Հոդված 15. Լիազոր մարմնի լիազորություններն աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ
Հոդված 15. Լիազոր մարմնի լիազորություններն աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ
1. Լիազոր մարմինն իր իրավասության շրջանակներում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ՝
1) ապահովում է ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների ներգրավումը և մասնակցությունն աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված աշխատանքներին.
2) մշակում և հաստատում է արտակարգ իրավիճակներում գործելու իր պլանը, ապահովում դրա կիրարկումը.
3) կազմակերպում է հանրապետական մակարդակում աղետների ռիսկի, ներառյալ կլիմայի փոփոխության գնահատման գործընթացը, մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող երրորդ ամսվա վերջին աշխատանքային օրը պատրաստում է ամենամյա հաշվետվությունը և տասնօրյա ժամկետում ներկայացնում Կառավարություն.
4) մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող երրորդ ամսվա վերջին աշխատանքային օրը մշակում է ԱՌԿ և ԲՊ համակարգի ընդհանուր վիճակի գնահատման ամենամյա հաշվետվությունը և տասնօրյա ժամկետում ներկայացնում Կառավարություն.
5) իրականացնում է ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների (բացառությամբ ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) աղետների ռիսկի կառավարման կամ արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակման, համաձայնեցման և հաստատման մշտադիտարկումը.
6) իրականացնում է պաշտպանական կառույցների վիճակի և պատրաստվածության մշտադիտարկումը.
7) իրականացնում է ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների համալիր գնահատումն ու ոչ պլանավորված ուսումնասիրությունները և ձեռնարկում միջոցներ՝ ուղղված պատրաստվածության բարձրացմանը.
8) կազմակերպում է ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների աշխատողների, ծառայողների և բնակչության ուսուցումն աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության հարցերով՝ Կառավարության սահմանած կարգով.
9) մշակում և իրավասու պետական մարմինների հետ համատեղ հաստատում է ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների աղետների ռիսկի կառավարման կամ արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակման մեթոդական ուղեցույցները և օրինակելի ձևերը, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման պլանների նվազագույն չափանիշները.
10) իր լիազորությունների շրջանակում աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ուղղություններով իրականացնում է ոչ պլանավորված ուսումնասիրություններ ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտներում, ներկայացնում է առաջարկություններ աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում առկա խնդիրների, թերությունների վերացման, աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացման և արձագանքման պատրաստվածության ուղղություններով․
11) իր լիազորությունների շրջանակում իրականացնում է բնական, տեխնոլոգիական, ճառագայթային, քիմիական և կենսաբանական վտանգների մշտադիտարկում.
12) ապահովում է ազդարարման միասնական համակարգի ստեղծման գործընթացը, ազդարարման միասնական համակարգի անխափան աշխատանքի մշտադիտարկումը և իրականացնում ազդարարում բոլոր մակարդակներում.
13) մշակում և հաստատում է արտակարգ իրավիճակներում առաջնորդվելու համար հանրային վայրերում, պետական և մասնավոր կազմակերպությունների շենքերում և շինություններում տեղադրվող կողմնորոշիչ ցուցանակների բովանդակությունը.
14) ստեղծում և վարում է կարևորագույն նշանակության, բարձր ռիսկայնության և վտանգավոր օբյեկտների տվյալների էլեկտրոնային շտեմարանը, որի վարման կարգը հաստատում է լիազոր մարմինը։