Հոդված 6. Նախաորակավորման ընթացակարգերը
Հոդված 6. Նախաորակավորման ընթացակարգերը
1. Սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքում կարող է անցկացվել մասնակիցների նախաորակավորման ընթացակարգ: Նախաորակավորման ժամանակ կիրառվում են սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված պայմանները:
2. Նախաորակավորում անցկացնելու դեպքում տեղեկագրում հրապարակվում է նախաորակավորման մասին հայտարարություն: Նախաորակավորման մասին հայտարարությամբ սահմանված կարգով մասնակիցն իրավունք ունի պատվիրատուից պահանջելու և երկու աշխատանքային օրվա ընթացքում ստանալու նախաորակավորման հրավեր: Եթե նախաորակավորման մասին հայտարարությամբ նախատեսված է նախաորակավորման հրավերի տրամադրման վճար, ապա փաստաթղթային ձևով կազմված նախաորակավորման հրավերը տրամադրվում է պահանջվող գումարի վճարված լինելը հավաստող` բանկի կողմից տրված փաստաթղթի պատճենի ներկայացման դեպքում: Վճարի չափը չի կարող գերազանցել նախաորակավորման հրավերի պատճենահանման և առաքման ծախսերը:
3. Եթե գնման առարկան պարունակում է պետական կամ ծառայողական գաղտնիք, ապա նախաորակավորման հրավերն ուղարկվում է բոլոր հնարավոր մասնակիցներին:
4. Նախաորակավորման ընթացակարգի մասին հայտարարությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները`
ա) պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը.
բ) նախաորակավորման ընթացակարգի ծածկագիրը.
գ) նախաորակավորման հրավեր ստանալու պայմանները, այդ թվում` դրա համար գանձվող վճարի չափը.
դ) մասնակիցների` նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունքի մասին հայտարարությունը.
ե) լեզուն կամ լեզուները, որոնցով պետք է ներկայացվեն նախաորակավորման հայտերը.
զ) նախաորակավորման հայտերը ներկայացնելու տեղը և վերջնաժամկետը.
է) այլ անհրաժեշտ տեղեկություններ:
5. Նախաորակավորման հրավերը պարունակում է հետևյալ տեղեկությունները`
ա) նախաորակավորման հայտի պատրաստման և ներկայացման կարգը, այդ թվում` ձևն ու վայրը, ներկայացման վերջնաժամկետը, որը չի կարող պակաս լինել նախաորակավորման մասին հայտարարության հրապարակման, իսկ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնման դեպքում` նախաորակավորման հրավերն ուղարկելու օրվան հաջորդող տասնհինգ աշխատանքային օրից.
բ) մասնակցի որակավորման չափանիշները և գնման պայմանագրի պայմանների համառոտ նկարագրությունը.
գ) մասնակցի որակավորման հատկանիշների գնահատման կարգը.
դ) այլ անհրաժեշտ պահանջներ, որոնք վերաբերում են նախաորակավորման ընթացակարգին:
6. Պատվիրատուն պետք է աշխատանքային երեք օրվա ընթացքում պատասխանի մասնակցի` նախաորակավորման վերաբերյալ պարզաբանումներ տալու հարցմանը, եթե այն ստացվել է ոչ ուշ, քան նախաորակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետից աշխատանքային հինգ օր առաջ: Հարցման և տրված պարզաբանման մասին տեղեկատվությունը պատվիրատուն միաժամանակ ներկայացնում է այն մասնակիցներին, որոնք մինչև պարզաբանումը տրամադրելու օրը ներկայացրել են նախաորակավորման հրավեր ստանալու պահանջը, կամ որոնց տրամադրվել է նախաորակավորման հրավեր, ընդ որում` չեն նշվում պարզաբանում պահանջած մասնակցի տվյալները:
7. Նախաորակավորման ընթացքում մասնակցի որակավորումը գնահատվում է նախաորակավորման հրավերով սահմանված կարգով:
8. Նախաորակավորման ընթացակարգի արդյունքներն ամփոփվում են ոչ ուշ, քան նախաորակավորման հայտերը ներկայացնելու վերջնաժամկետից աշխատանքային քսան օրվա ընթացքում:
9. Նախաորակավորման ընթացակարգի արդյունքների մասին կազմվում է արձանագրություն, որը նախաորակավորման ընթացակարգի արդյունքներն ամփոփելու օրվանից աշխատանքային երեք օրվա ընթացքում ուղարկվում է նախաորակավորման մասնակիցներին: Գնման գործընթացին հետագա մասնակցության իրավունք են ստանում նախաորակավորումն անցած` առավել բարձր գնահատական ստացած մինչև վեց մասնակիցներ: Եթե առավել բարձր գնահատական են ստացել վեցից ավելի մասնակիցներ, ապա նախաորակավորումն անցած են համարվում առավել բարձր գնահատական ստացած բոլոր մասնակիցները:
10. Նախաորակավորման ընթացակարգի կիրարկման կարգի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: