Հոդված 35. Արտակարգ իրավիճակներին արձագանքման կազմակերպումը և ղեկավարումը
Հոդված 35. Արտակարգ իրավիճակներին արձագանքման կազմակերպումը և ղեկավարումը
1. Արտակարգ իրավիճակներին արձագանքումն իրականացնում են արձագանքման ուժերը՝ օգտագործելով իրենց ունեցած նյութական պաշարները և միջոցները:
2. Արտակարգ իրավիճակների հանրապետական հանձնաժողովը ղեկավարում է լիազոր մարմնի ղեկավարը կամ վարչապետի նշանակած պաշտոնատար անձը:
3. Պետական կառավարման համակարգի մարմնի արտակարգ իրավիճակների հանձնաժողովը ղեկավարում է պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարը կամ նրա նշանակած պաշտոնատար անձը:
4. Արտակարգ իրավիճակների մարզային հանձնաժողովի գործունեությունը ղեկավարում է մարզպետը կամ նրա նշանակած պաշտոնատար անձը:
5. Արտակարգ իրավիճակների համայնքային հանձնաժողովի գործունեությունը ղեկավարում է համայնքի ղեկավարը կամ նրա նշանակած պաշտոնատար անձը:
6. Արտակարգ իրավիճակների օբյեկտային հանձնաժողովի գործունեությունը ղեկավարում է կազմակերպության ղեկավարը կամ նրա նշանակած անձը:
7. Արտակարգ իրավիճակին արձագանքումն անմիջականորեն ղեկավարում են՝
1) հանրապետական մակարդակում՝ լիազոր մարմնի ղեկավարի նշանակած պաշտոնատար անձը.
2) մարզային մակարդակում՝ մարզպետի նշանակած պաշտոնատար անձը.
3) համայնքային մակարդակում՝ համայնքի ղեկավարի նշանակած պաշտոնատար անձը.
4) օբյեկտային մակարդակում՝ կազմակերպության ղեկավարի նշանակած անձը:
8. Արտակարգ դեպքի, պատահարի վայրում արձագանքումն անմիջականորեն ղեկավարում է առաջինը ժամանած պետական կառավարման համակարգի մարմինների արձագանքման ուժերի լիազոր պաշտոնատար անձը, հաշվի առնելով արտակարգ դեպքի առաջացման պատճառի բնույթը, մինչև սույն հոդվածի 7-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված ղեկավարների ժամանումը:
9. Եթե դաշտային պայմաններում արտակարգ իրավիճակին արձագանքման ղեկավարն ստեղծել է շտաբ, ապա արձագանքման ուժերը, անկախ իրենց ենթակայությունից, արտակարգ դեպքի վայր կամ պատահարի վայր, արտակարգ իրավիճակի կամ աղետի գոտի ժամանելուն պես անցնում են շտաբի ենթակայության ներքո:
10. Արտակարգ իրավիճակի կամ աղետի գոտում արտակարգ իրավիճակին արձագանքման ղեկավարը պատասխանատու է պետական կառավարման համակարգի մարմինների արձագանքման ուժերի և արտակարգ իրավիճակների արձագանքման այլ մասնակիցների անվտանգության համար:
11. Կառավարությունը լիազոր մարմնի առաջարկությամբ կայացնում է որոշում՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի համապատասխան ստորաբաժանումներին ներգրավելու արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքներին։
12. Արտակարգ իրավիճակներին արձագանքման կազմակերպումը և ղեկավարումն իրականացվում են համաձայն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանն ուղղված գործողությունների պլանների, միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի, ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների (բացառությամբ ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) միջև փոխհամագործակցության պլանների և այլ պլանավորման փաստաթղթերի: