած մասնակիցներին տրամադրվում է երկրորդ փուլին մասնակցելու հրավեր և առաջարկվում ներկայացնել մրցույթի վերջնական հայտեր, ներառյալ` գնի առաջարկը:
5. Երկրորդ փուլի հրավերում կարող են փոխվել մրցույթի առաջին փուլի հրավերով սահմանված պայմանները, որոնց մասին նշվում է երկրորդ փուլի հրավերում: Մրցույթի վերջնական հայտերը գնահատելու և համեմատելու ժամանակ բանակցություններն արգելվում են:
6. Երկու փուլով մրցույթի դեպքում մրցույթի հայտի ապահովումը ներկայացվում է երկրորդ փուլում` մրցույթի վերջնական հայտով:
7. Մրցույթի առաջին փուլն անցած մասնակիցն իրավունք ունի հրաժարվելու երկրորդ փուլին մասնակցելուց: