Հոդված 177. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ
Հոդված 177. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ
1. Հանցագործությունների մասին ֆիզիկական անձանց հաղորդումները կարող են լինել գրավոր կամ բանավոր:
2. Քննչական գործողություն կատարելիս կամ դատական քննության ընթացքում հանցագործության մասին արված բանավոր հաղորդումը մտցվում է համապատասխանաբար` քննչական գործողության կամ դատական նիստի արձանագրության մեջ: Այլ դեպքերում կազմվում է առանձին արձանագրություն: Արձանագրության մեջ պետք է նշվեն դիմողի ազգանունը, անունը, ծննդյան թիվը, բնակարանի և ծառայողական հասցեն, նրա առնչությունը հանցագործությանը և իրազեկության աղբյուրը, ինչպես նաև տեղեկություններ նրա կողմից ներկայացված անձը հաստատող փաստաթղթերի մասին: Եթե դիմողը չի ներկայացրել անձը հաստատող փաստաթղթեր, պետք է ձեռնարկվեն այլ միջոցառումներ` նրա անձի մասին տեղեկություններն ստուգելու համար:
3. Եթե լրացել է դիմողի 16 տարին, նա նախազգուշացվում է սուտ մատնության համար պատասխանատվության մասին, ինչը հաստատում է իր ստորագրությամբ:
4. Հաղորդումն արձանագրության մեջ շարադրվում է առաջին դեմքով:
5. Արձանագրությունն ստորագրում են դիմողը և հաղորդումն ընդունող պաշտոնատար անձը:
6. Սույն հոդվածի առաջին, երկրորդ, չորրորդ և հինգերորդ մասերում շարադրված կանոնները տարածվում են նաև դիմողի կատարած հանցանքի մասին հաղորդման վրա` մեղայականով ներկայանալու դեպքում:
7. Չստորագրված կամ կեղծ ստորագրությամբ կամ մտացածին անձի անունից գրված նամակը, հայտարարությունը կամ հանցագործության մասին այլ անանուն հաղորդումը քրեական գործ հարուցելու առիթ չէ:
(177-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն)