Հոդված 40. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 40. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» 1998 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՕ-265 օրենքը:
3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2025 թ. մայիսի 13
Երևան
ՀՕ-89-Ն
Հավելված
«Աղետների ռիսկի կառավարման և
բնակչության պաշտպանության
մասին» օրենքի
ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ՝ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
1. Աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների՝ ըստ ոլորտների կազմակերպման ու իրականացման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի լիազոր մարմիններն են՝
1) աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ տրամադրում է մասնագիտական եզրակացություն բնակավայրերի, տարածքների գլխավոր հատակագծերում և մանրամասն հատակագծման ու գոտևորման նախագծերում արտադրական վտանգավոր օբյեկտների տեղաբաշխման նորմերի պահանջների կատարման վերաբերյալ.
2) աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ տրամադրում է մասնագիտական եզրակացություն շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, տրանսպորտային հաղորդակցության ուղիների և մայրուղիների շինարարության, անվտանգ և հուսալի շահագործման պահանջների ապահովման վերաբերյալ.
3) աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ իրականացնում է բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովման, տարահանման, պատսպարման և գործողությունների մշտադիտարկում և արդյունքները ներկայացնում տարածքային կառավարման ոլորտի պետական կառավարման համակարգի լիազոր մարմին և Կառավարություն.
4) աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում է աղետների ռիսկի գնահատման և մշտադիտարկման գործընթացը՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով գիտական և ինժեներական հաստատությունների, ֆինանսների կառավարման ոլորտի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի, մասնագիտացված միջազգային և արտասահմանյան հաստատությունների հետ.
5) քաղաքաշինության ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ ապահովում է բնակչության պաշտպանության տեսանկյունից բնակավայրերի տարածքների գլխավոր հատակագծերում, մանրամասն հատակագծման և գոտևորման նախագծերում արտադրական վտանգավոր օբյեկտների նպատակահարմար տեղաբաշխմանն առնչվող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման աշխատանքները.
6) քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը՝ իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պաշտպանական կառույցների (բացառությամբ բնակելի ֆոնդի) պահպանության, սպասարկման, շահագործման, հիմնանորոգման, վերանորոգման, նախապատրաստման, պատրաստվածության բերման պահանջների ապահովման նկատմամբ.
7) նյութական պահուստի պաշարների պահպանման ու սպասարկման ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում և իրականացնում է արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, փրկարարական, վթարավերականգնողական և անհետաձգելի արձագանքման աշխատանքների ու բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման, տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված պաշարների պահպանումը, թարմացումը և տրամադրումը.
8) նյութական պահուստի պաշարների պահպանման ու սպասարկման ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում և իրականացնում է արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, փրկարարական, վթարավերականգնողական և անհետաձգելի արձագանքման աշխատանքների իրականացման, տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված պետական պահուստի նյութական արժեքների անվանացանկի և պահանջվող քանակների հստակեցում.
9) քաղաքաշինության ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ պլանավորում է քաղաքաշինության բնագավառում աղետների ռիսկի կառավարմանն ու բնակչության պաշտպանությանն առնչվող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման աշխատանքները և աջակցում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բնակչության պաշտպանության միջոցառումների ինժեներական ապահովման նախապատրաստական աշխատանքների կատարման ընթացքին.
10) ատոմային էներգիայի օգտագործման ոլորտը կարգավորող պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ գնահատում է վթարային իրավիճակների դեպքում ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում իրավիճակը և առաջարկություններ է ներկայացնում Կառավարություն դրա հնարավոր փոփոխությունների կանխատեսումների հիման վրա, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորած մարմին՝ անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։
2. Արտակարգ իրավիճակներում արձագանքման և վաղ վերականգնման միջոցառումների՝ ըստ ոլորտների կազմակերպման ու իրականացման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի լիազոր մարմիններն են՝
1) աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում է արտակարգ իրավիճակներում Կառավարության, Ազգային ժողովի և դատարանների, անկախ պետական և ինքնավար մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) և բնակչության ազդարարումը.
2) աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում է փրկարարական, վթարավերականգնողական և անհետաձգելի արձագանքման աշխատանքները.
3) աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում է ճառագայթային, քիմիական ու կենսաբանական գործոններից բնակչության պաշտպանության հատուկ միջոցառումներով ապահովումը բոլոր մակարդակներում.
4) տարածքային կառավարման ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կազմակերպվող և իրականացվող՝ բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովման, տարահանման և պատսպարման միջոցառումները.
5) բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը՝ վերահսկողություն է իրականացնում շրջակա միջավայրի վիճակի օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ, բացառությամբ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի.
6) շրջակա միջավայրի պահպանության, մթնոլորտի, ջրերի, հողերի, ընդերքի, կենդանական ու բուսական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, կլիմայի փոփոխության ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ իրականացնում է շրջակա միջավայրի վիճակի դիտարկումն ու զննումը.
7) առողջապահական և աշխատանքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը՝ վերահսկողություն է իրականացնում խմելու ջրի (բացառությամբ շշալցված խմելու ջրի) որակին ներկայացվող պահանջների, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պահանջների պահպանման նկատմամբ.
8) հասարակական կարգի ու անվտանգության ապահովման ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում և իրականացնում է արտակարգ իրավիճակի կամ աղետի գոտում հասարակական կարգի, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների և բարձր ռիսկայնության օբյեկտների պահպանության ուժեղացումը.
9) առողջապահության ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում է արտակարգ իրավիճակներում բնակչության բժշկական օգնությունը, սպասարկումը և բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման միջոցառումները՝ հատուկ ուշադրություն դարձնելով վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրներին.
10) էկոնոմիկայի ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում է բնակչության կենսաապահովման միջոցառումները.
11) սոցիալական պաշտպանության ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում և իրականացնում է արտակարգ իրավիճակից տուժած բնակչության սոցիալական աջակցության (ժամանակավոր կացարանով ապահովման, դրամական աջակցության և այլ սոցիալական ծառայությունների) տրամադրումը.
12) տրանսպորտի ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների ներգրավման ապահովումը.
13) տարածքային կառավարման ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում է պետական սեփականություն հանդիսացող գույքի, նյութական պաշարների և միջոցների նպատակային հավաքագրումը և օգտագործումը, ոչ պետական սեփականություն համարվող գույքի ժամանակավոր տիրապետումը և օգտագործումը.
14) կապի ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ սահմանված կարգով կազմակերպում է էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի և ենթակառուցվածքների օգտագործումը և լրացուցիչ կապուղիների տրամադրումը.
15) քաղաքաշինության ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բնակչության պաշտպանության միջոցառումների ինժեներական ապահովման աշխատանքների կատարման ընթացքը, վթարված ինժեներական կառույցների գնահատումը, դրանց վերականգնման աշխատանքների կատարումն արդյունավետ և օրենսդրության պահանջներին համապատասխան ապահովելու նպատակով ներկայացնում է առաջարկություններ.
16) էներգետիկայի ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում է էներգահամակարգի վթարավերականգնողական աշխատանքները.
17) գյուղատնտեսության ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում է գյուղատնտեսական մշակաբույսերի և կենդանիների առողջության պաշտպանությունը.
18) տարածքային կառավարման ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում է դիակների ճանաչման և հուղարկավորման աշխատանքները.
19) ֆինանսների կառավարման ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում և իրականացնում է արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանն ուղղված միջազգային ֆինանսական օգնության ներգրավումն ու կառավարումը:
3. Հետաղետային վերականգնման միջոցառումների՝ ըստ ոլորտների կազմակերպման ու իրականացման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի լիազոր մարմիններն են՝
1) տարածքային կառավարման ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում և իրականացնում է հետաղետային վերականգնման և վերակառուցման կարիքների գնահատումը.
2) ֆինանսների կառավարման ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում և իրականացնում է հետաղետային վերականգնման միջոցառումների իրականացմանն ուղղված ֆինանսական միջոցների ներգրավումն ու կառավարումը.
3) շրջակա միջավայրի պահպանության, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում է հետաղետային վերականգնման և վերակառուցման գործընթացներում շինարարական, արդյունաբերական և քիմիական թափոնների հաշվառման, հեռացման կամ օգտահանման գործընթացները՝ բնապահպանական և բնակչության անվտանգության ապահովման միջազգային չափանիշներին համապատասխան.
4) մշակույթի ոլորտում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ կազմակերպում է պատմամշակութային հուշարձանների և մշակութային արժեքների հետաղետային վերականգնման ծրագրով նախատեսված միջոցառումները։
4. Սույն հավելվածում նշված պետական կառավարման համակարգի լիազոր մարմիններն իրենց ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններում (անկախ կազմակերպաիրավական ձևից) Կառավարության սահմանած կարգով կարող են իրականացնել մշտադիտարկման և արդյունքների արձանագրման գործընթաց՝ աղետների ռիսկի նվազեցման և հետաղետային վերականգնման միջոցառումների կատարման ուղղությամբ, իսկ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ընթացքում իրենց իրավասության սահմաններում կազմակերպություններին կարող են տալ պարտադիր կատարման ենթակա ցուցումներ։
5. Սույն հավելվածում նշված պետական կառավարման համակարգի լիազոր մարմիններն իրենց իրականացրած մշտադիտարկման արդյունքով բացահայտված աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում են լիազոր մարմին՝ վերջինիս կողմից իր իրավասության սահմաններում հսկողություն իրականացնելու նպատակով, կամ համապատասխան տեսչական մարմին՝ վերջինիս կողմից իր իրավասության սահմաններում վերահսկողություն իրականացնելու նպատակով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2025 թվական: