Հոդված 8. Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության միջոցառումները
Հոդված 8. Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության միջոցառումները
1. Աղետների ռիսկի նվազեցման միջոցառումներն են՝
1) աղետների ռիսկի բաղադրիչների (վտանգ, խոցելիություն և կարողություն) գնահատումը և մշտադիտարկումը.
2) աղետների ռիսկի և կլիմայի փոփոխության հարմարվողականության տեղեկատվական միասնական համակարգի ստեղծումը և կառավարումը.
3) պլանավորման փաստաթղթերում և զարգացման ծրագրերում աղետների ռիսկի կառավարման, կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների ներառումը, այդ ծրագրերից բխող նոր ռիսկերի բացառումը կամ նվազեցումը.
4) աղետների ռիսկի կառավարման, արտակարգ իրավիճակներում գործելու, հանրապետական և փոխհամագործակցության պլանների մշակումը և կիրարկման ապահովումը՝ հաշվի առնելով բնակչության խոցելի խմբերի առանձնահատկությունները.
5) ազդարարման միասնական համակարգի ստեղծումը և հասանելիության ապահովումը բոլոր մակարդակներում` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով բնակչության խոցելի խմբերի կարիքներին.
6) բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովման, տարահանման, պատսպարման նախապատրաստական աշխատանքների մշտադիտարկումը.
7) բնակչության պաշտպանության տեսանկյունից բնակավայրերի, տարածքների գլխավոր հատակագծերում և մանրամասն հատակագծման ու գոտևորման նախագծերում արտադրական վտանգավոր օբյեկտների նպատակահարմար տեղաբաշխումը.
8) շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, տրանսպորտային հաղորդակցության ուղիների և մայրուղիների շինարարության, անվտանգ և հուսալի շահագործման նորմատիվ փաստաթղթերի պահանջների ապահովումը.
9) վտանգավոր և բարձր ռիսկայնության օբյեկտների գործունեության անվտանգության ապահովումը.
10) բնական, տեխնոլոգիական, ճառագայթային, քիմիական և կենսաբանական վտանգների մշտադիտարկումը.
11) ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների աշխատողների, մասնագետների, կամավորների, «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև աղետների ռիսկերի կառավարմանը մասնակցող այլ սուբյեկտների ուսուցումը.
12) ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների գործունեության կայունության և աշխատանքների անխափան շարունակականության ապահովումը.
13) ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների համալիր գնահատումը և ոչ պլանավորված ուսումնասիրությունները.
14) աղետների ռիսկի նվազեցման, դիմակայունության և անվտանգության մշակույթի ձևավորման ուղղությամբ բնակչության բոլոր շերտերի համար ուսուցման, կրթական ծրագրերի, մասնագիտացված կրթական ծրագրերի և իրազեկման ապահովումը՝ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերի կարիքներին.
15) արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, փրկարարական, վթարավերականգնողական և անհետաձգելի արձագանքման աշխատանքների ու բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման, տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված պաշարների կուտակումը, պահպանումը, թարմացումը և տրամադրումը։
2. Արտակարգ իրավիճակներում արձագանքման և վաղ վերականգնման միջոցառումներն են՝
1) ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների ազդարարումը.
2) փրկարարական, վթարավերականգնողական և անհետաձգելի արձագանքման աշխատանքների կատարումը.
3) ճառագայթային, քիմիական ու կենսաբանական գործոններից բնակչության պաշտպանության հատուկ միջոցառումների իրականացումը.
4) բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը, տարահանման և պատսպարման միջոցառումների իրականացումը.
5) բնակչության իրազեկումը, տեղեկատվության հասանելիության և հետադարձ կապի միջոցների ապահովումը.
6) շրջակա միջավայրի վիճակի դիտարկումը, զննումը և վերահսկողությունը.
7) խմելու ջրի, սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջների նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերով աղտոտվածության մշտադիտարկումը, զննումը և վերահսկողությունը.
8) հասարակական կարգի, ինչպես նաև պաշտպանական նշանակության, բնակչության կենսագործունեությունն ապահովող կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության ուժեղացումը.
9) բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը.
10) բնակչության կենսաապահովման միջոցառումների իրականացումը.
11) տուժած բնակչությանը ֆինանսական աջակցության տրամադրումը՝ Կառավարության սահմանած կարգով.
12) քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժման, բեռների ներմուծման և արտահանման կանոնակարգումը.
13) տրանսպորտային միջոցների ներգրավման ապահովումը.
14) կարիքների արագ գնահատումը և աղետի գոտում վաղ վերականգնման միջոցառումների ապահովումը.
15) միջազգային մարդասիրական օգնության հայտի ներկայացումը, միջազգային արագ արձագանքման թիմերի, փորձագետների, մարդասիրական բեռների և ուղեկցող անձնակազմի ներգրավման կազմակերպումը.
16) կորած անձանց առաջնահերթ որոնումը, հայտնաբերումը և ընտանիքի հետ միավորումը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով բնակչության խոցելի խմբերին.
17) տուժած բնակչությանը ժամանակավոր կացարաններով ապահովումը.
18) պետական սեփականություն հանդիսացող գույքի, նյութական պաշարների և միջոցների նպատակային հավաքագրումը և օգտագործումը.
19) անհրաժեշտության դեպքում պետական սեփականություն չհամարվող գույքի ժամանակավոր տիրապետումը և օգտագործումը.
20) էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի և ենթակառուցվածքների օգտագործումն ու լրացուցիչ կապուղիների հատկացումը.
21) բնակչության պաշտպանության միջոցառումների ինժեներական ապահովումը.
22) վթարված ինժեներական կառույցների գնահատումը և վերականգնման կազմակերպումը.
23) էներգահամակարգի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը.
24) «Հանրային առողջապահության մասին» օրենքով սահմանված միջոցառումների իրականացումը.
25) սոցիալական պաշտպանության համակարգում աղետների ռիսկի կառավարման և արագ արձագանքման մեխանիզմների գործարկումը.
26) գյուղատնտեսական մշակաբույսերի և կենդանիների առողջության պաշտպանության իրականացումը.
27) միջազգային ֆինանսական օգնության ներգրավումը.
28) անհատների ներգրավումը իրենց համաձայնությամբ՝ ըստ մասնագիտական և անհատական ունակությունների:
3. Հետաղետային վերականգնման միջոցառումներն են՝
1) աղետի հետևանքով պատճառված վնասի և կորստի գնահատումն ու հաշվառումը.
2) հետաղետային վերականգնման կարիքների գնահատումը.
3) տնտեսական գործունեության և բնակչության բնականոն կենսագործունեության hետաղետային վերականգնմանն ուղղված քաղաքականության մշակումը, դրա իրականացմանն ուղղված միջոցառումների միասնական ծրագրի մշակումն ու իրականացումը` հաշվի առնելով խոցելի խմբերի կարիքները, պատմամշակութային հուշարձանների և մշակութային արժեքների հետաղետային վերականգնումը, այդ գործընթացում աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների ներառումը, ինչպես նախկին, այնպես էլ նոր ռիսկերի բացառումը կամ նվազեցումը.
4) հետաղետային վերականգնման միջոցառումների իրականացմանն ուղղված ռեսուրսների, ներառյալ ֆինանսական միջոցների ներգրավումն ու կառավարումը.
5) հետաղետային վերականգնման գործընթացներում շինարարական, արդյունաբերական, քիմիական, ռադիոակտիվ թափոնների պահեստարանների տեղաբաշխման համար առավել անվտանգ տեղամասերի հստակեցումը, թափոնների մեկուսացումը և վերացումը, ռադիոակտիվ թափոնների վերամշակումը կամ թաղումը՝ բնապահպանական և բնակչության անվտանգության ապահովման միջազգային չափանիշներին համապատասխան.
6) հանրապետական, մարզային կամ համայնքային մակարդակներում վերականգնողական աշխատանքների իրականացման կարողությունների հզորացումը։