Հոդված 246. ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 246. ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
1. Եթե քրեական գործով նշանակություն ունեցող որևէ հարցի պարզումը հնարավոր է միայն տարբեր բնագավառներում հատուկ գիտելիքների կամ հետազոտության տարբեր մեթոդիկաների միաժամանակյա կիրառման հիման վրա, ապա պետք է նշանակվի համալիր փորձաքննություն:
2. Համալիր փորձաքննության շրջանակում պարզաբանված փաստական տվյալների համակցության հիման վրա փորձագետներից յուրաքանչյուրն իր հատուկ գիտելիքների սահմաններում մասնակցում է ընդհանուր եզրակացության ձևավորմանը:
3. Փորձագետն իրավունք չունի ստորագրել համալիր փորձաքննության եզրակացության այն մասը, որը չի պատկանում իր գիտական իրավասությանը:
4. Եթե փորձաքննության կատարումը հանձնարարված է փորձագիտական հիմնարկին` առանց համալիր փորձաքննություն կատարելու պահանջի, ապա անհրաժեշտության դեպքում այդ հիմնարկի ղեկավարը կարող է կազմակերպել համալիր փորձաքննություն: