Հոդված 22. Աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրի վարումը
Հոդված 22. Աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրի վարումը
1. Աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրը (այսուհետ՝ ռեեստր) մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների համակարգված ցուցակ է:
2. Աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների միասնական ռեեստրը մասնագիտացված կառույցների կողմից վարվող ռեեստրներում ներառված տեղեկատվության հիման վրա Հանրային վերահսկողության խորհրդի կողմից էլեկտրոնային եղանակով վարվող՝ աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների համակարգված ցուցակ է:
3. Մասնագիտացված կառույցն իր անդամների ռեեստրը վարում է էլեկտրոնային եղանակով:
4. Ռեեստրի վարման կարգը և ռեեստրում ներառվող տվյալների նվազագույն ցանկը սահմանում է Հանրային վերահսկողության խորհուրդը:
5. Մասնագիտացված կառույցի անդամների վերաբերյալ տեղեկությունները մասնագիտացված կառույցի ռեեստրում պետք է ներառվեն անդամակցության վերաբերյալ որոշման ընդունման ամսաթվին հաջորդող օրվանից սկսած՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Նշված տեղեկությունները մասնագիտացված կառույցը Հանրային վերահսկողության խորհուրդ է ներկայացնում յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
6. Մասնագիտացված կառույցի անդամները պարտավոր են իրենց մասին ռեեստրում պարունակվող տեղեկությունների փոփոխությունները պատշաճ ձևով հայտնել մասնագիտացված կառույցին այդպիսի փոփոխությունների առաջացման ամսաթվին հաջորդող օրվանից սկսած՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված տեղեկությունները մասնագիտացված կառույցը Հանրային վերահսկողության խորհուրդ է ներկայացնում յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
7. Մասնագիտացված կառույցի անդամի անդամակցության դադարեցման վերաբերյալ տեղեկությունները պետք է ներառվեն ռեեստրում անդամակցության դադարեցման ամսաթվին հաջորդող օրվանից սկսած՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Նշված տեղեկությունները մասնագիտացված կառույցը Հանրային վերահսկողության խորհուրդ է ներկայացնում յոթ աշխատանքային օրվա ընթացքում: