Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) ազգային աջակցում՝ միջազգային արագ արձագանքման թիմերի, փորձագետների ներգրավում, մարդասիրական բեռների ընդունման և բաշխման ընթացակարգերի իրականացում ընդունող երկրի՝ Հայաստանի Հանրապետության կողմից հումանիտար առաքելության օպերատիվ իրականացման համար.

2) ազդարարում՝ արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրանց սպառնալիքի դեպքում Կառավարությանը, Ազգային ժողովին և դատարաններին, անկախ պետական և ինքնավար մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին (անկախ կազմակերպաիրավական ձևից) և բնակչությանն ազդարարման համակարգերով և այլ միջոցներով (եղանակներով) ազդարարման ազդանշանների, տագնապի կամ հավաքի, հնարավոր վտանգների, ինչպես նաև բնակչության վարվելակերպի կանոնների և պաշտպանական միջոցառումների անցկացման անհրաժեշտության մասին հրատապ տեղեկատվության տրամադրում.

3) աղետ՝ համայնքի կամ հասարակության բնականոն կենսագործունեության խաթարում, որի հետևանքների վերացումը և հետաղետային վերականգնումը գերազանցում են համայնքի կամ հասարակության՝ սեփական ուժերով հաղթահարելու կարողությունը.

4) աղետի գոտի՝ տուժած տարածք, որտեղ աղետի հետևանքների վերացման և հետաղետային վերականգնման համար պահանջվում են լրացուցիչ ուժեր, միջոցներ, նյութական պաշարներ, այդ թվում՝ միջազգային հանրության օգնություն.

5) աղետի ռիսկ՝ աղետ առաջացնող վտանգի, վտանգավոր երևույթի հավանականության և դրանց նկատմամբ խոցելիության համադրության արդյունք.

6) աղետների ռիսկի գնահատում՝ աղետների ռիսկի բնույթն ու հավանական չափը որոշելու որակական և քանակական մոտեցմամբ արտահայտված վերլուծական գործընթաց.

7) աղետների ռիսկի կառավարում՝ աղետների ռիսկի նվազեցմանը, պատրաստվածության բարձրացմանը, արտակարգ իրավիճակներին արձագանքմանն ու հետաղետային վերականգնմանն ուղղված գործընթացներ.

8) աղետների ռիսկի կառավարման պլան՝ պլանավորման միասնական փաստաթուղթ, որը կարգավորում է տեղական ինքնակառավարման մարմնի և բարձր ռիսկայնության օբյեկտի կողմից աղետների ռիսկի գնահատման, աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներին արձագանքման և հետաղետային վերականգնման գործողությունների իրականացման ապահովումը.

9) աղետների ռիսկի նվազեցում՝ վտանգի գնահատման, կանխման, կանխարգելման, բնակչության, բնակավայրերի, ենթակառուցվածքների ու շրջակա միջավայրի տարրերի խոցելիության նվազեցմանը և կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների համալիր.

10) աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության համակարգ (այսուհետ՝ ԱՌԿ և ԲՊ համակարգ)՝ ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտներում ստեղծվող, աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության խնդիրների արդյունավետ լուծման համար նախատեսված կառավարման մարմինների, արտակարգ իրավիճակների հանձնաժողովների, միջգերատեսչական հանձնաժողովների, աղետին արձագանքման պատասխանատու հանձնաժողովների, աշխատանքային խմբերի, ազգային աջակցման միջգերատեսչական աշխատանքային խմբի, գործողությունների ղեկավարման շտաբների, կապի և ազդարարման համակարգերի, կառավարման ավտոմատացված համակարգերի և միջոցների, տեղեկատվության հավաքման, մշակման և հաղորդման համակարգերի փոխկապակցված ամբողջականություն.

11) ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտներ՝ Կառավարություն, Ազգային ժողով և դատարաններ, անկախ պետական և ինքնավար մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, կազմակերպություններ (անկախ կազմակերպաիրավական ձևից) և ֆիզիկական անձինք, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերեր.

12) աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության վիճակի պլանավորված համալիր գնահատում (այսուհետ՝ համալիր գնահատում)՝ ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների կողմից աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտի խնդիրների իրականացման պատրաստվածության աստիճանի որոշում.

13) աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության վիճակի ոչ պլանավորված ուսումնասիրություն (այսուհետ՝ ոչ պլանավորված ուսումնասիրություն)՝ ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների շրջանում աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտի խնդիրների և թերությունների վերհանում և դրանց լուծման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում.

14) անհատական պաշտպանություն՝ մարդկանց ճառագայթային, քիմիական և կենսաբանական ներգործությունից անհատական պաշտպանական միջոցներով ապահովում.

15) անհատական պաշտպանության միջոցներ՝ տեխնիկական միջոցներ, որոնք կիրառվում են մարդու վրա վնասակար կամ վտանգավոր գործոնների ազդեցությունը կանխելու կամ նվազեցնելու, ինչպես նաև աղտոտումներից պաշտպանելու համար.

16) անհետաձգելի արձագանքման աշխատանքներ՝ շտապ բժշկական օգնության ցուցաբերում, սանիտարահամաճարակային միջոցառումների, ճառագայթային պաշտպանության անհետաձգելի միջոցառումների իրականացում, տարածքի վարակազերծում, ապաակտիվացում.

17) խոցելի խմբեր՝ երեխաներ, հղիներ, կերակրող մայրեր, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում գտնվող անձինք, փախստականներ.

18) արտակարգ դեպք (պատահար)՝ շրջակա միջավայրում, մարդու գործունեության ոլորտում տեղի ունեցած իրադարձություն, որի հետևանքով խախտվել է որևէ բնականոն իրավիճակ կամ գործընթաց, որից առաջացել են այնպիսի հետևանքներ, որոնց կանխման, գնահատման և վերացման համար ծագել է մասնագիտացված ծառայությունների ուժեր և միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն.

19) արտակարգ դեպքի վայր, պատահարի վայր՝ որոշակի տարածք, որտեղ ազդում (տարածվում) կամ ազդել (տարածվել) են արտակարգ դեպքի, պատահարի խոցման գործոնները.

20) արտակարգ իրավիճակ՝ իրադրություն, որն առաջացել է որոշակի տարածքում կամ օբյեկտում բնական, կլիմայական, տեխնոլոգիական, կենսաբանական (համաճարակ, անասնահամաճարակ, բույսերի վարակիչ հիվանդություններ) վտանգավոր երևույթների, զենքի տեսակների կիրառման հետևանքով և հանգեցրել կամ կարող է հանգեցնել համայնքի կամ հասարակության բնականոն կենսագործունեության պայմանների խաթարման, մարդկային զոհերի, մարդկանց առողջության վատթարացման, շրջակա միջավայրի վնասման և նյութական կորուստների, և որի հետևանքների վերացումը և հետաղետային վերականգնումը չեն գերազանցում համայնքի կամ հասարակության՝ սեփական ուժերով հաղթահարելու կարողությունը.

21) արտակարգ իրավիճակի գոտի՝ տարածք, որի սահմաններում տեղի է ունեցել արտակարգ իրավիճակը.

22) արտակարգ իրավիճակների հետևանքների վերացում՝ արտակարգ իրավիճակներում փրկարարական, վթարավերականգնողական և անհետաձգելի արձագանքման աշխատանքների կատարում, մարդկանց կյանքի, առողջության ու կենսագործունեության առաջնահերթ պայմանների ապահովում, բացասական գործոնների հնարավոր զարգացումների կանխում և կանխարգելում.

23) արձագանքման միջոցներ՝ փրկարարական, վթարավերականգնողական, անհետաձգելի արձագանքման աշխատանքների իրականացման համար նախատեսված տեխնիկական, գիտատեխնիկական կամ մտավոր արտադրանք, տեխնիկա, սարքեր, սարքավորումներ, հանդերձանք, գույք, այդ թվում՝ կառավարման և կապի հատուկ միջոցներ, մեթոդական նյութեր, համակարգչային ծրագրեր և տվյալների բազա.

24) արձագանքման ուժեր՝ փրկարարական, վթարավերականգնողական, անհետաձգելի արձագանքման աշխատանքների իրականացման նպատակով պետական կառավարման համակարգի մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին ենթակա ուժեր.

25) արտակարգ իրավիճակներում գործելու պլան՝ պլանավորման միասնական առաջնորդող փաստաթուղթ, որը կարգավորում է ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների, բացառությամբ բարձր ռիսկայնության օբյեկտի, տեղական ինքնակառավարման մարմնի և ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի, գործողությունների իրականացման ապահովումն արտակարգ իրավիճակներում.

26) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հանրապետական պլաններ (այսուհետ՝ հանրապետական պլաններ)՝ պլանավորման փաստաթղթեր, որոնք կարգավորում են ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների գործողությունների իրականացման ապահովումը տարաբնույթ (բնական, կլիմայական, տեխնոլոգիական, կենսաբանական) արտակարգ իրավիճակների դեպքում.

27) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության փոխհամագործակցության պլաններ (այսուհետ՝ փոխհամագործակցության պլաններ)՝ պլանավորման փաստաթղթեր, որոնք կարգավորում են արտակարգ իրավիճակների դեպքում ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների (բացառությամբ ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) միջև համաձայնեցված գործողությունների իրականացման ապահովումը.

28) աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում բարձր ռիսկայնության օբյեկտ (այսուհետ՝ բարձր ռիսկայնության օբյեկտ)՝ մարդկային կուտակումներով օբյեկտ, այդ թվում՝ առևտրի կենտրոններ, կինոթատրոններ, առողջապահական և ուսումնական հաստատություններ, ժամանցային վայրեր, ինչպես նաև օբյեկտ, որտեղ պահվում են մշակութային արժեքներ, փաստաթղթեր (ազգային արխիվ, թանգարաններ և գրադարաններ), որտեղ արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ դրանց առաջացման դեպքում մարդկանց կյանքի, առողջության և մշակութային արժեքների, փաստաթղթերի պաշտպանության համար իրականացվում են պլանավորված գործողություններ.

29) բնակչության պաշտպանություն՝ արտակարգ իրավիճակներից մարդկանց կյանքի և առողջության պաշտպանությանը, բնականոն կենսագործունեության ապահովմանն ուղղված իրավական, կազմակերպական, ինժեներատեխնիկական փոխկապակցված միջոցառումների համալիր.

30) գործողությունների ղեկավարման շտաբ (այսուհետ՝ շտաբ)՝ աղետների ռիսկի նվազեցման, ինչպես նաև արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների արագ և արդյունավետ իրականացման նպատակով ժամանակավորապես ստեղծված օպերատիվ աշխատանքային խումբ, որը համակարգում է արձագանքման ուժերի միջև նպատակաուղղված և կանոնակարգված փոխգործողությունները.

31) դիմակայունություն՝ պետության, համայնքի և հասարակության՝ վտանգների ազդեցությանը ժամանակին և արդյունավետ դիմագրավելու, ներգործություններից առաջացած պայմաններին հարմարվելու և արագ վերականգնվելու կարողություն.

32) իրազեկում՝ ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտներին ազդարարման համակարգերով, զանգվածային լրատվական և այլ միջոցներով (եղանակներով) աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, հետաղետային վերականգնման ընթացքում նախատեսվող կամ իրականացվող միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև խուճապի կանխման և քարոզչության նպատակով տեղեկատվության տրամադրում.

33) լիազոր մարմին՝ աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում Կառավարության կողմից լիազորված մարմին, որը մշակում և իրականացնում է Կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև կազմակերպում է ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների պատրաստվածությանն ուղղված միջոցառումներ.

34) խոցելիություն՝ վտանգի, վտանգավոր երևույթի ազդեցությանը ենթակա տարածքում առկա բնակչության տուժելու և բնակավայրերի, շենքերի, շինությունների, ենթակառուցվածքների ու շրջակա միջավայրի տարրերի վնասվելու հակվածության աստիճանը.

35) կազմակերպություն՝ բարձր ռիսկայնության օբյեկտ, կարևորագույն նշանակության օբյեկտ և վտանգավոր օբյեկտ շահագործող, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտին առնչվող այլ կազմակերպություններ, որոնք օրենքով սահմանված կարգով իրականացնում են աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներին արձագանքման և վաղ վերականգնման, հետաղետային վերականգնման միջոցառումներ.

36) կարողություն՝ պետության, համայնքի, կազմակերպության, անհատի մոտ առկա բոլոր հնարավորությունների, հատկանիշների և ռեսուրսների (նյութական, ֆիզիկական, մտավոր) միասնություն, որը կարող է օգտագործվել աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում սահմանված նպատակներին հասնելու համար.

37) աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում կարևորագույն նշանակության օբյեկտներ (այսուհետ՝ կարևորագույն նշանակության օբյեկտ)՝ բնակչության կենսագործունեությունն ապահովող պետական, համայնքային նշանակության և մասնավոր օբյեկտներ, այդ թվում՝ քաղաքացիական ավիացիայի (օդանավակայանների), առողջապահական (բժշկական կազմակերպությունների), ճանապարհաշինարարական, ջրամատակարարման, կոյուղու, հոսող ջրերի մաքրման, ջերմամատակարարման, հիդրոտեխնիկական, էներգետիկ և պետության ռազմավարական շահերի համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտներ ու ենթակառուցվածքներ.

38) կենսաապահովում՝ բնակչության կենսագործունեության համար նրա ֆիզիոլոգիական, առողջական, նյութական և սոցիալական պահանջմունքների բավարարման նպատակով անհրաժեշտ նվազագույն պայմանների ստեղծում և պահպանում՝ հաշվի առնելով ինքնուրույն տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև հղիների և կերակրող մայրերի, երեխաների և տարեցների կարիքները.

39) կլիմայի փոփոխություն՝ կլիմայի բնական տատանումներին զուգահեռ՝ համեմատելի ժամանակահատվածում մարդու ուղղակի կամ անուղղակի գործունեությամբ պայմանավորված կլիմայական փոփոխություններ, որոնք հանգեցնում են մթնոլորտի բաղադրության փոփոխության.

40) կորուստ՝ արտակարգ իրավիճակի հետևանքով առաջացած տնտեսական հոսքերի բացասական փոփոխություն, ներառյալ բաց թողնված օգուտը, որը կարող էր ստացվել տվյալ իրավիճակը չառաջանալու դեպքում.

41) կլիմայի փոփոխության հարմարվողականություն՝ կլիմայի փաստացի և կանխատեսվող փոփոխությանը հարմարվելու կարողություն՝ հնարավոր վնասները նվազեցնելու, անբարենպաստ հետևանքները մեղմելու և ընձեռած հնարավորություններից օգտվելու համար.

42) հետաղետային վերականգնում՝ աղետից տուժած բնակչության բնականոն կենսագործունեության պայմանների, տարածքների, օբյեկտների վերականգնմանը, վերակառուցմանն ու բարելավմանն ուղղված միջոցառումներ, ներառյալ աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված գործընթացներ.

43) նյութական պաշարներ՝ ԱՌԿ և ԲՊ համակարգի պատրաստվածության, վտանգի կանխման, կանխարգելման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին արձագանքելու, կենսաապահովման, հետաղետային վերականգնման համար անհրաժեշտ նյութեր, միջոցներ, դեղեր և բժշկական նշանակության ապրանքներ, սնունդ, ջուր, պարագաներ, հանդերձանք և աղետների ռիսկի կառավարման պլանով նախատեսված այլ միջոցներ.

44) պաշտպանական կառույց (բնակչության հավաքական պաշտպանության միջոցներ)՝ արտակարգ իրավիճակներում, որոշակի ժամանակահատվածում, բնակչությանը տարբեր խոցող կամ ախտահարող գործոններից պաշտպանող շենք կամ շինություն (ապաստարան, հակաճառագայթային և պարզագույն թաքստոցներ, բնակելի ֆոնդի տարածքներ, որոնք կարող են բնակչությանը պաշտպանել ախտահարող գործոններից): Պաշտպանական կառույց կարող է լինել հասարակական կամ արդյունաբերական երկակի նշանակության շինությունը կամ հատուկ հերմետիկ պաշտպանական կառույցը, որը նախագծվել է՝ խոցող գործոնները հաշվի առնելով.

45) պատասխանատու անձ՝ պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ կազմակերպության ղեկավար կամ նրա իրավական ակտով նշանակված անձ, որն ունի սույն օրենքով սահմանված միջոցառում կատարելու պարտականություն, ինչպես նաև սույն օրենքով սահմանված պարտականություն ունեցող ֆիզիկական անձ, այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր.

46) պատսպարում՝ արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ դրանց առաջացման դեպքում մարդկանց կյանքն ու առողջությունն ապահովելու նպատակով պաշտպանական կառույցներում բնակչության ժամանակավոր տեղավորում ու կենսաապահովում.

47) պատրաստվածություն՝ ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների նախապատրաստման շարունակական գործընթացի ապահովման և համալիր համակարգման շնորհիվ՝ արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ դրանց առաջացման դեպքում արագ և արդյունավետ արձագանքման հնարավորություն.

48) վաղ վերականգնում՝ աղետի հետևանքների վերացման ժամանակ վերականգնողական առաջնահերթ միջոցառումների համալիր, որն ուղղված է մարդասիրական աջակցության փուլում առկա ռեսուրսները տուժած տարածքի հիմնովին վերականգնման գործընթացներում օգտագործելուն՝ ստեղծելով առավել ամուր հիմքեր հետագա վերականգնման և կայուն զարգացման ուղղությամբ.

49) վթար՝ վտանգավոր տեխնածին պատահար, որը որոշակի տարածքում հանգեցնում կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, նրանց առողջության վատթարացման, ինչպես նաև նյութական զգալի կորուստների, ինչպես նաև առաջացնում կամ կարող է առաջացնել արտադրական կամ տրանսպորտային գործընթացների խանգարումներ և վնաս հասցնել շրջակա միջավայրին.

50) վթարավերականգնողական աշխատանքներ՝ անհետաձգելի աշխատանքներ` ուղղված մարդկանց կյանքին և առողջությանն սպառնացող այնպիսի գործոնների ազդեցության վերացմանը, որոնք խոչընդոտում են մարդկանց որոնելը և փրկելը, ինչպես նաև շենքերի, շինությունների ամրացումը կամ քանդումը, հեղուկ վառելիքի, գազի, էլեկտրաէներգիայի և ջրի աղբյուրների վթարային անջատումը, բնակչության ու փրկարարների կենսաապահովումն իրականացնող առաջնահերթ կազմակերպությունների վերականգնումը, վերանորոգումը և տարածքի սանիտարական մաքրումը.

51) վնաս՝ արտակարգ իրավիճակի հետևանքով գույքի, ակտիվների կամ ենթակառուցվածքների ամբողջական կամ մասնակի ոչնչացումը կամ վնասվելը կամ կորուստը, որն արտահայտվում է ֆիզիկական չափման միավորներով և վերականգնման արժեքով.

52) վտանգ՝ երևույթ, գործընթաց, գործունեություն, իրադարձություն, որոնք կարող են հանգեցնել մարդկային զոհերի, նրանց առողջության վատթարացման, կենսաապահովման միջոցների, գույքի և նյութական կորուստների, սոցիալական, տնտեսական գործունեության և ծառայությունների խաթարումների, շրջակա միջավայրի տարրերին պատճառվող վնասների.

53) աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում վտանգավոր օբյեկտ (այսուհետ՝ վտանգավոր օբյեկտ)՝ ռադիոակտիվ, հրդեհապայթյունավտանգ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող, արտադրող, վերամշակող, պահպանող կամ փոխադրող օբյեկտներ, ինչպես նաև հիդրոտեխնիկական կառույցներ, որոնց վթարը կարող է հանգեցնել զգալի վնասների և մարդկային կորուստների.

54) վտանգի կանխարգելում՝ վտանգ առաջացնող գործոնների նվազեցմանն ուղղված միջոցառումներ.

55) վտանգի կանխում՝ վտանգ առաջացնող գործոնների վերացմանն ուղղված միջոցառումներ.

56) տարահանում՝ հնարավոր վտանգավոր տարածքից բնակչության կազմակերպված ժամանակավոր դուրսբերում, ինչպես նաև կենդանիների, նյութական և մշակութային արժեքների ժամանակավոր տեղափոխում, եթե վտանգ է առաջանում մարդկանց կյանքի կամ առողջության, կենդանիների, նյութական և մշակութային արժեքների վնասման կամ ոչնչացման համար.

57) տուժած բնակչություն՝ արտակարգ իրավիճակում հայտնված բնակչության այն մասը, որն իր վրա է կրել արտակարգ իրավիճակի աղբյուրի վնասակար գործոնների ազդեցությունը, որը հանգեցրել է մահվան, վնասվածքների, առողջական խնդիրների, նյութական վնասների և կորուստների, ինչպես նաև տարահանման.

58) ապաակտիվացում՝ ռադիոակտիվ աղտոտվածության տարածման և դրա՝ որպես արտաքին և (կամ) ներքին ճառագայթման հնարավոր աղբյուր գործելու կանխարգելման նպատակով որևէ մակերեսից կամ միջավայրից ֆիզիկաքիմիական կամ մեխանիկական եղանակով ռադիոակտիվ իզոտոպների լրիվ կամ մասնակի հեռացում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։