Հոդված 20
Հոդված 20.
Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման մարմնի նշանակումը
1. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատումն իրականացնում են համապատասխանության գնահատման համար նշանակված մարմինները:
2. Համապատասխանության գնահատման մարմինը նշանակվում է համակարգող մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ընթացակարգով և չափանիշներով:
3. Համապատասխանության գնահատման մարմինը նշանակման համար համակարգող մարմին է ներկայացնում հայտ, որին կցվում են համապատասխանության գնահատման գործունեության նկարագիրը, համապատասխանության գնահատման մեկ կամ մի քանի ընթացակարգերի անվանումները և մեկ կամ մի քանի արտադրանքի անվանումները, որոնց նկատմամբ համապատասխանության գնահատման մարմինը հայտարարում է իր տեխնիկական իրավասությունը, ինչպես նաև հավատարմագրման ազգային մարմնի տված հավատարմագրման վկայագիրը:
4. Համապատասխանության գնահատման մարմնի նշանակման համար նախատեսված փաստաթղթերի ձևերը սահմանում է համակարգող մարմինը:
5. Նշանակված մարմինները գրանցվում են համապատասխանության գնահատման նշանակված մարմինների գրանցամատյանում, որը վարում է համակարգող մարմինը:
6. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինների գրանցամատյանը պետք է մատչելի լինի հասարակության համար էլեկտրոնային և (կամ) այլ տարբերակով և հրապարակվի համակարգող մարմնի պաշտոնական կայքում:
7. Վիճահարույց հարցերի ծագման դեպքում համապատասխանության գնահատման մարմինն իրավունք ունի դիմելու համապատասխանության գնահատման մարմինների նշանակման բողոքարկման հանձնաժողով:
8. Օրենքին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ընթացակարգերին և պահանջներին չհամապատասխանելու դեպքում համակարգող մարմինը կարող է որոշում ընդունել նշանակումը կասեցնելու կամ չեղյալ համարելու վերաբերյալ, եթե հայտնաբերվել է, որ համապատասխանության գնահատման նշանակված մարմինները չեն հետևում սահմանված չափանիշներին կամ չեն իրականացնում իրենց պարտականությունները` համաձայն սույն օրենքի:
8.1. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինները վճարում են պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն:
(20-րդ հոդվածը լրաց. 30.04.13 ՀՕ-41-Ն)