Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հոդված 8. Հանրային վերահսկողության խորհրդի գործունեության կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Հանրային վերահսկողության խորհրդի գործունեության կարգը

1. Հանրային վերահսկողության խորհրդի աշխատանքներն իրականացվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ` խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի նիստ կարող է գումարվել նաև խորհրդի անդամներից առնվազն երեքի պահանջով: Խորհրդի անդամների պահանջները ներկայացվում են խորհրդի նախագահին՝ գրավոր:

2. Հանրային վերահսկողության խորհրդի նիստերը նախագահում է խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` նախագահի տեղակալը:

3. Հանրային վերահսկողության խորհրդի նախագահի և խորհրդի նախագահի տեղակալի միաժամանակյա բացակայության դեպքում խորհրդի նախագահի պարտականությունները կատարում է խորհրդի՝ տարիքով ավագ անդամը:

4. Հանրային վերահսկողության խորհրդի նիստերն արձանագրվում են: Արձանագրություններն ստորագրում է խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` նախագահի տեղակալը:

5. Հանրային վերահսկողության խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է խորհրդի առնվազն չորս անդամ, այդ թվում՝ խորհրդի նախագահը կամ նրան փոխարինող անձը:

6. Հանրային վերահսկողության խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով իրավունք ունի մասնակցելու մասնագիտացված կառույցի նախագահը: Հանրային վերահսկողության խորհրդի նախագահի հրավերով խորհրդի նիստերին կարող են ներկա լինել նաև պետական մարմինների, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ անձինք: Նիստի գումարման օրվա, տեղի և ժամի, ինչպես նաև նիստի օրակարգի մասին տեղեկությունները նիստից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ Հանրային վերահսկողության խորհուրդը տեղադրում է ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում և գրավոր ներկայացնում է մասնագիտացված կառույց:

7. Հանրային վերահսկողության խորհրդի նիստում քննարկվող հարցերը հաստատվում են խորհրդի որոշմամբ, որն ընդունվում է քվեարկության միջոցով` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Արգելվում է ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումը խորհրդի մեկ անդամից մյուսին:

8. Հանրային վերահսկողության խորհրդի որոշումներն ստորագրում է խորհրդի նախագահը: Եթե խորհրդի նիստին ներկա խորհրդի անդամը համաձայն չէ ընդունված որոշմանը և ունի հատուկ կարծիք, ապա վերջինիս պահանջով խորհրդի նիստի արձանագրության մեջ պետք է նշվի այդ հատուկ կարծիքը և հաստատվի այդ անդամի ստորագրությամբ:

9. Մասնագիտացված կառույցի ընդունած՝ Հանրային վերահսկողության խորհրդի կողմից համաձայնեցման ենթակա ներքին իրավական ակտերը համաձայնեցվում են խորհրդի որոշմամբ:

10. Խորհրդի որոշումներն ուժի մեջ են մտնում որոշման ընդունման պահից, եթե որոշմամբ ուժի մեջ մտնելու այլ ժամկետ սահմանված չէ:

11. Հանրային վերահսկողության խորհրդի նիստի քննարկման առարկա հանդիսացող որևէ հարցի վերաբերյալ անձնական շահագրգռվածություն ունեցող խորհրդի անդամը պարտավոր է տեղեկացնել խորհրդին իր շահագրգռվածության փաստի և բնույթի մասին: Այդ տեղեկացումը պետք է վավերացվի նիստի արձանագրության մեջ, որից հետո նշված անդամը պարտավոր է հրաժարվել տվյալ հարցի քննարկմանն իր մասնակցությունից և տվյալ հարցի քվեարկումից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։