Հոդված 34. Մասնագիտացված կառույցին անդամակցության դադարեցումը
Հոդված 34. Մասնագիտացված կառույցին անդամակցության դադարեցումը
1. Մասնագիտացված կառույցին անդամակցությունը դադարեցվում է`
1) եթե, սույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն, արտաքին գնահատման արդյունքներով տրվել է «6» գնահատական.
2) եթե, սույն օրենքի 32-րդ հոդվածի համաձայն, մասնագիտացված կառույցին անդամակցության կասեցման վերաբերյալ որոշմամբ սահմանված կասեցման ժամանակահատվածում կասեցման համար հիմք հանդիսացող խախտումները վերացված չեն.
3) եթե աուդիտորական կազմակերպությունը, «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի համաձայն, տրամադրել է ոչ հավաստի աուդիտորական եզրակացություն:
2. Անդամակցության դադարեցման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումն ուժի մեջ է մտնում մասնագիտացված կառույցի համապատասխան որոշման ընդունման օրվան հաջորդող 20-րդ աշխատանքային օրվանից, եթե այդ որոշումը, սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն, չի բողոքարկվել: Մասնագիտացված կառույցը, որոշման ընդունման հաջորդ օրվանից սկսած՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, որոշման մասին գրավոր տեղեկացնում է պատասխանատվության ենթարկվող անձին և Հանրային վերահսկողության խորհրդին:
3. Անդամակցության դադարեցման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը կարող է բողոքարկվել Հանրային վերահսկողության խորհուրդ՝ դադարեցման վերաբերյալ մասնագիտացված կառույցի համապատասխան որոշման ընդունման օրվան հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում:
4. Բողոքարկման ընթացքում անդամակցության դադարեցման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը կասեցվում է: Բողոքարկման ընթացքում աուդիտորական կազմակերպության, աուդիտորի և փորձագետ հաշվապահի՝ մասնագիտացված կառույցին անդամակցությունը համարվում է կասեցված: Հանրային վերահսկողության խորհրդի կողմից բողոքարկման չբավարարման դեպքում անդամակցության դադարեցման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը մնում է անփոփոխ, և մասնագիտացված կառույցին անդամակցությունը համարվում է դադարեցված՝ սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն: Բողոքարկման բավարարման դեպքում Հանրային վերահսկողության խորհրդի որոշման հիման վրա մասնագիտացված կառույցը կայացնում է անդամակցության դադարեցումը չեղարկելու վերաբերյալ որոշում:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով անդամակցության դադարեցման դեպքում աուդիտորական կազմակերպությունը, աուդիտորը կամ փորձագետ հաշվապահը իրավունք ունեն նորից անդամակցության համար դիմելու մասնագիտացված կառույցի անդամակցությունը դադարեցնելուց երեք տարի հետո:
6. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով անդամակցության դադարեցման դեպքում աուդիտորական կազմակերպությունը, աուդիտորը կամ փորձագետ հաշվապահն իրավունք ունեն անդամակցության համար նորից դիմելու մասնագիտացված կառույցին ոչ շուտ, քան անդամակցությունը դադարեցնելուց երկու տարի հետո:
7. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով անդամակցության դադարեցման դեպքում աուդիտորական կազմակերպությունն իրավունք ունի անդամակցության համար նորից դիմելու մասնագիտացված կառույցին ոչ շուտ, քան անդամակցությունը դադարեցնելուց երկու տարի հետո: