Հոդված 13
Հոդված 13.
1. Սույն դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են կրթության` յուրաքանչյուր մարդու իրավունքը: Նրանք համաձայնում են, որ կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատի և նրա արժանապատվության գիտակցման լիակատար զարգացմանը և պետք է ամրապնդի հարգանքը մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ: Մասնակցող պետություններն, այնուհետև, համաձայնում են այն բանին, որ կրթությունը պետք է բոլորին հնարավորություն ընձեռնի լինելու ազատ հասարակության օգտակար մասնակիցներ, նպաստի բոլոր ազգերի և բոլոր ռասաների, էթնիկական խմբերի միջև փոխըմբռնմանը, հանդուրժողականությանն ու բարեկամությանը և զորակցի խաղաղության պահպանման ուղղությամբ միավորված ազգերի կազմակերպության աշխատանքին:
2. Սույն դաշնագրին մասնակցող պետությունները գտնում են, որ այդ իրավունքի լրիվ իրականացման համար`
a/ սկզբնական կրթությունը պետք է լինի պարտադիր և անվճար բոլորի համար,
b/ միջնակարգ կրթությունն իր զանազան ձևերով, ներառյալ պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթությունը, պետք է լինի բաց և մատչելի բոլորի համար` բոլոր անհրաժեշտ միջոցների ձեռնարկման և, մասնավորապես, անվճար կրթություն աստիճանաբար մտցնելու ուղիով:
c/ բարձրագույն կրթությունը պետք է կազմակերպվի հավասարապես մատչելի բոլորի համար` յուրաքանչյուրի ընդունակությունների հիման վրա բոլոր անհրաժեշտ միջոցների ձեռնարկման, և մասնավորապես, անվճար կրթություն աստիճանաբար մտցնելու ուղիով,
d/ տարրական կրթությունը պետք է խրախուսվի կամ ուժեղացվի հնարավորին չափ նրանց համար, ովքեր չեն անցել կամ չեն ավարտել իրենց սկզբնական կրթության լրիվ դասընթացը,
e/ պետք է եռանդագին իրագործվի բոլոր աստիճանների դպրոցների ցանցի զարգացումը, պետք է սահմանվի կրթաթոշակների բավարար համակարգ, և պետք է մշտապես բարելավվեն ուսուցչական կազմի նյութական պայմանները:
3. Սույն դաշնագրին մասնակցող պետությունները պարտավորվում են հարգել իրենց երեխաների համար ոչ միայն պետական իշխանությունների կողմից հիմնադրված դպրոցները, այլև մյուս այն դպրոցները ընտրելու ծնողների և համապատասխան դեպքերում օրինական խնամակալների ազատությունը, որոնք համապատասխանում են կրթության պահանջների այն նվազագույնին, որը կարող է սահմանվել կամ հաստատվել պետության կողմից, և հարգել իրենց երեխաների կրոնական և բարոյական դաստիարակությունը իրենց սեփական համոզմունքներին համապատասխան ապահովելու նրանց ազատությունը:
4. Սույն հոդվածի ոչ մի մաս չպետք է մեկնաբանվի ուսումնական հաստատություններ ստեղծելու և սույն հոդվածի 1 կետում շարադրված սկզբունքների անփոփոխ պայմանով և դրանք ղեկավարելու առանձին անձանց և հիմնարկների ազատությունը և այն պահանջը նվազեցնելու իմաստով, որպեսզի այդպիսի հիմնարկներում տրվող կրթությունը համապատասխանի պահանջների այն նվազագույնին, որը կարող է սահմանվել պետության կողմից: