Հոդված 10
Հոդված 10
Միության ապրանքային նշանի հայտում փոփոխություններ կատարելը
1. Մինչև Միության ապրանքային նշանի գրանցման մասին որոշումը կայացնելը՝ հայտատուն իրավունք ունի փոփոխություններ կատարելու Միության ապրանքային նշանի հայտում:
Միության ապրանքային նշանի հայտում փոփոխություններ կատարելու մասին միջնորդությունը ներկայացվում է ներկայացման գերատեսչություն:
2. Միության ապրանքային նշանի հայտում նշված՝ հայտարկվող նիշի էական փոփոխության կամ ապրանքների ցանկի ընդլայնման դեպքում միջնորդությունը մերժվում է: Այսպիսի փոփոխությունները կարող են հայտատուի կողմից ձևակերպվել որպես ինքնուրույն հայտ:
Ներկայացման գերատեսչությունը սույն հոդվածի 1-ին կետում նշված փոփոխությունները կատարում է Միության ապրանքային նշանի հայտի մեջ: Հայտատուի, հայտատուի ներկայացուցչի (եթե նա նույնն է մնում) ազգանվան, անվան, հայրանվան (առկայության դեպքում), հասցեի կամ անվանման և (կամ) նամակագրության համար հասցեի փոփոխության դեպքում կամ Միության ապրանքային նշանի հայտի նկատմամբ իրավունքն այլ անձի փոխանցվելու կամ անցնելու դեպքում հայտատուն պարտավոր է, նախքան որոշումն ընդունվելը, ներկայացման գերատեսչություն ներկայացնել հայտի նյութերում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին միջնորդություն:
3. Ներկայացման գերատեսչությունը ծանուցում է հայտատուին և ազգային արտոնագրային գերատեսչություններին հայտի նյութերում փոփոխություններ կատարելու մասին միջնորդության քննարկման արդյունքների մասին:
4. Միության ապրանքային նշանի հայտի նյութերում փոփոխություններ կատարելու համար վճարվում է տուրք՝ ներկայացման գերատեսչության պետության օրենսդրությամբ սահմանված չափով: