Հոդված 426.3. Դատական ակտերի վերանայման հիմքերն ու ժամկետները նոր երևան եկած հանգամանքների հետևանքով
Հոդված 426.3. Դատական ակտերի վերանայման հիմքերն ու ժամկետները նոր երևան եկած հանգամանքների հետևանքով
1. Նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են, եթե`
1) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված է վկայի, տուժողի ցուցմունքների, թարգմանչի կատարած թարգմանության ակնհայտ սխալ կամ փորձագետի եզրակացության ակնհայտ կեղծ լինելը, ինչպես նաև իրեղեն ապացույցների, քննչական ու դատական գործողությունների արձանագրությունների և այլ փաստաթղթերի կեղծված լինելը, որոնք հանգեցրել են չհիմնավորված կամ անօրինական դատավճիռ կայացնելուն.
2) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված են դատավորների հանցավոր գործողությունները, որոնք նրանք թույլ են տվել տվյալ գործը քննելիս.
3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված են գործի քննությունը կատարող անձանց այնպիսի հանցավոր գործողություններ, որոնք հանգեցրել են դատարանի չհիմնավորված և անօրինական դատավճիռ կամ գործը կարճելու վերաբերյալ որոշում կայացնելուն.
4) ի հայտ են եկել դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այլ հանգամանքներ, որոնք ինքնին կամ մինչև այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են դատապարտյալի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ինչպես նաև ապացուցում են արդարացվածի կամ այն անձի մեղավորությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ գործով վարույթը կարճվել է.
5) համագործակցության վարույթով դատավճիռ կայացնելուց հետո ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հիմնավորում են, որ համագործակցության համաձայնագիր կնքած անձը քրեական հետապնդման մարմնին դիտավորյալ հայտնել է սուտ տեղեկություններ կամ թաքցրել է որևէ էական տեղեկություն կամ խոչընդոտել է համագործակցության արդյունքում բացահայտված հանցագործության հետագա քննությանը:
2. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայելու համար բողոք կարող է բերվել 4 ամսվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:
3. Եթե վաղեմության ժամկետները լրանալու, համաներման մասին օրենք ընդունվելու կամ առանձին անձանց ներում շնորհելու պատճառով, ինչպես նաև մեղադրյալի մահվան հետևանքով դատական ակտ կայացնելն անհնարին է, ապա սույն հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերում մատնանշված նոր երևան եկած հանգամանքները պարզվում են սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարվող քննությամբ:
4. Արդարացման դատավճռի և գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումների վերանայումը թույլատրվում է միայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների ընթացքում:
5. Այն դատական ակտի վերանայումը, որով մեղադրական դատավճիռ է կայացված այնպիսի հանգամանքներ ի հայտ գալու հետևանքով, որոնք ցույց են տալիս դատապարտյալի անմեղությունը կամ նրա կողմից ավելի թեթև հանցանք կատարելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ժամկետներով սահմանափակված չէ:
6. Դատապարտյալի մահը արգելք չէ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտը վերանայելուն՝ դատապարտյալի կամ այլ անձանց իրավունքների վերականգնման նպատակով:
7. Սույն հոդվածի դրույթները կիրառելի են նաև այն քրեական գործերով, որոնցով դատավճիռ չի կայացվել:
(426.3-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն, 01.11.18 ՀՕ-415-Ն, լրաց. 05.05.21 ՀՕ-200-Ն)
(05.05.21 ՀՕ-200-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
⚖ ⚖ ⚖ ⚖ ⚖ ⚖ ⚖ ⚖