Հոդված 7
Հոդված 7.
Տեխնիկական կանոնակարգերը
1. Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական կանոնակարգերն են Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները, որոնցով սահմանված են արտադրանքի (գործընթացների) վերաբերյալ տեխնիկական պահանջները և, անհրաժեշտության դեպքում, այդ պահանջներին համապատասխանության գնահատման ընթացակարգերը, ինչպես նաև տերմինաբանությանը, փաթեթավորմանը, պայմանանշաններին, արտադրանքի մակնշմանը և պիտակավորմանը ներկայացվող պահանջները:
2. Տեխնիկական կանոնակարգերի բովանդակությանը ներկայացվող պահանջներն են`
1) տեխնիկական կանոնակարգերը առևտրի վրա չպետք է թողնեն առավել սահմանափակող ազդեցություն, քան դա անհրաժեշտ է հետևյալ նպատակների իրականացման համար`
ա. ազգային անվտանգության ապահովում,
բ. մարդու կյանքի, առողջության և անվտանգության պաշտպանություն,
գ. նյութական արժեքների պահպանում,
դ. կենդանական և բուսական աշխարհի պահպանություն,
ե. շրջակա միջավայրի պահպանություն,
զ. բնական և էներգետիկ պաշարների արդյունավետ օգտագործում, էներգախնայողության և էներգաարդյունավետության կիրառում,
է. արտադրանքի անվտանգությանը, որակին, բաղադրությանը, ծագմանը, նշանակությանը վերաբերող հարցերում սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործողությունների մասին նախազգուշացում.
2) տեխնիկական կանոնակարգերը պետք է`
ա. այն երկրներից ներմուծված արտադրանքի համար, որոնց հետ առկա են համապատասխան պայմանագրեր, ապահովեն ոչ պակաս բարենպաստության ռեժիմ, քան տրամադրվում է նմանատիպ հայրենական արտադրանքի համար,
բ. մշակվեն և կիրառվեն այնպես, որ չստեղծեն տեխնիկական խոչընդոտներ այն երկրների հետ առևտրում, որոնց հետ կնքված են համապատասխան պայմանագրեր,
գ. մշակվեն գիտական տվյալների հիման վրա.
3) տեխնիկական կանոնակարգը կարող է նախատեսել հետևյալ տարրերը`
ա. կանոնակարգվող ոլորտի սահմանում` նկարագրվում է արտադրանքը կամ արտադրանքի խումբը, որին վերաբերում են համապատասխան տեխնիկական կանոնակարգը, ռիսկերի տեսակները, որոնք անհրաժեշտ է բացառել, անհրաժեշտության դեպքում նաև` արտադրանք կամ արտադրանքի խումբ, որի վրա չեն տարածվում տվյալ տեխնիկական կանոնակարգի պահանջները,
բ. կանոնակարգվող ոլորտի համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի կամ արտադրանքի խմբեր` սահմանվում է արտադրանքը, որը ենթակա է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման,
գ. կանոնակարգվող ոլորտի արտադրանք կամ արտադրանքի խմբեր, որոնք ենթակա չեն համապատասխանության գնահատման` նշվում է այն արտադրանքը, որը ենթակա չէ տվյալ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման,
դ. արտադրանքին կամ արտադրանքի համապատասխան խմբերին ներկայացվող հիմնական պահանջներ` հստակ սահմանումներով պահանջներ, որոնք ներկայացվում են արտադրանքին դրանց շուկայահանման նպատակով: Հիմնական պահանջները տեխնիկական կանոնակարգերի հիմնական մասերից են: Այն դեպքում, երբ արտադրանքն արտադրվել է չփոխկապակցված ստանդարտների հիման վրա, այն ենթակա է համապատասխանության գնահատման երրորդ կողմի միջոցով,
ե. համապատասխանության գնահատման ընթացակարգեր` կանոնակարգվող ոլորտի արտադրանքի համար (նախատեսված լինելու դեպքում) նշվում են մեկ կամ մի քանի համապատասխանության գնահատման համահավասար ընթացակարգեր,
զ. համապատասխանության ազգային նշանի կիրառման կանոններ, որոնք սահմանվում են գործող օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթների համաձայն,
է. չափումների միասնականության ապահովմանը ներկայացվող պահանջներ` անհրաժեշտության դեպքում նշվում են կիրառվող չափանմուշները, չափման միջոցները, նյութերը, չափումներ իրականացնելու ձևերը` չափումների սխալանքի հետ միասին և այլն,
ը. կանոնակարգվող ոլորտում գործունեություն իրականացնելու համար օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված համապատասխանության գնահատման մարմիններին ներկայացվող պահանջներ, այդ թվում` հատուկ պահանջներ, որոնք սահմանված են կանոնակարգող մարմնի կողմից,
թ. սերտիֆիկացվող արտադրանքի պարբերական գնահատման հաճախականությունը կամ հաճախականության որոշման չափանիշներ, համապատասխանության սերտիֆիկատների և հայտարարագրերի գործողության ժամկետի կասեցման կամ դրանց ուժը կորցրած ճանաչելու մասին չափանիշներ,
ժ. շուկայի վերահսկողության մարմինների կողմից իրականացվող միջոցառումներ` սահմանված պահանջներին արտադրանքի մեկ կամ մի քանի տեսակի անհամապատասխանության հայտնաբերման և վտանգավոր լինելու դեպքում:
Տեխնիկական կանոնակարգը կարող է նախատեսել նաև այլ տարրեր:
3. Կանոնակարգող մարմինների ցանկը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Համապատասխանության հայտարարագրում նախատեսվող տեխնիկական կանոնակարգը պետք է ներառի համապատասխանության հայտարարագրման ընթացակարգ, ձև, բովանդակություն և համապատասխանության հայտարարագրի պահպանման ժամկետ:
5. Ազգային ստանդարտների ցանկը, որոնք կամավոր կիրառման դեպքում արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի պահանջների համապատասխանության կանխավարկածի ապացույց են, հրապարակում է Ստանդարտացման ազգային մարմինը` համակարգող մարմնի հանձնարարությամբ:
(7-րդ հոդվածը փոփ. 30.04.13 ՀՕ-41-Ն)