Հոդված 6
Հոդված 6.
Տեխնիկական կանոնակարգման, այդ թվում` համապատասխանության գնահատման ընթացակարգերի ընդհանուր սկզբունքները
1. Տեխնիկական կանոնակարգերը, այդ թվում` համապատասխանության գնահատման ընթացակարգերը մշակվում են առևտրում ավելորդ խոչընդոտներ չստեղծելու կամ դրանց ստեղծմանը չհանգեցնելու, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության, մարդու առողջության և անվտանգության պահպանության, շրջակա միջավայրի պահպանության, ազգային անվտանգության ապահովման սկզբունքով:
2. Տեխնիկական կանոնակարգերը, այդ թվում` համապատասխանության գնահատման ընթացակարգերը պետք է մշակվեն միջազգային և եվրոպական ստանդարտների հիման վրա (բացառությամբ, երբ դրանք անարդյունավետ կամ անհամապատասխան են` հաշվի առնելով պաշտպանվածության (պաշտպանության) ոչ բավարար մակարդակը կամ պետության հիմնական կլիմայական, աշխարհագրական պայմանները, տեխնիկական խնդիրներն ու պայմանները), իսկ միջազգային և եվրոպական ստանդարտների բացակայության դեպքում` տարածաշրջանային և ազգային ստանդարտների հիման վրա:
3. Տեխնիկական կանոնակարգերը պետք է լինեն հստակ, ճշգրիտ և ունենան կառուցվածքային միասնականություն, իսկ պահանջները հնարավորության սահմաններում պետք է վերաբերեն ոչ թե արտադրանքի կառուցվածքին կամ նկարագրությանը, այլ բնութագրերին:
4. Տեխնիկական կանոնակարգերի և համապատասխանության գնահատման ընթացակարգերի նախագծերի վերաբերյալ ազգային կամ միջազգային բոլոր շահագրգիռ կողմերի մեկնաբանությունները քննարկում է տեխնիկական կանոնակարգեր կամ համապատասխանության գնահատման ընթացակարգեր մշակող համապատասխան աշխատանքային խումբը: