Հոդված 24
Հոդված 24.
Համապատասխանության հայտարարագիրը և համապատասխանության սերտիֆիկատը
1. Արտադրողը հայտարարագիր է լրացնում տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող շուկայահանված ողջ արտադրանքի համապատասխանության մասին, եթե տեխնիկական կանոնակարգն այլ բան չի նախատեսել:
2. Եթե տեխնիկական կանոնակարգն առավել տեղեկատվություն չի նախատեսել, ապա համապատասխանության հայտարարագիրը պետք է ընդգրկի հետևյալ տեղեկատվությունը՝
1) արտադրանքի տվյալներ (անվանում, մոդելի տեսակ կամ համար, ցանկացած հավելյալ տեղեկություն, օրինակ՝ խմբաքանակ կամ սերիական համար, բաղադրիչ մասերի անվանումներ).
2) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ հայտարարություն, որին պետք է համապատասխանի արտադրանքը, ներառյալ` հղումներ փոխկապակցված ազգային ստանդարտներին.
3) լրացուցիչ տեղեկատվություն (արտադրանքի տեսակը կամ դասը)՝ համաձայն տեխնիկական կանոնակարգի.
4) հայտարարագրի ձևակերպման ամսաթիվը, արտադրողի կամ լիազորված ներկայացուցչի անվանումը, հասցեն և ստորագրությունը.
5) համապատասխանության գնահատման ընթացակարգ իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմնի անվանումը, հասցեն և (անհրաժեշտության դեպքում) նշանակված մարմինների գրանցամատյանում արձանագրված նույնականացման կոդը:
3. Արտադրողը համապատասխանության գնահատման համար պարտավոր է համապատասխանության գնահատման նշանակված մարմնից ստանալ համապատասխանության սերտիֆիկատ և (կամ) փորձարկման արձանագրություն սույն օրենքի պահանջների համաձայն, եթե տեխնիկական կանոնակարգով նախատեսված է նման ընթացակարգ:
4. Համապատասխանության հայտարարագրի` սերտիֆիկատի և (կամ) փորձարկման արձանագրության ձևը սահմանում է համակարգող մարմինը: