Հոդված 18. Պետական կառավարման համակարգի մարմինների լիազորություններն աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ
Հոդված 18. Պետական կառավարման համակարգի մարմինների լիազորություններն աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ
1. Պետական կառավարման համակարգի մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ՝
1) իրականացնում են իրենց գործունեության ոլորտի աղետների ռիսկի, ներառյալ կլիմայի փոփոխության գնահատման գործընթացը, մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող առաջին ամսվա վերջին աշխատանքային օրը հաստատում են ամենամյա հաշվետվությունը և հնգօրյա ժամկետում ներկայացնում լիազոր մարմին.
2) մասնակցում են հանրապետական մակարդակում աղետների ռիսկի, ներառյալ կլիմայի փոփոխության գնահատման աշխատանքներին.
3) աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում համակարգում են իրենց ենթակա կազմակերպությունների աշխատանքները` անկախ կազմակերպաիրավական ձևից.
4) իրենց իրավասության ոլորտում իրականացնում են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումն ու տրամադրումը լիազոր մարմնին.
5) իրենց ոլորտային զարգացման ծրագրերում (լիազոր մարմնի հետ նախապես համաձայնեցված) ներառում են աղետների ռիսկի կառավարման, կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ, ապահովում դրանց իրականացումն ու մշտադիտարկումը.
6) մշակում, լիազոր մարմնի հետ համաձայնեցնում, հաստատում և Կառավարության սահմանած կարգով լիազոր մարմին են ներկայացնում արտակարգ իրավիճակներում գործելու իրենց պլանները՝ ներառելով հանրապետական արձագանքման պլաններով իրենց վերապահված գործողությունները, ապահովում դրանց կիրարկումը.
7) իրենց համակարգում ստեղծում են ազդարարման համակարգեր, ապահովում դրանց անխափան աշխատանքը.
8) իրենց իրավասության ոլորտում ապահովում են բարձր ռիսկայնության օբյեկտների և կարևորագույն նշանակության օբյեկտների գործունեության անվտանգության ապահովման նորմերի պահանջների կատարումը.
9) իրականացնում են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ուղղությամբ իրենց աշխատողների ուսուցումը, իրազեկումը և ուսումնավարժությունների անցկացումը.
10) իրենց պատկանող շենքերում և շինություններում տեղադրում են արտակարգ իրավիճակներում գործողություններ նախատեսող կողմնորոշիչ ցուցանակներ.
11) իրենց իրավասության ոլորտում կնքում են պայմանագրեր, համաձայնագրեր և հուշագրեր մարդասիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ։