Հոդված 499.13. Միջազգային դատարանի դատավճռի կատարման իրավական հիմքերը և կարգը
Հոդված 499.13. Միջազգային դատարանի դատավճռի կատարման իրավական հիմքերը և կարգը
1. Միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է կատարվել տվյալ դատարանի վերաբերյալ միջազգային պայմանագրերին Հայաստանի Հանրապետության մասնակից լինելու դեպքում։
2. Միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է ի կատար ածվել նաև այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում նման միջազգային պարտավորություն ստանձնած չլինելով հանդերձ` տվյալ դատարանի իրավասության շրջանակներում միջազգային դատարանի հետ գրավոր համաձայնություն է ձեռք բերել այդ դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ի կատար ածելու վերաբերյալ։
3. Միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում ի կատար ածման է ներկայացվում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան և առանց դատավճիռը Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի կողմից ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելու, եթե նշված պարտավորություններով այլ բան նախատեսված չէ։
4. Միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում ի կատար ածման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների համաձայն` որոշում է քրեակատարողական այն հիմնարկը, որտեղ պետք է դատապարտված անձը կրի դատավճռով նշանակված պատիժը։
5. Միջազգային դատարանի դատավճռով Հայաստանի Հանրապետությունում պատիժ կրող անձի նկատմամբ գործում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենքի ռեժիմը՝ միջազգային պայմանագրերով նախատեսված բացառություններով։
(499.13 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)