Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
պատվիրատու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, պետության կամ համայնքների հիմնարկներ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, պետական կամ համայնքների ոչ առևտրային և պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններ.
գնում` պատվիրատուի հատուցմամբ բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում: Սույն օրենքի իմաստով ծառայության ձեռքբերում է նաև վարձակալությունը և լիզինգը.
գնման պայմանագիր` գնում կատարելու նպատակով կնքվող պայմանագիր.
մասնակից` պատվիրատուի հետ գնման պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձ.
ընտրված մասնակից` մասնակից (մասնակիցներ), որին պատվիրատուն առաջարկում է կնքել գնման պայմանագիր.
հրավեր` գնման պայմանագիր կնքելու նպատակով մասնակցին առաջարկվող պայմաններ.
հայտ` հրավերի հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկ.
հայտի ապահովում` սույն օրենքով նախատեսված դեպքերում մասնակցի կողմից հայտով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող երաշխիք.
գնման պայմանագրի ապահովում` սույն օրենքով նախատեսված դեպքերում ընտրված մասնակցի կողմից գնման պայմանագրով ստանձնվող պարտավորությունների կատարումն ապահովող երաշխիք.
լիազոր մարմին` պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության պետական մարմին.
պետական գնումների գործակալություն` սույն օրենքով նախատեսված գործառույթների կատարման համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած իրավաբանական անձ.
տեղեկագիր` լիազոր մարմնի կողմից հրապարակվող «Գնումների պաշտոնական տեղեկագիր».
գնման առարկա` պատվիրատուի կողմից գնվող ցանկացած տեսակի ապրանք, աշխատանք կամ ծառայություն.
գնման առարկայի բնութագիր` ձեռքբերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության տեխնիկական հատկանիշներ, դրանց ձեռքբերման և վճարման պայմաններ.
խորհրդատվական ծառայություններ` ոչ նյութական բնույթի այն ծառայությունները, որոնց մատուցման արդյունքում չի ստեղծվում չափման ենթակա ֆիզիկական արդյունք.
խորհրդատու` պատվիրատուի հետ խորհրդատվական ծառայությունների գնման պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձ.
ընտրված խորհրդատու` խորհրդատու (խորհրդատուներ), որին պատվիրատուն առաջարկում է կնքել խորհրդատվական ծառայությունների գնման պայմանագիր.
որակավորման չափանիշներ` սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված պայմանները և սահմանափակումները.
գնումների բազային միավոր` Հայաստանի Հանրապետության Ազգային արժույթով արտահայտված` հաշվարկային նվազագույն աշխատավարձի հազարապատիկին համարժեք գումար: