Հոդված 17. Մասնագիտացված կառույցի գործառույթները
Հոդված 17. Մասնագիտացված կառույցի գործառույթները
1. Մասնագիտացված կառույցն իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) հաստատում է իր անդամների նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառման կարգը.
2) աուդիտորների և փորձագետ հաշվապահների որակավորման գործընթացի հետ կապված՝
ա. Հաշվապահների միջազգային դաշնության կրթական միջազգային ստանդարտներին (IES) համապատասխան հաստատում է աուդիտորների և փորձագետ հաշվապահների որակավորման քննությունների ծրագիրը (այդ թվում՝ քննական առարկաների կազմը) և որակավորման քննությունների անցկացման կարգը,
բ. հաստատում է որակավորման հանձնաժողովի կանոնադրությունը,
գ. հաստատում է որակավորման հանձնաժողովի անհատական կազմը,
դ. կազմակերպում և անցկացնում է աուդիտորների և փորձագետ հաշվապահների որակավորման քննությունները,
ե. տալիս է իր կողմից որակավորված աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի որակավորում և ընդունում է որոշումներ որակավորման չեղարկման վերաբերյալ.
3) սահմանում է իր անդամ աուդիտորների և փորձագետ հաշվապահների շարունակական մասնագիտական զարգացման պահանջները.
4) իրականացնում է հսկողություն իր անդամ աուդիտորների և փորձագետ հաշվապահների շարունակական մասնագիտական զարգացման պահանջների պահպանման նկատմամբ.
5) իրականացնում է իր անդամ աուդիտորական կազմակերպությունների և աուդիտորների կողմից մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատում: Մասնագիտացված կառույցն առաջիկա տարվա ընթացքում արտաքին գնահատման ենթակա աուդիտորական կազմակերպությունների ցանկը և արտաքին գնահատում իրականացնելու տարեկան ժամանակացույցը մինչև այդ տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը ներկայացնում է Հանրային վերահսկողության խորհուրդ՝ համաձայնեցման: Գնահատումների արդյունքների քննարկումներն աուդիտորական կազմակերպությունների հետ կազմում են գնահատման գործընթացի անբաժանելի մասը.
6) իրականացնում է իր անդամ փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունում չաշխատող աուդիտորների նկատմամբ սույն օրենքով, «Հաշվապահական հաշվառման մասին» և «Աուդիտորական գործունեության մասին» օրենքներով ներկայացվող պահանջների պահպանման արտաքին գնահատում.
7) իրականացնում է աուդիտորական գործունեությունը և հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ներքին իրավական ակտերը իրավական ուժ են ստանում Հանրային վերահսկողության խորհրդի հետ համաձայնեցնելուց և մասնագիտացված կառույցի պաշտոնական կայքում հրապարակելուց հետո: