Հոդված 34. Արտակարգ իրավիճակներին արձագանքման կառավարման մարմինները
Հոդված 34. Արտակարգ իրավիճակներին արձագանքման կառավարման մարմինները
1. Արտակարգ իրավիճակներին արձագանքման կառավարման մարմիններն են՝
1) հանրապետական մակարդակում՝
ա. վարչապետը, որն արտակարգ իրավիճակներին արձագանքումը կառավարելու վերաբերյալ կայացնում է որոշումներ՝ արտակարգ իրավիճակների հանրապետական հանձնաժողովի ներկայացրած առաջարկությունների հիման վրա,
բ. արտակարգ իրավիճակների հանրապետական հանձնաժողովը՝ վարչապետի որոշմամբ ստեղծված պետական կառավարման համակարգի մարմինների կողմից լիազորված անձանցից կազմված մարմին, որը գործառնական մակարդակում համակարգում ու կազմակերպում է արտակարգ իրավիճակներին արձագանքումը դրանց սպառնալիքի կամ առաջացման դեպքում, և որի կայացրած որոշումները պարտադիր են ԱՌԿ և ԲՊ համակարգի բոլոր սուբյեկտների համար,
գ. պետական կառավարման համակարգի մարմնի արտակարգ իրավիճակների հանձնաժողովը՝ պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի իրավական ակտով ստեղծված մարմին, որը, կախված կառավարման մակարդակից և ոլորտներից, իրավասու է կազմակերպելու իր գործունեությունն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում.
2) մարզային մակարդակում՝ արտակարգ իրավիճակների մարզային հանձնաժողովը՝ մարզպետի որոշմամբ ստեղծված մարմին, որում ընդգրկվում են պետական կառավարման համակարգի մարմինների՝ տվյալ մարզում տեղակայված տարածքային ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ղեկավարները, որը գործառնական մակարդակում կազմակերպում և համակարգում է արտակարգ իրավիճակներին արձագանքումը դրանց սպառնալիքի կամ առաջացման դեպքում, և որի կայացրած որոշումները պարտադիր են ԱՌԿ և ԲՊ համակարգի՝ տվյալ մարզի բոլոր սուբյեկտների համար.
3) համայնքային մակարդակում՝ արտակարգ իրավիճակների համայնքային հանձնաժողովը՝ համայնքի ղեկավարի որոշմամբ ստեղծված մարմին, որում ընդգրկվում են պետական կառավարման համակարգի մարմինների համապատասխան տարածքային ստորաբաժանումների, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական (Երևան քաղաքի վարչական շրջանի), կազմակերպությունների ղեկավարները, որը գործառնական մակարդակում կազմակերպում ու համակարգում է արտակարգ իրավիճակներին արձագանքումը դրանց սպառնալիքի կամ առաջացման դեպքում, և որի կայացրած որոշումները պարտադիր են ԱՌԿ և ԲՊ համակարգի՝ տվյալ համայնքի բոլոր սուբյեկտների համար.
4) տեղային (օբյեկտային) մակարդակում՝ արտակարգ իրավիճակների օբյեկտային հանձնաժողովը՝ կազմակերպության ղեկավարի իրավական ակտով ստեղծված մարմին, որում ընդգրկվում է կազմակերպության ղեկավար կազմը, և որը գործառնական մակարդակում կազմակերպում և համակարգում է արտակարգ իրավիճակներին արձագանքումը դրանց սպառնալիքի կամ առաջացման դեպքում: