Հոդված 19
Հոդված 19.
Ընդունված տեխնիկական կանոնակարգերի վերանայումը
1. Գործող տեխնիկական կանոնակարգերը համապատասխան աշխատանքային խմբի կողմից վերանայվում են «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» դրանց հրապարակման օրվանից հետո` 5 տարվա ընթացքում:
2. Կանոնակարգող մարմինները հանրային տեղեկատվության միջոցներով հրապարակում են գործող տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու կամ դրանց գործողությունը դադարեցնելու վերաբերյալ առաջարկությունները` նշելով դրանց մասին առաջարկությունների տրամադրման ժամկետներն ու վայրը: Առաջարկությունների տրամադրման ժամկետը չպետք է գերազանցի 30 օրը:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը լրանալուց հետո աշխատանքային խումբը քննարկում է առաջարկությունները և տալիս է եզրակացություն տեխնիկական կանոնակարգի փոփոխության կամ դրա ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ:
4. Գործող տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ եզրակացություն ընդունելու դեպքում համապատասխան կանոնակարգող մարմինները գումարում են համապատասխան աշխատանքային խմբի նիստ:
5. Այն տեխնիկական կանոնակարգերը, որոնք վերանայվել են, սակայն ուժը կորցրած չեն ճանաչվել, կամ դրանցում փոփոխություններ չեն կատարվել, համապատասխան նշումով նշագրվում են համակարգող մարմնի տեխնիկական կանոնակարգերի գրանցամատյանում:
6. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակմանը հաջորդող 5 տարվա ընթացքում չվերանայված տեխնիկական կանոնակարգի գործողության 5 տարին լրանալուց հետո համակարգող մարմինը 3 ամսվա ընթացքում նախապատրաստում է դրա` ուժը կորցրած ճանաչելու մասին իրավական ակտի նախագիծ և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն: