Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԱՌԿ ԵՎ ԲՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ԱՌԿ ԵՎ ԲՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 24. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններն աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններն աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ

1. Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանակներում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ համայնքի տարածքում՝

1) իրականացնում են միջոցառումներ համայնքային ենթակայության օբյեկտների անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով.

2) ստեղծում են ազդարարման համակարգեր և ապահովում դրանց անխափան աշխատանքը.

3) իրականացնում են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումն ու տեղեկատվության տրամադրումը տարածքային կառավարման մարմնին.

4) մշակում, լիազոր մարմնի հետ համաձայնեցնում, հաստատում և Կառավարության սահմանած կարգով լիազոր մարմին են ներկայացնում աղետների ռիսկի կառավարման պլանը՝ ներառելով հանրապետական պլաններով իրենց վերապահված գործողությունները, ապահովում դրանց կիրարկումը.

5) մասնակցում են մարզային մակարդակում աղետների ռիսկի, ներառյալ կլիմայի փոփոխության գնահատման գործընթացին.

6) իրականացնում են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ուղղությամբ համայնքի բնակչության ուսուցումը, իրազեկումը և ուսումնավարժությունների անցկացումը.

7) տեղադրում են համայնքին պատկանող հանրային վայրերում, ինչպես նաև համայնքային սեփականության շենքերում և շինություններում արտակարգ իրավիճակներում գործողություններ նախատեսող կողմնորոշիչ ցուցանակներ.

8) իրականացնում են աղետների ռիսկի գնահատման գործընթացը աղետների ռիսկի կառավարման պլանի մշակման շրջանակներում.

9) ապահովում են բնակավայրերի, տարածքների գլխավոր հատակագծերում և մանրամասն հատակագծման և գոտևորման նախագծերում արտադրական վտանգավոր օբյեկտների նպատակահարմար տեղաբաշխման սանիտարական նորմերի պահանջների կատարումը.

10) ապահովում են համայնքային ենթակայության շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, տրանսպորտային հաղորդակցության ուղիների շինարարության, անվտանգ և հուսալի շահագործման նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարումը.

11) իրականացնում են իրենց ենթակայության տակ գտնվող բարձր ռիսկայնության օբյեկտների և կարևորագույն նշանակության օբյեկտների գործունեության անվտանգության ապահովման աշխատանքներ։

2. Տեղական ինքնակառավարման մարմինները համայնքի բյուջե փաստացի ստացված եկամուտների հաշվին իրականացնում են աղետների ռիսկի կառավարման միջոցառումներ։

3. Տեղական ինքնակառավարման մարմինները հնգամյա զարգացման ծրագրերում (լիազոր մարմնի հետ նախապես համաձայնեցված) որպես բաղկացուցիչ մաս ներառում են աղետների ռիսկի կառավարման, կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ, ապահովում դրանց իրականացումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։