Հոդված 25. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններն արտակարգ իրավիճակներում արձագանքման և վաղ վերականգնման ուղղությամբ
Հոդված 25. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններն արտակարգ իրավիճակներում արձագանքման և վաղ վերականգնման ուղղությամբ
1. Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանակներում արտակարգ իրավիճակներում արձագանքման և վաղ վերականգնման ուղղությամբ համայնքի տարածքում՝
1) սահմանված կարգով իրականացնում են համայնքի բնակչության ազդարարումը և իրազեկումը.
2) կազմակերպում են համայնքի բնակչության պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում.
3) իրականացնում են համայնքի բնակչությանն անհատական պաշտպանության միջոցների տրամադրումը, տարահանումը, պատսպարումը.
4) կազմակերպում են փրկարարական, վթարավերականգնողական և անհետաձգելի արձագանքման աշխատանքները.
5) իրականացնում են համայնքի բնակչության իրազեկման, տեղեկատվության հասանելիության և հետադարձ կապի ապահովման աշխատանքներ.
6) համայնքի բնակիչներին ներգրավում են արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքներում՝ իրենց համաձայնությամբ.
7) մասնակցում են միջազգային արագ արձագանքման թիմերի, փորձագետների, մարդասիրական բեռների ստացման հայտի մշակման և ազգային աջակցման աշխատանքներին.
8) մասնակցում են տուժած բնակչությանը մարդասիրական օգնության բաշխման աշխատանքներին.
9) լիազոր մարմնին տեղեկացնում են արտակարգ իրավիճակի սպառնալիքի կամ առաջացման մասին.
10) մասնակցում են ճառագայթային, քիմիական ու կենսաբանական գործոններից բնակչության պաշտպանության հատուկ միջոցառումների իրականացմանը.
11) կազմակերպում են հասարակական կարգի, բնակչության կենսագործունեության ապահովման և կարևոր օբյեկտների պահպանության ուժեղացմանն ուղղված աշխատանքները.
12) մասնակցում են բնակչության բժշկական օգնության և սպասարկման գործընթացի կազմակերպման աշխատանքներին.
13) իրականացնում են բնակչության կենսաապահովումը.
14) ապահովում են բնակչության պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցներով.
15) կազմակերպում են կարիքների գնահատման և վաղ վերականգնման միջոցառումների պլանավորման և իրականացման աշխատանքները.
16) մասնակցում են կորած անձանց՝ առաջին հերթին խոցելի խմբերում ներառված, որոնման, հայտնաբերման և ընտանիքի հետ միավորման աշխատանքներին.
17) կազմակերպում են դիակների ճանաչման և հուղարկավորման աշխատանքները.
18) կազմակերպում են համայնքային սեփականություն համարվող գույքի տիրապետման և օգտագործման գործընթացն արտակարգ իրավիճակներում.
19) արտակարգ իրավիճակների ժամանակ, անհրաժեշտության դեպքում, ներգրավվում են էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի և ենթակառուցվածքների օգտագործման և լրացուցիչ կապուղիների հատկացման գործընթացի կազմակերպմանը.
20) մասնակցում են վարակիչ զանգվածային, անասնահամաճարակային և մշակաբույսերի զանգվածային հիվանդությունների կանխարգելման, վերացման և կարանտինային միջոցառումների իրականացմանը.
21) կազմակերպում են արձագանքման ուժերի մոբիլիզացումը և նրանց ներգրավվածությունն արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքներում.
22) կայացնում են արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում բնակչության տարահանման և տարահանված բնակչությանը ժամանակավոր կացարաններով ապահովելու վերաբերյալ որոշումներ.
23) արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման նպատակով դիմում են Կառավարության օգնությանը։
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված միջոցառումները համարվում են պետության կողմից պատվիրակված, և դրանց իրականացումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված միջոցառումների: