Հոդված 8. Փաստաթղթերը, դրանց վավերապայմանները և էլեկտրոնային գնումները
Հոդված 8. Փաստաթղթերը, դրանց վավերապայմանները և էլեկտրոնային գնումները
1. Համապատասխան փաստաթղթեր կազմելով` պետք է ապահովվի գնմանը վերաբերող տեղեկությունների գրառումը:
2. Հրավերով` մասնակցին տեղեկություն ներկայացնելու պայման սահմանվելու դեպքում, միաժամանակ ներկայացվում են այդ տեղեկությունը ներկայացնելու փաստաթղթային օրինակելի ձևը և տեղեկատվության վավերապայմանները: Պահանջվող վավերապայմանների պահպանմամբ, սակայն այլ փաստաթղթային ձևով տեղեկության ներկայացումը, հիմք չէ տեղեկությունը չընդունելու համար:
3. Սույն օրենքով սահմանված գործառույթների շրջանակներում հաղորդակցությունը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով` սույն հոդվածով նախատեսված դրույթների համաձայն:
4. Մրցույթի հայտարարությունները կամ հրավերները կարող են տրամադրվել էլեկտրոնային եղանակով, պայմանով, որ պահանջի դեպքում դրանք տրամադրվեն նաև թղթային ձևով:
5. Հրավերով նախատեսված դեպքում և կարգով հայտերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով:
6. Սույն հոդվածի` էլեկտրոնային ձևով հաղորդակցությանը կամ դրա միջոցներին վերաբերող դրույթները կիրառվում են այնքանով, որքանով այն կիրառողը լիազորված է օգտվելու հաղորդակցության էլեկտրոնային միջոցներից:
7. Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: