Հոդված 21
Հոդված 21
Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետը
1. Սույն պայմանագրին համապատասխան գրանցված՝ Միության ԱԾՏ-ի օգտագործման իրավունքի վկայագիրը գործում է Միության ԱԾՏ հայտը ներկայացնելու օրվանից 10 տարվա ընթացքում:
2. Սույն պայմանագրի 23-րդ հոդվածի 3-րդ կետում և սույն հոդվածի 1-ին կետում նշված՝ Միության ԱԾՏ-ի օգտագործման իրավունքի վկայագրերի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել 10 տարով՝ դրանց սեփականատերերի՝ համապատասխան վկայագրի գործողության վերջին տարվա ընթացքում ներկայացման գերատեսչություն ներկայացված դիմումների հիման վրա՝ ապրանքի ծագման պետությունում տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան՝ Միության ԱԾՏ-ի օգտագործման իրավունք տվող պայմանների պահպանմամբ:
Վկայագրերի գործողության ժամկետը կարող է անսահմանափակ անգամ երկարաձգվել։
3. Միության ԱԾՏ-ի օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետի երկարաձգումն իրականացվում է սույն պայմանագրի պահանջներին և հրահանգին համապատասխան՝ հետևյալի առկայության դեպքում՝
1) իրավատիրոջ մոտ (այն անդամ պետության իրավաբանական կամ ֆիզիկական անձը, որի տարածքում գտնվում է ապրանքի ծագման վայրը)՝ այդ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված անդամ պետության լիազորված մարմնի եզրակացությունն առ այն, որ իրավատերը համապատասխան աշխարհագրական օբյեկտի սահմաններում արտադրում է վկայագրում նշված առանձնահատուկ հատկանիշներ ունեցող ապրանքը։ Իրավատերը պետք է նման եզրակացությունն ստացած լինի Միության ԱԾՏ-ի օգտագործման իրավունքի վկայագրի գործողության վերջին տարվա ընթացքում.
2) վկայագրի սեփականատիրոջ մոտ (Միության անդամ չհանդիսացող պետության իրավաբանական կամ ֆիզիկական անձ)՝ այն փաստաթուղթը, որը հավաստում է ապրանքի ծագման պետությունում Միության ԱԾՏ-ի օգտագործման նրա իրավունքը.
3) Միության ԱԾՏ-ի օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետը երկարաձգելու համար տուրքի՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված չափով վճարումը հավաստող փաստաթղթերը։
4. Միության ԱԾՏ-ի օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետը երկարաձգելու համար, իրավատիրոջ միջնորդությամբ, նրան այդ վկայագրի գործողության ժամկետը լրանալուց հետո տրամադրվում է 6-ամսյա ժամկետ՝ ներկայացման գերատեսչության պետության օրենսդրությամբ սահմանված չափով ներկայացման գերատեսչությանը լրացուցիչ տուրք վճարելու պայմանով: